Մաղադանոսի սննդարար և նիհարեցնող հատկանիշները
Մաղադանոսի արմատն ունի դեղնասպիտակավուն երանգ, այդ պատճառով այն երբեմն կոչում են «սպիտակ արմատ»: Այն ունի քաղցր համ և հաճելի հոտ, ինչն էլ եթերային յուղերի առկայության ապացույցն է:
Մաղադանոսն ունի հաճելի հոտ, քաղցր համ: Պարունակում է եթերային յուղեր, վիտամին A, վիտամիններ B1, B2, PP, K: 100գ մաղադանոսը պարունակում է 2 անգամ ավելի վիտամին C, քան օրական պահանջվող նորման է, սա նշանակում է՝ 4 անգամ ավելի, քան 100գ կիտրոնը: Մաղադանոսը նաև պարունակում է մեծ քանակությամբ կարոտին: Այն պարունակում է նաև սելենիում և կանխարգելում է մի քանի սրտանոթային հիվանդություններ: Մաղադանոսն օգտագործվում է երեխաների մարսողական և միզարձակման խանգարումների, փքվածության, արգանդային արյունահոսության, քրոնիկ գաստրիտի դեպքում և որպես տեսողությունը պահպանելու պրոֆիլակտիկ միջոց: Իր հակաբակտերիալ կարողության շնորհիվ՝ մաղադանոսը խորհուրդ է տրվում լնդերի, լեզվի, բերանի խոռոչի բորբոքումների դեպքում, ինչպես նաև բերանի տհաճ հոտի դեպքում:
Մաղադանոսի արմատը լավացնում է տղամարդկանց սեռական գեղձերի ֆունկցիան, օգտագործվում է շագանակագեղձի հիվանդությունների ժամանակ:
Մանր կտրատած մաղադանոսի արմատը կարող եք չորացնել: Կերակրատեսակներին ավելացնելու համար կարող եք ընտրել հում կամ խաշած արմատը:
Մաղադանոսի արմատը պարունակում է որոշ եթերային յուղեր, որոնք արագացնում են արգանդի կրճատման գործընթացը: Այդ իսկ պատճառով հղիները պետք է զերծ մնան մաղադանոս օգտագործելուց: Բացի եթերային յուղերից, մաղադանոսի արմատները պարունակում են սպիտակուց, շաքար, ամինաթթուներ, օրգանական թթուներ և այլ միացություններ: Արմատը պարունակում է նաև հանքանյութեր, վիտամինային խմբեր:
Մաղադանոսի արմատներին, տերևներին, սերմերին յուրահատուկ համ ու հոտ է տալիս բուրումնավետ եթերային յուղը, որն ամենաշատը սերմերի մեջ է։ Մաղադանոսը պարունակում է կալիում, մագնիում, երկաթ, ածխաջրեր, սպիտակուցներ, պեկտին, ֆիտոնցիդներ, ճարպայուղ, գլյուկոզիդներ։ Եթերային յուղերի և ֆիտոնցիդների շնորհիվ մանրէասպան ազդեցություն է թողնում։
Բույսը հարուստ է վիտամիններով, 100 գրամ հումքը պարունակում է բետտա-կարոտին (1,7 մգ), տոկոֆերոլներ E (1,8 մգ), ասկորբինաթթու C (150 մգ), պիրիդօքսին – B6 (0,4 մգ), նիացին-PP (0,7 մգ), B1, B2 և B5 (0,05-ական մգ), ֆոլիաթթու B9 (110 մկգ), բիոտին H (0,4 մկգ), ռուտին, K։
Մաղադանոսը լայնորեն օգտագործվում է մարսողությունը և ախորժակը լավացնելու համար։ Հնում մաղադանոսը հայտնի էր միզամուղ հատկությամբ (հատկապես սերմերի եփուկները և թուրմերը)։ Եփուկ պատրաստելու համար 1ճ/գ փոշիացրած սերմերը պետք է լցնել 200 մլ ջրի մեջ, 15 րոպե եռացնել, քամել, խմել օրը 4-6 անգամ՝ 1-ական ճ/գ չափով։ Այս լուծույթն օգնում է ջրգողության, սրտի հիվանդությունների հետ կապված այտուցվածության, երիկամների, միզապարկի քարերի դեպքում՝ որպես քրտնամուղ միջոց։ Թուրմը պատրաստելու համար սերմերի 1 թ/գ փոշին լցնում են 200 մլ ջրի մեջ, թրմում 8 ժամ։ Խմում են օրը չորս անգամ։
Մաղադանոսի տերևներից ու արմատներից պատրաստված թուրմն օգտագործում են նույն հիվանդությունների ժամանակ։ Այս դեպքում 200 մլ եռջրին ավելացրեք 20 գրամ մանրացրած հումք, թուրմն օգտագործեք ուտելուց 20-30 րոպե առաջ, օրը 3 անգամ, 60-70 մլ։ Թուրմը կարելի է փոխարինել մաղադանոսի թարմ հյութով` օրը 3 անգամ, երկուական ճ/գ։ Մաղադանոսի հյութը կամ թարմ տերևները դնում են միջատների կծածի վրա։
Հայտնի բժիշկ Իբն Սինան ասում էր, որ մաղադանոսը ցրում է քրտինքը, հանգստացնում ցավերը, ներծծում ուռուցքները, օգնում հազի դեպքում, շնչառության դժվարության դեպքում, նաև օգտակար է լյարդի ու լեղապարկի համար:
Ո՞ր դեպքում է ճիշտ օգտագործել մաղադանոսի արմատը
Աղիների աշխատանքի խանգարումների, գաստրիտի՝ բարձր թթվայնությամբ, սրտային հիվանդությունների, միզապարկի և երիկամների բորբոքումների, կանացի ցավերի դեպքում:
Մաղադանոսը նաև արդյունավետ է վերին շնչուղիների հիվանդությունների, հազի, լյարդի և նյութափոխանակության խնդիրների դեպքում: Վատ ախորժակի դեպքում մաղադանոսը խորհուրդ է տրվում օգտագործել թարմ վիճակով:
Մաղադանոսն օգտագործվում է նաև մաշկը սպիտակեցնելու, սև պիգմենտները վերացնելու համար:
Կարող եք օգտագործել մաղադանոսի ճյուղերն ու արմատը
4թ/գ թարմ կամ չորացրած արմատները 8-12 ժամ թրմեք ¼ բաժակ եռացրած ջրի մեջ, ապա քամեք, ավելացրեք 1թ/գ լորենու մեղր: Օրական 4 անգամ ուտելուց կես ժամ առաջ կերեք ստացված խառնուրդից 1ճ/գ չափով:
Մաղադանոսի արմատից կարող եք պատրաստել նաև թուրմ, որը կօգնի սրտային խանգարումների դեպքում
1ճ/գ արմատը 10 րոպե եռացրեք 1բաժակ ջրի մեջ և խմեք օրական 2 անգամ՝ ½ բաժակ: Այս միջոցը հակացուցված է միայն երիկամների նեֆրիտ (բորբոքումներ) ունեցող մարդկանց:
Մարսողական համակարգի և միզարձակման խանգարումների դեպքում օգնում է մաղադանոսի սերմերից պատրաստված թուրմը:
Ինչպե՞ս պատրաստել
1ճ/գ մանրացրած սերմերը թրմեք 500մլ եռացրած ջրում, թողեք թրմվի 3 ժամ, քամեք: Օրական 3 անգամ խմեք 1թ/գ:
Բարձր թթվայնությամբ գաստրիտի դեպքում լավ է օգնում մաղադանոսի արմատների կամ ճյուղերի թուրմը: 2ճ/գ մանրացրած մաղադանոսի վրա լցրեք 11/2 բաժակ եռացրած ջուր, թրմեք 5 ժամ՝ թերմոսի մեջ, քամեք և խմեք 1-2ճ/գ՝ օրական 4 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ:
Ինչպե՞ս արագ նիհարել մաղադանոսի շնորհիվ
Համացանցում այս բաղադրատոմսի մասին բազմաթիվ հակասական կարծիքներ կան: Ըստ որոշ աղբյուրների՝ 5 րոպեում պատրաստվող այս բաղադրատոմսի շնորհիվ կարող եք նիհարել 7 կգ:
Բաղադրամասերն են՝
200 գրամ մաղադանոս
1 կիտրոն
1 բաժակ ջուր
Կտրատեք մաղադանոսը կամ բլենդերով անցկացրեք, ճզմեք կիտրոնի հյութը, գոլ/տաք ջրի հետ ավելացրեք ստացված զանգվածին: Թողեք սառչի, ապա 5 օր անընդմեջ խմեք դատարկ ստամոքսին՝ առավոտյան: Խմելուց հետո 10 օր դադար տվեք։
Դիտեք նաև տեսանյութը
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը