Ինչու է առաջարկվում կիրառությունից հանել աշխատանքային գրքույկը
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ընդունումից հետո աշխատանքային գրքույկը դուրս կգա կիրառությունից:
Երեկ մեզ հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի ղեկավար Ժորա Սարգսյանը, խոսելով աշխատանքային գրքույկը կիրառությունից հանելու անհրաժեշտության մասին, ասաց, որ աշխատանքային գրքույկների պարտադիր կիրառումը և դրանց վարման հետ կապված գործառույթները գործատուներից պահանջում են և՛ ժամանակ, և՛ ծախս:
«Այսինքն՝ որպես այդպիսին, դա ներկայացնում է պրոցես, որի համար ժամանակ պետք է հատկացվի, գործընթաց պետք է կատարվի, լրացվի: Այսինքն՝ այն տեխնիկական պրոցես է, որը, բնականաբար, և՛ ժամանակ է պահանջում, և՛ ծախս: Բացի այդ, շատ դեպքերում աշխատանքային գրքույկում կարող են լրացումներ կատարվել, որոնք չհամապատասխանեն իրականությանը: Այսինքն՝ անձն իրականում չաշխատի, բայց աշխատանքային գրքույկում լրացումը լինի: Դրա հետ կապված հետագայում խնդիր է առաջանում, որպեսզի հասկանանք՝ արդյոք մարդն աշխատե՞լ է, այդ ստաժն իրականում ունի՞, թե՞ դա պարզապես լրացվել է և ներկայացվել»,- ասաց նա:
Բացի դա՝ ըստ Ժ. Սարգսյանի՝ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների արդյունքում ստեղծվել են համապատասխան տեղեկատվական բազաներ, որոնք պետական կենսաթոշակային ոլորտի լիազոր մարմնին թույլ են տալիս աշխատողի աշխատանքային ստաժի մասին տեղեկություններ ստանալ պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանից: «Կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների հետ կապված եղավ 2013թ. ապրիլի 18-ի 390-Ն որոշումը, որի 4-րդ և 6-րդ կետերը, որպես այդպիսին, ասում են, որ գործատուները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները մինչև 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կատարված սոցիալական վճարներին վերաբերող տվյալները պետք է ներկայացնեն մինչև 2013թ. հուլիսի 1-ը:
Սրանով պայմանավորված` պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանում ներառվում են տվյալներ, որոնցով կարելի է միանգամից հաշվարկել աշխատողների աշխատանքային ստաժը: Այսինքն՝ ամեն ինչ տարվեց նրան, որ միասնական բազա սկսեց աշխատեցվել, որի հիմքը, այսպես ասած, կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներն են:
Միասնականացված բազայից կարող է օգտվել նաև մեր սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՍԱՊԾ-ն: Այսինքն՝ գործատուները սոցիալական վճարների մասով այս ինֆորմացիան ուղարկելու են Ֆինանսների նախարարություն, մենք այդ բազա կարողանում ենք մուտք գործել, որտեղից տեսնում ենք: Բնական է՝ եթե սոցիալական վճար է կատարվել, ուրեմն նշանակում է՝ այդ հաստիքի վրա մարդն աշխատել է: Մենք կարողանում ենք մուտք գործել, տեսնել, որ այսինչի անուն-ազգանունով այսինչ գործատուն կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը կատարել է վճարումները, հետևաբար` ինքն այդ ընթացքում աշխատող է համարվել, հետևաբար` եթե ինքն աշխատող է համարվել, իր աշխատանքային ստաժում այդ ամեն ինչն արտացոլվում է:
Նույնը ևս մեկ անգամ փոխանցելն աշխատանքային գրքույկի մեջ, այսինքն՝ ցույց տալ թղթային տարբերակով, իր արդիականությունը կորցնում է: Այսինքն՝ բազան` որպես այդպիսին, գործում է»,- ասաց Ժորա Սարգսյանը:
Մեր հարցին, թե ինչպե՞ս կարող է անձն իր վերաբերյալ տեղեկություններ ստանալ և անհրաժեշտության դեպքում ներկայացնել գործատուներին, Ժորա Սարգսյանը պատասխանեց, որ այդ կարգավորումները կարվեն կառավարության համապատասխան որոշմամբ:
«Նրանք, ովքեր այս պահին աշխատում են, իրենց տվյալները կամա թե ակամա փոխանցվում են միասնական բազային: Միասնական բազայից էլ նրանք հետագայում կարող են քաղվածքի տեսքով վերցնել, և, եթե անհրաժեշտ է որևէ տեղ ներկայացնել, կներկայացնեն: Երբ փոփոխություններն ուժի մեջ մտնեն, այսինքն՝ գրքույկը դուրս գա շրջանառությունից, այդ պարագայում կլինի նաև որոշումը, թե ինչ ձևով պետք է տրվի այդ կարգավորումը՝ ում պետք է դիմեն, ինչ ժամանակահատվածով, ինչ կարգով, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, ինչ կարգով պետք է ստանան: Դրա հետ կապված` ապագայում կարգավորումներ կլինեն, բայց քանի որ դեռ նախագիծ է, բնականաբար, կարգավորումներն էլ չկան»,- ասաց Ժ. Սարգսյանը:
Մեր հարցին, թե փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո որքա՞ն ժամանակ անց է նախատեսվում աշխատանքային գրքույկները հանել կիրառությունից, Ժ. Սարգսյանը պատասխանեց, որ Ազգային ժողովի կողմից առաջարկներ են եղել, փոփոխություններ են մտցվել. «Նախատեսվում է այդ փոփոխություններն ուժի մեջ մտցնել 2017թ. հետո: Նախատեսվում է 2017թ. հետո մեկ տարի ժամանակահատված տալ գործատուներին, որպեսզի գործատուները լրացնեն աշխատանքային գրքույկները և հետ վերադարձնեն աշխատողներին. այսինքն՝ աշխատողը կվերցնի գրքույկը, կտանի, տանը կպահի, որովհետև այն դուրս է գալու կիրառությունից»: