Վաճառվեց երկրորդ փորձից
Երկրորդ փորձից ստացվեց: Հավանաբար, ստացվեց «Որոտանի հիդրոէլեկտրակայան համալիրի» գույքի առքուվաճառքի մասին փոփոխված ու լրացված պայմանագրի ստորագրումը: Այս մասին խոսվում էր 2013-ից: Մինչ այդ մենք հասցրել էինք Հայաստանի մնացած բոլոր էլեկտրաէներգետիկ ձեռնարկությունները կա՛մ կառավարման տալ, կա՛մ սեփականաշնորհել ռուսաստանյան ընկերությունների:
Որոտանի համալիրը ՀՀ վերջին խոշոր սեփականությունն էր, և, երբ 2013թ. նոյեմբերի 21-ին կառավարությունը որոշում ընդունեց այն սեփականաշնորհել ամերիկյան ընկերության, տարօրինակ էր: Տարօրինակ, բայց հուսադրող: Վերջապես մեր էներգետիկ համակարգում դիվերսիֆիկացիայի նման մի բան կատարվեց: Որոտանի հէկ-երի համալիրը ամենաթարմն է մեր էլեկտրաէներգիայի համակարգում:
Երեք` Տաթևի, Շամբի և Սպանդարյան հէկ-երի շինարարությունը սկսվել է 1970թ.: Տաթևն ամենաբարձր ջրաճնշումային հէկ-ն էր ԽՍՀՄ-ում: Շահագործման է հանձնվել 1970թ.: Շամբինը գործարկվում է 1978-ից: Իսկ Սպանդարյան հէկ-ն ամենաթարմն է` գործում է 1989-ից: Պարզ է, որ այս համալիրն էլ ամենաարդյունավետն էր, որովհետև կառուցված է ավելի նոր տեխնոլոգիաներով, քան Հրազդանի կասկադը: Այս համակարգի տարեկան նախագծային արտադրանքը 1,16 մլրդ կՎտժամ է: Որոտանի համալիրում արտադրված էլեկտրաէներգիան ամենաէժանն է Հայաստանում` հաստատված գործող սակագինը 5,474 դրամ է մեկ կՎտժամի դիմաց: Այս համալիրում է արտադրվում մեր էլեկտրաէներգիայի 15 տոկոսը:
Հետևաբար` այն ոչ ռուսաստանյան ընկերության սեփականաշնորհելը փորձագետները դրական գնահատեցին: Հիդրոէլեկտրակայանի գույքի դիմաց ամերիկյան ընկերությունը վճարում էր 180 մլն դոլար և խոստանում ևս 70 մլն դոլար ներդնել համակարգն արդիականացնելու համար առաջիկա վեց տարում: Մեր պաշտոնական տեղեկատվության համաձայն` ամերիկյան ընկերությունը մասնագիտացած է հէկ-երի ոլորտում և 33 կայան ունի 17 երկրներում: Թվում էր, թե այս գործարքից բոլորն են գոհ մնալու: Սեփականաշնորհման պայմանագրի ստորագրման առաջին փորձը տեղի ունեցավ 2014թ. հունվարին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ամերիկյան ընկերության կողմից պայմանագիրը ստորագրեց փոխնախագահը: Միջոցառմանը ներկա էր նաև ԱՄՆ դեսպանը: Ստորագրումից ու պաշտոնական բաժակաճառերից հետո հանկարծ հայտարարվեց, որ պայմանագիրը կնքված է ՀՀ օրենսդրության խախտումներով: Այդ պայմանագրի մասին իր գնահատականը տվեց նաև ՀՀ 2-րդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանը: «Գործարքի անօրինականությունն այնքան ակնհայտ է, որ դրան առնչված անձինք դժվար թե խուսափեն պատասխանատվությունից, դա զուտ ժամանակի հարց է»: Նա չմանրամասնեց, բայց խոսքը հավանաբար համալիրի գույքի մասնավորեցման մասին էր: «Որոտանի հիդրոէլեկտրակայան համալիրի» կազմում, բացի երեք հէկ-երից, ներառված էին չորս` Սպանդարյան (գլխամասային), Անգեղակոթի, Տոլորոսի և Շամբի ջրամբարները: Իսկ ջրային տնտեսությունը Հայաստանում վաղուց է կարգավորված:
2002թ. մեր խորհրդարանը նույնիսկ «ՀՀ ջրային օրենսգիրք» է ընդունել: Այդ օրենսգրքի չորրորդ հոդվածը պնդում է. «ՀՀ տարածքում առկա ջրային ռեսուրսները պետական սեփականություն են և տնօրինվում, տիրապետվում և օգտագործվում են օրենսդրությամբ սահմանված կարգով»: Օրենքը պնդում ու շարունակում է. «Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և մասնավորեցման ենթակա չեն»: Թե ինչպես կարող էին ՀՀ կառավարության և Էներգետիկայի նախարարության իրավաբանները նման «բացթողում» թույլ տալ, մինչ այսօր էլ պարզ չէ:
Կնքված պայմանագիրն ուժի մեջ չմտավ: Հավանաբար, ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց: Փոխարենը` հայտնվեցին քաղաքական վերլուծություններ, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի ճնշման տակ ստիպված էին հրաժարվել ամերիկյան ընկերության հետ կնքած պայմանագրից: Բայց ահա հունիսի 8-ին Հայաստանի կառավարությունը «Որոտանի հիդրոէլեկտրակայան համալիրի» գույքի առքուվաճառքի մասին փոփոխված ու լրացված պայմանագիր ստորագրեց: Լիովին չբացատրվեց, թե ինչ ասել է` «Փոփոխված ու լրացված պայմանագիր»: Փոխարենը` կարելի է արձանագրել հետևյալը. այս անգամ պայմանագիրը ստորագրելու համար Հայաստան էր ժամանել ամերիկյան ընկերության նախագահը (նախկինը` 2014-ի հունվարին փոխնախագահն էր ստորագրել), բայց միջոցառմանը ԱՄՆ դեսպանը չէր մասնակցում: Կառավարության անդամները բացատրեցին, որ չորս ջրամբարները հանվել են մասնավորեցվող հիդրոհամալիրի գույքի ցանկից:
Իրավաբանները հավանաբար որոշակի ձևակերպումներ են գտել այս պայմանագիրը ՀՀ օրենսդրության հետ «հաշտեցնելու» համար: Հայտարարվեց, որ համալիրի գինը մնացել է նույնը` «Քոնթուր գլոբալը» կվճարի 180 մլն դոլար: 70 մլն դոլար ներդրման պարտավորվածությունն էլ է մնացել: Բայց, եթե նախկինում ասվում էր, որ ամերիկյան սեփականատերն այդ գումարը ներդնելու է վեց տարվա ընթացքում, հիմա ասվում է հինգ տարվա մասին: 2014-ին կնքված ու ուժի մեջ չմտած պայմանագրի մասին ասվում էր, որ ամերիկյան կողմը պայմանագրային պարտավորվածություն է ստանձնում, որ 25 տարի «Կապահովի Որոտանի համալիրի անխափան ու շարունակական շահագործում»: Հիմա այդ մասին հիշատակում չարվեց:
Հուսանք, որ այդ պարտավորությունը մնացել է նոր պայմանագրում: Նոր պայմանագրի մասին նշվում է նաև, որ ներդրումային պարտավորություններին զուգահեռ` ամերիկյան կողմը խոստանում է ավելացնել համալիրի նախագծային հզորությունը: Այսինքն` խոստանում է ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել: Իսկ դա, թերևս, ամենակարևորն է: Նախ` այս համալիրի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժանն է:
Եվ երկրորդ` Էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ սեփականաշնորհումից հետո Որոտանի հէկ-երից գնվող հոսանքի սակագնի բարձրացման մասին պայմանավորվածություններ չկան: Եթե հավատում եք մեր պաշտոնյաների խոսքերին, ուրեմն այս անգամ ամեն ինչ լավ է: Սակագների մոտալուտ թանկացման ֆոնին նոր թանկացումների հեռանկարը սահմռկեցուցիչ կլիներ: Մեղմ ասած: