Բաժիններ՝

«Այս փառատոնը ստիպում է մի լավ ուրախանալ». զբոսաշրջիկները «Ոչխարների խուզում» փառատոնի մասին

Զբոսաշրջությունը դեպի Տաթև խթանելու համար անցկացվող «Ոչխարների խուզում» փառատոնը ծառայեց իր նպատակին: Այսօր «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքը լի էր տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներով: Բոլորին էլ դուր էր եկել փառատոնը և հիմնականում նրանք գոհ էին ամեն ինչից:

168.am-ի հետ զրույցում Կալիֆոռնիայից վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով Հայաստան ժամանած Ռոբերտ Դավիդյանն, ասաց, որ իրեն շատ է դուր եկել փառատոնը. «Տաթևը ինձ համար աշխարհի ամենագեղեցիկ վայրն է, իսկ այս փառատոնը ստիպում է մի լավ ուրախանալ: Ես վայելում եմ այս օրը և մեծ հաճույքով համտեսում եմ հայկական խորոված»:

Նա նաև նշեց, որ վավերագրական ֆիլմը լինելու է Հայաստանում առկա մի արատավոր երևույթի՝ կոռուպցիայի մասին և հույս հայտնեց, որ ֆիլմը գոնե մի քիչ կփոխի իրավիճակն ու կառաջարկի լուծումներ»:

Ռուսաստանից ժամանած Վլադիմիրն էլ էր գոհ, միայն ասաց, որ հայկական երաժշտությունը գերակշռում է, ինչը մի փոքր անհասկանալի է օտարերկրացիներին: Սակայն Վլադիմիրը երևի նոր էր միացել փառատոնին, որովհետև կազմակերպիչները հաշվի էին առել ամեն մանրուք և հնչում էր ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան երաժշտություն:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշեց, որ շատ զբոսաշրջային ընկերություններ ոչխարների խուզման փառատոնն արդեն ներառում են իրենց առաջարկներում և ժամանակացույցերում:

Մեր հարցին, թե զբոսաշրջության ներկայիս պահանջները հաշվի առնելով՝ Տաթևում հյուրատների քանակը մեծացնելու ծրագրեր չկա՞ն, Հ. Թութունջյանը պատասխանեց.

««Տաթևի վերածնունդ» ծրագիրն ունի 3 բաղկացուցիչ մաս. Տաթևի վանական համալիրի վերանորոգում, «Տաթևի դարպասներ»՝ ճոպանուղու շուրջ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում և համայնքային զարգացման բաղկացուցիչի շրջանակներում հենց հյուրատների ցանցի զարգացումն ու այնտեղի ծառայությունների բարելավումն են: Ամեն ինչ անում ենք, որպեսզի ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ ընտրեն հենց հյուրատները, որոնք ի տարբերություն հյուրանոցների՝ աջակցության կարիք ունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս