Բաժիններ՝

Ինքնասպան եղած գործարարին պատկանող «Վենեցիա» ռեստորանային համալիրը բանկին պարտք է 9.1 միլիոն դոլար. «Փաստինֆո»

«Վենեցիա» ռեստորանային համալիրի սեփականատեր «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Ընկերության պարտքը միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին կազմել է 9 145 411 ԱՄՆ դոլար: «Վենեցիա»-ն, ի դեպ, գործարար Աբրամ Ամիրխանյանին պատկանող մի քանի ընկերություններից միայն մեկն է, որն էլ իր հերթին բացի «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից պարտքե ունի նաև այլ ընկերությունների ու անհատ ձեռներեցների: Ռեստորանն ամիսներ շարունակ չի վճարել անգամ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, որի պարտքը կազմել է շուրջ կես միլիոն դրամի: Այս մասին գրում է «Փաստինֆոն»՝ հիշեցնելով, որ փետրվարի 19-ին 61-ամյա գործարար Աբրամ Ամիրխանյանն ինքնասպանություն էր գործել՝ նախնական վարկածով՝ ֆինանսական խնդիրների պատճառով:

2014թ. դեկտեմբերին «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը դիմել էր դատարան՝ «Վենեցիա Պլազա ԳՍ»-ը սնանկ ճանաչելու հայցով:

Բանկի ներկայացրած տեղեկանքի համաձայն` 2013թ-ի օգոստոսին մի քանի օրվա տարբերությամբ «Վենեցիա Պլազա ԳՍ»-ը բանկից 1.5  և 6.5 մլն. ԱՄՆ դոլարի վարկ է ստացել՝ տարեկան12.5% տոկոսադրույքով: Փոխարենը գործարար Աբրամ Ամիրխանյանը գրավադրել է «Վենեցիա» ռեստորանը:

Հետագայում գործարարը չի կարողացել պայմանագրով նախատեսված ժամկետներում կատարել վճարումներըու պահանջները, և պարտքն էլ ավելի է մեծացել տույժ-տուգանքների պատճառով:

Չնայած դրան, գործարարը դատարանում առարկել է բանկի ներկայացրած սնանկության պահանջի դեմ՝ դատարանից մի քանի անգամ խնդրելով հետաձգել դատը սնանկության հիմքերի բացակայությունը վկայող փաստարկներ ներկայացնելու համար:

2015թ. հունվարի 19-ին Աբրամ Ամիրխանյանը դատարանին միջնորդել է գործի քննությունը հետաձգել ևս մեկ ամսով՝ հայտնելով, որ ընկերությունը բաժնեմասերի վաճառքի բանակցություններ է վարում, որոնց ավարտին հնարավոր է բանկի հետ առկա վեճը հաշտությամբ լուծել:

Բայց մարտի 24-ին կայացած դատական հաջորդ նիստին դատարան ներկայացած «Վենեցիա Պլազա ԳՍ» կոմերցիոն տնօրեն Գրիգոր Նալբանդյանը հայտնել է, որ թեև ընկերության տնօրեն Աբրամ Ամիրխանյանը փորձում էր գտնել նոր ինվեստորներ կամ վաճառեր կազմակերպությունը, ինչը հնարավորություն կտար բանկի հետ պարտավորությունները կատարել, բայց բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվել, իսկ Ամիրխանյանը ինքնասպան է եղել:

Այսպես, արդեն գործարարի մահվանից շուրջ 1 ամիս անց՝ մարտի 27-ին դատարանը բավարարել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի պահանջը և «Վենեցիա Պլազա ԳՍ՚ ՍՊԸ-ը ճանաչել սնանկ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հ.Գ.- Հոդվածում հիշատակվող «Վենեցիա Պլազա ԳՍ»ՍՊԸ-ին պատկանող «Վենեցիա» ռեստորանային համալիրը գրանցված է ք.Երևան, Աճառյան 40/31 հասցեում և առնչություն չունի Մյասնիկյան պողոտայում գտնվող նույնանուն ռեստորանի հետ: Նման թյուրիմացություն էր ծագել մեր նախորդ հրապարակման մեջ ներկայացված լուսանկարի հետևանքով, ինչի համար հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս