Հայաստանը ՌԴ-ից կախվածությունը վերացնելու համար պետք է կողմնորոշվի դեպի Եվրոպա և Իրան

Մեր զրուցակիցն է ռուս հեղինակավոր տնտեսագետ, Փարիզի Քաղաքական գիտությունների դպրոցի պրոֆեսոր Սերգեյ Գուրիևը

– Պարոն Գուրիև, Ռուսաստանում շարունակվում է տնտեսական ճգնաժամը, իշխանությունների ներկայացուցիչները հույս ունեն, որ իրավիճակը հեշտությամբ կհաղթահարվի նավթի գների շնորհիվ, թեև այդ շուկան այսօր էլ, ինչպես նախորդ տարի, անկայուն է։ Հիմքեր ունե՞ն արդյոք ՌԴ իշխանությունների այս հույսերը։

– Պետք է հստակեցնել, թե ինչն ենք մենք համարում ճգնաժամ և ինչը` ոչ։ Եթե նավթի գները փոփոխությունների չենթարկվեն, և չլինի հետագա լարվածություն Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակում, հետևաբար` նաև պատժամիջոցների ռեժիմի հարցում, ապա ռուսական տնտեսությունը ռեցեսիայի փուլում է լինելու ողջ 2015 թվականի ընթացքում։ Հնարավոր է, որ տնտեսական աճ, ավելի ճիշտ` իրավիճակի կարգավորում տեղի չունենա նույնիսկ հաջորդ տարի։ Ներկայիս պաշտոնական կանխատեսումն այսպիսին է` 2016թ. ՌԴ տնտեսությունը կսկսի աճ արձանագրել` ամեն տարի շուրջ կես տոկոսով, բայց ես կարծում եմ, որ կարելի է նույնիսկ բացասական միտումներ ակնկալել 2016 թվականին։ 2014թ. դեկտեմբեր ամսի իրադարձությունները, երբ երկու օրվա ընթացքում ռուբլու փոխարժեքն ընկավ 30%-ով, հնարավոր էր կանխել։ Եթե իշխանությունները սխալներ թույլ չտան, ապա նման իրադարձություններից հնարավոր է խուսափել, այլ հարց է, որ մենք տեսնում ենք` այս տարի պակասել են մեր եկամուտները։

Եթե դիտարկենք իրական եկամուտները, հաշվի առնելով արժեզրկումը, ապա խոսքը եկամուտների մոտավորապես 10%-ով կրճատման մասին է, և այս իմաստով սա երևի թե ճգնաժամ չէ, սա իրական անկում է, որի հետևանքով ռուսաստանաբնակները ստիպված կվճարեն ՌԴ իշխանությունների արտաքին քաղաքական նախաձեռնությունների համար։ Առաջիկա ժամանակաշրջանը դրական կանխատեսումներ անելու հույսեր չի առաջացնում։ Եթե նավթի գները վերադառնան նախկին մակարդակին, ապա գուցե Ռուսաստանը հաջողի իր սոցիալական պարտավորությունների կատարման հարցում, այնուամենայնիվ բյուջետային գումարները վերջանում են, և դա լուրջ խնդիր է Ռուսաստանի համար, և այս իրավիճակում փրկօղակ կարող են լինել նավթի կտրուկ բարձրացող գները, սակայն, հասկանալի է, որ դրանք ևս վերահսկվում են Ռուսաստանին ճնշված իրավիճակում պահելու համար։

– Այս իրավիճակը չի շրջանցել նաև Եվրասիական տնտեսական միությանը։ Նախորդ ամիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անդրեյ Սլեպնյովը Երևանում բացահայտեց, որ միության բոլոր ցուցանիշերն անկում են ապրում, բոլոր ուղղություններով հորիզոնական անկում է գրանցվում, և սա` մի կառույցում, որի անդամ երկրները պատրաստ չեն լուրջ միջոցներ ներդնել միության ապագան փրկելու համար։ Հնարավոր կլինի՞ փրկել տնտեսական միությունը, եթե ՌԴ-ն այսօր ռեսուրսներ չունի այդ միության զարգացման համար։

– Բնական է, որ ցուցանիշերի անկում է նկատվում, հաշվի առնելով այն, որ Եվրասիական տնտեսական միության հզորագույն տնտեսություններն էական անկում են ապրում։ Առաջիկա տարիներին իրավիճակը նույնությամբ կպահպանվի։ Այսինքն` հնարավոր չէ պատկերացնել, որ Ռուսաստանում ՀՆԱ-ն անկում ապրի, իսկ ՌԴ-ի հետ տնտեսապես կապված երկրները զարգանան, քանի որ այս բոլոր տնտեսություններն իրարից կախված են, ուստի ՌԴ-ում անկումը բացասական լուր է իր բոլոր գործընկերների համար։ Իմ կարծիքով` այս վիճակը դեռ շարունակվելու է, քանի որ ՌԴ տնտեսական իրավիճակի կարգավորման նախանշաններ չկան, ՌԴ իշխանությունները համապատասխան քայլերն այդ ուղղությամբ չեն ձեռնարկում, ավելին, սխալները շարունակական բնույթ են կրում։

– Այսինքն` ԵՏՄ-ում իրավիճակը կկարգավորվի, երբ ՌԴ-ն հաղթահարի իր տնտեսական անկումն ու խնդիրնե՞րը։ Որոշ փորձագետներ պնդում են, որ այդ միությունը նույնիսկ տնտեսական լավ պայմաններում արհեստական նշանակություն է ունենալու, քանի որ բավարարում է Մոսկվայի իմպերիալիստական ձգտումները և քաղաքական պրոյեկտ է։ Հայաստանի դեպքում հատկապես այդ անդամակցությունը, ըստ փորձագետների, անիմաստ է, քանի որ ՀՀ-ն չունի ընդհանուր սահման ԵՏՄ երկրների հետ։

– Ես համոզված եմ, որ ՀՀ տնտեսության համար ԵՏՄ անդամակցությունը ձեռնտու է` հաշվի առնելով հայ-ռուսական քաղաքական և առևտրատնտեսական սերտ կապերը։ ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցությունը նշանակում է, որ հայ-ռուսական առևտրային խոչընդոտները վերանում են, ինչը, բնականաբար, դրական հանգամանք է, ռուսական շուկայի հասանելիությունը ձեռնտու է ԵՏՄ բոլոր երկրների համար, քանի որ ռուսական շուկան մեծ է։ Ի դեպ, պետք է ասել, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը ևս ՀՀ տնտեսության շահերից է բխում։ Այնպիսի երկրների շատ օրինակներ կան, որոնք միանում են մի քանի տնտեսական ազատ առևտրի գոտիների, և դրանցից որևէ մեկը մյուսին չի հակասում։ Բայց, անկասկած, ԵՏՄ անդամակցությունը մեծապես օգուտ է ՀՀ տնտեսության համար, թեև չկա ընդհանուր սահման։

– ՀՀ նախագահն առաջարկում է, որպեսզի Հայաստանը ԵՏՄ-ում դառնա կամուրջ Իրանի և այլ երկրների միջև։ Այս պայմաններում նման ծրագրերն իրատեսակա՞ն են։ Արժե՞ հույսեր կապել նման հեռանկարների հետ։

– Ես չէի ցանկանա այդ հարցը մեկնաբանել, քանի որ տեղյակ չեմ այդ առաջարկին և չեմ կարող ասել` ինչ կոնտեքստում է խոսվել այդ մասին։

– Ռուսաստանում տիրող տնտեսական իրավիճակը, բնականաբար, անդրադարձավ նաև Հայաստանի վրա, քանի որ Հայաստանի տնտեսությունը կախված է ռուսականից, թեև այսօր կարծես ՌԴ-ն պաշտոնապես չի խոչընդոտում Հայաստանին` առևտրային կապեր հաստատել այլ կենտրոնների հետ։ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, սահմանափակված լինելով Ռուսաստանի կողմից, ինչպե՞ս կարող է դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը։

– Հայաստանն իր տնտեսական խնդիրները և Ռուսաստանից տնտեսական կախվածությունը վերացնելու համար պետք է նաև վերակողմնորոշվի դեպի Եվրոպա։ Ձեր հարցն ունի մեկ պարզ պատասխան` Հայաստանը պետք է ավելի ակտիվ զարգացնի իր առևտրային և ներդրումային հարաբերությունները ոչ միայն Եվրոպական միության երկրների, այլև այլ երկրների հետ, այդ թվում` Իրանի։ Այսպես թե այնպես, Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանվելու են, և այս ուղղությունը Հայաստանի կողմից կարող է օգտագործվել օպտիմալ և շատ ձեռնտու կերպով։

Պետք է առևտրային հարաբերություններ ունենալ ոչ միայն Ռուսաստանի, այլև` մյուս բոլոր գործընկերների հետ հավասարապես։ Հայաստանի տնտեսական լուրջ կախվածությունը Ռուսաստանից պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանում շատ են հայաստանցի աշխատանքային միգրանտները, որոնց փոխանցած գումարները ևս պակասել են կամ զրոյացել։ Եվրոպայի հետ ինտեգրացիան նաև այս ոլորտում օգտակար կլինի Հայաստանի համար, քանի որ միգրանտները կախված չեն լինի միայն ռուսական տնտեսությունից։ Այսինքն` Հայաստանը պետք է վերակողմնորոշվի դեպի Եվրոպա, և այդ հարցում Մոլդավայի փորձը Հայաստանի համար օգտակար կարող է լինել։

Տեսանյութեր

Լրահոս