«Այսօր կինոգործիչներն իրենց երևակայում են՝ որպես բժիշկներ, սակայն մոլորված բժիշկներ». Իշտվան Սաբո

Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակների արժանացած հունգարացի ռեժիսոր Իշտվան Սաբոն (István Szabó) համաշխարհային ճանաչման է արժանացել ոչ միայն տպավորիչ քանակի ու արտասովոր գեղեցկության ֆիլմեր ստեղծելու, այլև ասելիքի պատմական և արդիական կարևորության շնորհիվ, որոնք ամփոփված են նրա ֆիլմերի քաղաքական և սոցիալական թեմաներում: 26 տարեկանում նրա նկարահանած առաջին լիամետրաժ ֆիլմը` «Անրջանքի ժամանակը», Լոկառնոյի միջազգային կինոփառատոնում արժանանալով «Արծաթե առագաստ» մրցանակի, այնուհետև Հունգարիայի կինոփառատոնում՝ որպես լավագույն ռեժիսոր, ժյուրիի հատուկ մրցանակի, դարձրեց նրան 60-ականների հունգարական կինոյի նոր սերնդի առաջատար դեմքը: Արդեն 40 տարի Սաբոն շարունակում է մնալ հայրենի կինոարտադրության հիմնասյուներից մեկը: Արժանանալով եվրոպական կինոակադեմիայի եռակի և Կանադական կինոակադեմիայի «Ջինի» մրցանակի (ներկայացվելով 14 անվանակարգերում), առաջադրվելով երեք «Ոսկե գլոբուսի» (լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր անվանակարգերով), Բեռլինի, Կաննի ու Վենետիկի կինոփառատոների բազմակի մրցանակակիր ռեժիսորը 1981թ. «Մեֆիստո» ֆիլմով արժանանում է նաև «Օսկար» մրցանակի։

«168 Ժամի» բացառիկ հարցազրույցում աշխարհահռչակ կինոռեժիսորը ներկայացնում է ժամանակակից կինոարվեստի խնդիրները, հեռուստատեսության ու ինտերնետի ազդեցությունը ժամանակակից կինոարդյունաբերության զարգացման վրա, նոր որակի հանդիսատես ձևավորելու խնդիրն ու ստեղծագործող-իշխանություն փոխհարաբերությունը:

Sabo (6)

–  Պարոն Սաբո, Դուք հազվադեպ եք զրուցում լրագրողների հետ, սակայն ակնհայտ է, որ այնքա՜ն ասելիք պիտի ունենա համաշխարհային ճանաչում վայելող մեծաքանակ ֆիլմերի հեղինակն ու ռեժիսորը: Ո՞րն է պատճառը:

Կարդացեք նաև

–  Անկեղծ ասած, այն մարդկանցից չեմ, ով առհասարակ սիրում է շատ խոսել: Բացի այդ, նրանք, ովքեր երկար ամուսնական կյանքի փորձ ունեն, գիտեն, որ մարդիկ անընդհատ ու միշտ նույն պատմություններն են պատմում: Հիմա, որ կինս ներկա է այս հանդիպմանը, ստիպված է նորից լսել այն, ինչ ես պիտի պատմեմ ձեզ, բայց, եթե այս անգամն էլ դիմացավ, խոստանում եմ, որ էլ չեմ կրկնվի (ժպտում է.- Ն.Մ.):

–  Ի՞նչ ազդեցություններով են ձևավորվել կինոաշխարհի Ձեր պատկերացումները:

–  Ես կինոյի աշխարհ եմ մտել 50-ականների վերջին՝ 60-ականների սկզբին: Դրանք ընդհանրապես կինոարտադրության համար հրաշալի ժամանակներ էին: Կային ռեժիսորներ, ովքեր «գագաթներ» էին Հիմալայների կամ ձեր Արարատի պես՝ Բերգման, Ֆելինի, Անտոնիոնի, Բունյուել,Կուրոսավա և այլք: Նրանց ստեղծած ֆիլմերը, որակի տեսանկյունից, ոչնչով չէին զիջում մեծ վեպերին կամ երաժշտական ստեղծագործություններին: Ֆանտաստիկ ֆիլմեր էին: Կար նաև իսկական հանդիսատես՝ մեծաթիվ մարդիկ, ովքեր ժամերով պատրաստ էին հերթ կանգնել որևէ ֆիլմ նայելու համար: Մենք փորձում էինք այդ բոլորից դաս քաղել: Սկզբում ես տարված էի իտալական կինոյով՝ Լուկինոյի, Վիսկոնտիի, Վիտորիո դե Սիկայի, հետո ֆրանսիական «Նոր ալիքը» գրավեց ինձ՝ Տրյուֆո, Գոդար:

Նրանց տեսախցիկի ազատ շարժը, տեսախցիկի օգնությամբ գրելու, նկարագրելու պրոցեսը հիացնում էր ինձ: Աստիճանաբար սկսեցի տարվել Ֆելինիի պոետիկ կինոյով, հասա Բերգմանի պարզությանն ու հստակությանը: Դրանք կարծես «խմելու» համար նախատեսված՝ ջինջ, պարզ, հստակ ու առողջ պատմություններ լինեն: Հենց այս ազդեցություններն էին, որ վճռորոշ դեր խաղացին իմ կինոկարիերայի ձևավորման պարագայում:

–  Բայց ժամանակի հետ կինոյի լեզվով խոսելու ուժը հեռուստատեսությանն անցավ: Դա անխուսափելի՞ զարգացում էր, թե՞, այնուամենայնիվ, արհեստական ազդակների միջամտություն կար:

Sabo (4)

–  Ես այսպես կասեմ՝ եղավ այն, ինչ եղավ: Արդյունքում՝ ռեժիսորները ստիպված էին այնպիսի ֆիլմեր նկարել, որոնց հերոսն անպայման էկրանի մեջտեղում կլինի, որովհետև հեռուստատեսությունը շրջանակը «կտրելու» սովորություն ունի: Ամեն դեպքում, հեռուստատեսությունն իր պայմաններն է թելադրում կինոյին, որոնց հետ պետք է հաշվի նստել, եթե արդեն անցել ես կինոյի այդ լեզվին:

–  Իսկ ի՞նչ ստացվեց այս ամենի արդյունքում:

–  Արդյունքում պատկերի, լույսի ու նույնիսկ դրամատուրգիայի որակն է ստիպված փոխվել: Հեռուստացույցով ֆիլմ նայողն անպայման ինչ-որ պահերի հեռանում է էկրանից, ասենք՝ սառնարանից մի շիշ գարեջուր վերցնելու համար: Հետո վերադառնում է ու սկսում հարցեր տալ, թե ի՞նչ եղավ իր բացակայության ընթացքում: Այսինքն՝ փաստորեն, դրամատուրգիան էլ խախտվեց: Սա արդեն իր հերթին՝ դաստիարակում է հանդիսատեսի նոր որակ, որին դուք հաստատ հանդիպած կլինեք կինոդահլիճներում: Նրանք չունեն կինոդահլիճում լուռ ֆիլմ դիտելու կուլտուրան՝ կողքինի հետ անընդհատ քննարկում են ֆիլմը, չաչանակություն են անում: Հիմա էլ համացանցն է ներխուժել ներս: Կինոն և առհասարակ արվեստը տեխնիկապես հասանելի են դարձել բոլորին և ամենուր:

Sabo (3)

Չգիտեմ՝ սրա օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը: Հիմա յուրաքանչյուր ոք կարող է հեռախոսի մեջ ներբեռնել Միքելանջելոյի մեծածավալ քանդակը կամ Տիցիանի հիանալի կտավները, վերածել դրոշմանիշի չափսերի ու նայել հենց հեռախոսի էկրանի վրա: Այստեղ արդեն կորում է ոչ միայն պատկերի ողջ իմաստն ու հզորությունը, այլև առհասարակ արվեստի ճիշտ ընկալման կուլտուրան: Եվ ահա ամենատխուր իրականությունը՝ մարդիկ պճնված գալիս են կինոդահլիճ՝ իրենց ցույց տալու, ոչ թե ֆիլմ նայելու համար: Ընթացքում հեռախոսով մտնում են համացանց, ու ամբողջ դահլիճով մեկ ինտերնետի վառվող ճրագներն են: Սա ոչ միայն ամոթ է ու խայտառակություն, այլև ամբարտավան վերաբերմունք է ֆիլմը ստեղծողի հանդեպ: Եթե ինձ հարցնեք, թե ինչ եմ ես զգում ֆիլմ նայելիս, կասեմ՝ երբեմն ես ինձ զգում եմ եկեղեցում, որտեղ քահանան փորձում է ինչ-որ կարևոր բան բացատրել, օրինակ, Աստվածաշունչը՝ ժամանակակից խնդիրների համատեքստում, իսկ մարդիկ նույն այդ եկեղեցում երեկվա ֆուտբոլի արդյունքներն են քննարկում: Իրավիճակը շատ նման է, որի դեմ պետք է պայքարել:

–  Ասում են՝ 21-րդ դարի արվեստը բիզնեսի անբաժանելի մասն է ու, եթե արվեստի որևէ գործ բիզնեսի սպառման տեսանկյունից արժեք չունի, ապա դա անիմաստ գոյություն է: Ի՞նչ եք մտածում այս մասին:

–  Վերջերս ներկա էի մի հանդիպման, որտեղ ձեր ազգակից ու իմ լավ բարեկամ Ատոմ Էգոյանը քննարկում էր մերօրյա կինոյի խնդիրները: Քննարկման հիմնական թեման կինոշուկաներում ժամանակակից ֆիլմերի մրցունակ լինելու խնդիրն էր՝ ֆիլմդ նկարիր այնպես, որ կինոշուկաներում մրցունակ լինի, վաճառվի: Էգոյանը հանդես եկավ ի պաշտպանություն այն ֆիլմերի, որոնք հստակ արտահայտված ասելիք ունեն, հետաքրքրություն են առաջացնում ասելիքի նկատմամբ ու պահպանում այդ հետաքրքրությունը՝ մարդկանց դրդում մտածել ու զգալ: Մինչդեռ, եթե ուզում ես վաճառես ապրանքդ, բոլորովին պետք չէ, որ մարդիկ մտածեն այդ մասին: Բավական է միայն, որ գնեն ֆիլմը, ու այդքանով այդ ֆիլմի ճակատագիրը որոշված է: Բայց չէ՞ որ կան ֆիլմեր, որոնք ստեղծվում են կարևոր նպատակների համար՝ փորձառության, զգացմունքների:

Sabo (1)

Մի բան էլ ասեմ՝ ֆիլմը մեկուկես, երկու ժամ ձգվող ասելիք է, և եթե ես ձեզ հրավիրում եմ իմ ֆիլմերը դիտելու, ապա ես ձեր կյանքից խլում եմ ճիշտ այդքան ժամանակ, եթե հարյուր մարդ դիտում է երկու ժամ տևողությամբ ֆիլմը, ուրեմն մարդկությունից այդքան ժամանակ եմ խլում, պատկերացնո՞ւմ եք: Մեծ ու ծանր պատասխանատվություն է դա: Մնացածը զվարճացնելու ինդուստրիայի մաս է: Ամենասկզբում կար կինոարվեստ հասկացությունը, հետո դարձավ կինոինդուստրիա՝ կինոարտադրություն, հիմա դարձել է զվարճանքի ինդուստրիա: Ընդ որում, առհասարակ լավ ֆիլմերը շատ փոքր տեղ են գրավում այդ հսկա ինդուստրիայի հորձանուտում, իսկ ինտելեկտուալ ֆիլմերը մատնվել են միակողմանի ընթացքով փողոցում հայտնված մեքենայի ճակատագրին, հասկանո՞ւմ եք:

–  Դուք խոսում եք խնդիրներ վերհանող, մտածելու տեղիք տվող ֆիլմերի անհրաժեշտության մասին, սակայն ո՞ւմ է վերապահված դրանց պատասխանները գտնելու գործը: Արդյո՞ք դա ևս արվեստի ֆունկցիան չէ:

–  Ճիշտ նկատեցիք: Տխուր իրողություն է: Ինձ թվում է՝ այսօր կինոգործիչներն իրենց երևակայում են՝ որպես բժիշկներ, սակայն մոլորված բժիշկներ, ովքեր չգիտեն բուժման ձևերը: Ասում են ՝ դե´, թոքախտ ունես, հասկանալի է, բայց ի՞նչ անեմ՝ գնա´ տուն: Ախտորոշում են ու ուղարկում տուն: Եվ դուք ճիշտ եք, երբ ակնարկում եք, որ դա բավարար չէ: Օրինակ, ես երբեք չեմ կարողացել ֆիլմ նկարահանել, որն ինքնասպանությունը կառաջարկի՝ որպես ելք: Ի վերջո, արվեստը պետք է տոնի ինչ-որ մի բան, իսկ միակ բանը, որ մենք կարող ենք տոնել, կյանքն է: Ուստի պետք է հանդիսատեսին հնարավորություն ընձեռել, որպեսզի նա հասկանա, որ կյանքն իրեն շնորհված եզակի մի երևույթ է, ու պետք է լիաթոք ապրել:

–  Բայց, օրինակ, էքզիստենցիալ արվեստը՝ որպես փրկության միակ ճանապարհ, հստակ կողմնորոշված ինքնասպանության ելք է առաջարկում: Մի՞թե միայն լավատեսական նոտաներից է բաղկացած մեր իրական կյանքի պատկերը: Թե՞ իսկական արվեստը դրա քարոզիչն է: Մի քիչ համոզիչ չէ, ներեցեք:

Sabo (1)–  Լրիվ համաձայն եմ ձեզ հետ, որ պետք է զգույշ լինել՝ ելքեր առաջարկելու պարագայում: Չեմ ուզում հոլիվուդյան խոշոր կինոարտադրության ընկերության նախագահի դերը ստանձնել, ով միայն դրական ֆիլմեր է պատվիրում, բնավ ո´չ: Ուզում եմ միայն ասել, որ առհասարակ արվեստը՝ սկսած հույներից ու շարունակվելով մինչև Շեքսպիր, Մոցարտից ու Էյզենշտեյնից մինչև Բերգման, թվարկածս բոլոր դժվարություններով անցել է ու մնացել կյանքը տոն դարձնելու համոզմունքին: Ու երիտասարդ ֆիլմարտադրողներն էլ պետք է սա հասկանան, որ իրենց ընկճախտի ու խորը դեպրեսիայի մասին չպետք է ֆիլմեր նկարահանեն: Այդ դեպքում դուրս եկեք կինոյից ու լիաթոք շունչ քաշեք՝ արև կա, ի վերջո… մինչև կհասկանաք՝ արվեստն ինչի համար է:

–  Ձեր ֆիլմերից նախընտրած մեկն ունե՞ք:

–  Ես ընդունակ եմ փոխվելու, բայց չեմ կարծում, որ իմ ֆիլմերն իմ մեջ ինչ-որ բան կարող են փոխել: Ինձ վրա առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ կենդանի ապրող մարդիկ, նրանց հետ շփումը:

–  Ձեր խաղարկային ֆիլմերից շատերը ստեղծագործողի ու իշխանությունների հետ կապի մասին են, այդ թվում՝ հայտնի օսկարակիր ֆիլմ «Մեֆիստոն»: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր կողմից նման ուշադրությունն այս թեմային:

–  Նախ, որովհետև կարծում եմ՝ քաղաքականության ու արվեստի հետ կապը շատ սերտ է ու անխուսափելի, հետո, ինձ հետաքրքրում են տաղանդավոր մարդկանց ճակատագրերը: Մեկը կարող է Համլետի դերը ստանալ միայն այն դեպքում, եթե կուսակցական տոմս վերցնի (եթե կուզեք անուն ասեմ, օրինակ՝ Հերբերտ ֆոն Կարայանը), մյուսը երբեք նման խաղի մեջ չի մտնի՝ իշխանություններին բարևելու համար բեմից ձեռք չի մեկնի, ու նրան չեն պատժի, միայն այն դեպքում, եթե նա երիտասարդ է ու ոչ այնքան հայտնի, իսկ մյուսի խնդիրը միայն այն է, թե իր հաջորդ սիրեկանն ով կլինի: «Մեֆիստոյում» պատմությունը մի շատ տաղանդավոր մարդու մասին է, իսկ տաղանդավորները միշտ վտանգված են, այն պարզ պատճառով, որ մյուսներին իրենք պետք են, այդ թվում՝ նաև իշխանություններին:

Վերջինների համար միշտ էլ շահեկան է, որ իրենց շուրջը տաղանդավորներ լինեն՝ ցուցադրական նպատակներով միայն: Դա նշանակում է, որ իրենց ընդունել են: Դրա համար տաղանդավորները գաղափարախոսությանը շատ զգույշ պետք է մոտենան: Իհարկե, բոլորը պետք է դրան այդպես մոտենան, իսկ տաղանդավորները հատկապես վտանգված են այդ իմաստով: Տաղանդավորը ձեռքին մի զենք ունի՝ իր տաղանդը, ու պարզ է, որ նա դա ուզում է օգտագործել, ստեղծագործել: Հնարավոր է ստեղծագործել, եթե հարմարվում ես հանգամանքներին, պայմաններին, իսկ առիթները քեզ ընձեռում է միայն իշխանությունը, նույնիսկ՝ եթե բռնապետություն է: Հարց է ծագում՝ ընդունե՞լ, թե՞ ոչ, թույլ տա՞լ, որ քեզ օգտագործեն, թե՞ ոչ:

Ուրեմն, այս ֆիլմն այնքան էլ բեմում կանգնած դերասանի մասին չէ: Նույն հաջողությամբ նա կարող էր բժիշկ լինել՝ ինչպես Մարգարեթ ֆոն Թրոթայի ֆիլմերից մեկում Արթմանի դատավարության տեսարանում, որի հերոսը տաղանդավոր երիտասարդ բժիշկ է՝ դոկտոր Մենգելը, ով համակենտրոնացման ճամբարում ինքն էր ընտրում մարդկանց փորձերի համար: Ընդ որում, միշտ չէ, որ ընտրում էր մահվան խցիկ ուղարկելու համար, այլ երբեմն նաև՝ սեփական գիտական փորձերի համար: Ինչպե՞ս կարող էր բժիշկը համաձայնել նման դերի, ինչ է թե՝ իրեն փորձերի համար նյութ էր պետք: Վերցնենք մեկ այլ օրինակ՝ տիեզերական ինժեներ Վերմեր ֆոն Բրաունին, ով հրթիռների ստեղծողն է, որոնցով գերմանացիները կործանեցին Լոնդոնի Քենթերբերի տաճարը: Հետագայում հենց ինքն էր, որ ստեղծեց լուսին տանող հրթիռը, իսկ թե ի՞նչ եղավ նրա հետ վերջում, արդեն պարզ է:

–  Պարոն Սաբո, չե՞ք կարծում, որ այսօր արվեստում համատարած դեպրեսիայի շրջան է:

–  Կա նման պատկեր: Պատճառը պարզ է՝ սերն է պակասում: Ու ես գիտեմ, որ սիրել սովորել հնարավոր է: Եթե երեխաներին դաստիարակում են առանց սիրո ու զգացմունքների, ապա դրանից ուրիշ սպասելիք չունենաք, որտեղ կուզեք, նույնիսկ՝ արվեստում: Իրողությունը սա է:

 

Տեսանյութեր

Լրահոս