Բաժիններ՝

Հայաստանը` էլեկտրաէներգիայի անմատչելիության եվրոպական առաջատար

Թա՞նկ է արդյոք էլեկտրաէներգիան Հայաստանում։ Բնակչությունը, բնականաբար, գտնում է, որ այո` թանկ է։ Մարդիկ ոչ միայն դեմ են թանկացմանը, այլև համոզված են, որ էլեկտրաէներգիայի սակագինը անհրաժեշտ է դեռ մի բան էլ նվազեցնել։
Հայաստանի էլեկտրական ցանցերը հակառակ կարծիքին է։ Ասում են` էժան է և հարկավոր է թանկացնել, որպեսզի իրենք վնասով չաշխատեն։

Եվ, ինչպես հայտնի է, արդեն դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` էլեկտրաէներգիայի սակագինը շուրջ 17 դրամով թանկացնելու հայտով։
Ինչպե՞ս է հիմնավորում ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Բացի այն 3500 էջանոց «հիմնավորումներից», որոնց մեջ շարքային սպառողներն անգամ բազում աբսուրդային բաներ են գտել, ՀԷՑ-ի կողմնակիցները ,ձեռքի հետե մատնանշում են, որ էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանում բավականին էժան է` եվրոպական և տարածաշրջանային երկրների համեմատ։

Ճի՞շտ է դա արդյոք։ Առաջին հայացքից այո։ Բացարձակ մեծությամբ ՀՀ-ում էլեկտրաէներգիյի սակագինը բավականին էժան է։ Գծապատկեր 1-ում մենք առանձնացրել ենք շուրջ 4 տասնյակ երկրների (եվրոպական երկրներ և Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան) էլեկտրաէներգիայի սակագները 2014 թվականին (աղբյուրը` Eurostat):

2014 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կազմել է 41.85 դրամ/կՎտ.ժ.-ի համար։ 2014թ. միջին փոխարժեքով դա կազմում է շուրջ 7.6 եվրոսենթ։ Էլեկտրաէներգիան ավելի էժան է միայն Ադրբեջանում, Վրաստանում և Սերբիայում։

electricity-graph1
Նշենք, որ Ռուսաստանում մենք որպես հիմք վերցրել ենք ամենաթանկ սակագինը` 4.5 ռուբլի` 1 կՎտ.ժ-ի համար, որը գործում է Մոսկվայում։ Ընդ որում, երկռեժիմ համակարգում սպառողները գիշերային ժամերին վճարում են 1.16 ռուբլի, իսկ շրջաններում սակագներն ավելի ցածր են։ Իսկ Վրաստանում սակագինը փոփոխական է, 5-7 եվրո սենթ` կախված սպառված էներգիայի չափից։ Մենք վերցրել ենք միջինը` 5 եվրոսենթ։

Հիմա ի՞նչ` կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում էլեկտրաէներգիան շատ էժան է` եվրոպակական գրեթե բոլոր երկրներից։ Ոչ։ Որովհետև թանկ ու էժանը գնահատելու համար բավարար չէ համեմատել միայն ֆիքսված սակագները։ Խնդիրն այն է` այդ սակագինը մատչելի՞ է բնակչի համար, թե՞ ոչ։ Այսինքն` սակագները պետք է դիտարկել , օրինակ, միջին աշխատավարձերի հետ համեմատության մեջ։
Տեսեք, Միացյալ Թագավորությունում 1 կՎտ.ժ. էլեկտրաէներգիան 2014թ. արժեր 20.1 եվրոսենթ, Հայաստանում` 7.6 եվրոսենթ։ Շա՞տ կզարմանաք, եթե ասենք, որ իրականում Միացյալ Թագավորությունում էլեկտրաէներգիան բնակչի համար շուրջ 5 անգամ ավելի մատչելի է, քան Հայաստանում։

Զարմանալու կարիք չի լինի, եթե հաշվի առնեք, որ Հայաստանում միջին աշխատավարձը եվրոյով (հարկերը հանած) 2014թ. կազմել է 229 եվրո, ՄԹ-ում` 2993 եվրո (ըստ Wikipedia-ի)։

Ըստ այդմ, 100 կՎտ.ժ էներգիայի ծախսը Հայաստանում կազմում է միջին աշխատավարձի 3.3 տոկոսը, Միացյալ Թագավորությունում` ընդամենը 0.7 տոկոսը։ Այսինքն, էլեկտրաէներգիայի վրա ծախսված գումարը անգլիացու աշխատավարձի մեջ չնչին տոկոս է կազմում և բեռ չի ներկայացնում։
Գծապատկեր 2-ը կազմել ենք հենց այդ տրամաբանությամբ` աշխատավարձի քանի՞ տոկոսն է կազմում 100 կՎտ.ժ էլեկտրաէներգիայի ծախսը։ Պայմանականորեն, դա կարելի է անվանել էլեկրաէներգիայի մատչելիության ինդեքս։

electricity-graph2
Ինչպես երևում է գծապատկեր երկուսից, Հայաստանը էլեկտրաէներգիայի մատչելիության առումով եվրոպական և տարածաշրջանային երկրների շարքում զբաղեցնում է նախավերջին տեղը։ Էլեկտրաէներգիան ավելի դժվարամատչելի է միայն Լիտվայում, որտեղ սակագինը բարձր է, իսկ միջին աշխատավարձը` ցածր։
Այնպես որ, եվրոպական երկրներին մատնացույց անելու դեպքում պետք է նկատի ունենալ` կա՛մ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը պետք է իջնի, կա՛մ աշխատավարձերը էապես բարձրանան։ Դրանից հետո նոր միայն կարելի կլինի համեմատվել եվրոպացիների հետ։

Վերջում ավելացնենք, որ չնայած այս համեմատություններին` խնդիրը մեծ հաշվով թանկ ու էժանի մեջ չէ։ Եթե ՀԷՑ-ի հայտը ամբողջությամբ բավարարվի, ապա բնակչության միջին ամսական ծախսը հոսանքի գծով կավելանա 4-5 հազար դրամով։ Սա քիչ գումար չէ։ Սակայն սխալ է կարծել, որ մարդիկ փողոց են դուրս եկել այդ մի քանի հազար դրամի համար։ Բնակչությունը դեմ է ոչ թե թանկացմանը, այլ խաբեությանը և այլևս չի ցանկանում թույլ տալ, որ ոմանք հարստանան` իրենց հաշվին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս