«Ուկրաինական պատերազմը ստվերել է ղարաբաղյան հակամարտությունը». Պավել Բաև

Հարցազրույց Օսլոյի խաղաղության հետազոտության ինստիտուտի ղեկավար, Բրուքինգսի ինստիտուտի գիտաշխատող, հեղինակավոր վերլուծաբան Պավել Բաևի հետ

– Պարոն Բաև, Ձեզ հայտնի է, որ Հայաստանը` հրաժարվելով երեքուկես տարի բանակցված Ասոցացման համաձայնագրից, միացել է Եվրասիական տնտեսական միությանը, որոշ գնահատականների համաձայն, ելնելով անվտանգության խնդիրներից` չկարգավորված ԼՂ հակամարտություն, հայ-թուրքական փակ սահմաններ և անվտանգության ոլորտում համագործակցություն Ռուսաստանի հետ։ Շատ է խոսվում անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության, տարածաշրջանում Արևմուտքի ավելի ամուր ներկայության ընդլայնման մասին։ Միգուցե պետք չէ՞ Արևմուտքից այս ոլորտում տեղաշարժ և ավելի մեծ ակտիվություն ակնկալել։

– Դա լուրջ հարց է։ Սկսեմ այն բանից, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, իմ կարծիքով, որևէ կերպ չանդրադարձավ Հայաստանի անվտանգության վրա, ավելին, չամրապնդեց Հայաստանի անվտանգությունը։ Կարծում եմ, որ այդ միության անդամ երկրները` հատկապես Ղազախստանն ու Բելառուսը, ջանասիրաբար փորձում են այդ ինտեգրացիան տանել այն ուղղությամբ, որպեսզի միության խնդիրները լինեն բացառապես տնտեսական և ոչ քաղաքական բնույթի։ Այս ամենը հակամարտությունների կարգավորման, սպառազինությունների մրցավազքի հետ կապ չունի։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա Արևմուտքն իր մեջ շատ տարբեր բևեռներ է ներառում, Թուրքիան ևս իրեն Արևմուտք է համարում։ Եթե խոսենք Կենտրոնական Արևմուտքի մասին, ապա Արևմուտքի ուշադրությունը կենտրոնացած է լինում սովորաբար ավելի տաք հակամարտությունների վրա, այն հակամարտությունների վրա, որոնք այրվում և պայթում են։ Եվրոպական միության համար դա ոչ միայն այն է, որը վառվում և պայթում է Սիրիայում, այլև այն, ինչ տեղի է ունենում Միջերկրական ծովում, որտեղ փախստականների հուժկու հոսք է սկսվել, և մարդիկ մահանում են։

Ե՛վ ԵՄ-ի, և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ԱՄՆ-ի համար, բնականաբար, կենտրոնական խնդիրները և համաեվրոպական անվտանգությունն ամենակարևոր հարցերն են, այդ թվում` ուկրաինական պատերազմը, այսինքն` այն, ինչ տեղի ունեցավ, տեղի է ունենում և դեռ տեղի կունենա այդ երկրում։ Ինչո՞ւ, որովհետև այդ հակամարտությունը նման չէ այն հակամարտություններին, որոնք գոնե մոտ են սառեցմանը կամ կարգավորմանը, իրավիճակը բավականին անկայուն է և պայթյունավտանգ։

Այնպես որ, Հարավային Կովկասն ու նույնիսկ Հյուսիսային Կովկասը, որոնք ունեն իրենց լուրջ խնդիրներն անվտանգության ոլորտում, անարդարացիորեն հայտնվել են ուկրաինական ճգնաժամի ստվերում։ Այս պահին կարող եմ միայն հույսեր փայփայել, որ իրավիճակն այս տարածաշրջաններում կմնա այնպես, ինչպես այսօր, քանի որ դրա այլընտրանքն այն է, որ Հարավային Կովկասում կամ ողջ Կովկասում սկսվի հակամարտությունների շղթա, ինչպես 1990-ական թթ., ինչը շատ անցանկալի և վտանգավոր սցենար է։

Բայց ես նաև չեմ կարծում, որ գերտերությունների ուշադրության կենտրոնացումն այլ հակամարտությունների վրա հանդիսանում է խոչընդոտ երկարամյա հակամարտությունների կարգավորման համար։ Այս իրավիճակը գուցե նաև ի օգուտ լինի, քանի որ հարևանությամբ տաք վիճակում գտնվող հակամարտությունները ստիպում են մտածել, թե որքան մեծ են ռիսկերն ու վտանգները, թե որքան վնասներ ու ավերածություններ են այդ հակամարտությունները բերում իրենց հետ, և, երբ ինչ-որ հակամարտության շուրջ ավելի քիչ են կրքերը, այդ հակամարտության նկատմամբ ուշադրությունը քիչ է, ապա գուցե կա ավելի մեծ հնարավորություն` հանգիստ և խաղաղ կերպով զիջումներ փնտրելու, որոշումներ կայացնելու համար, որոնք կարող են առանձին-առանձին չգոհացնել հակամարտող կողմերից կամ բանակցող երկրներից ոչ մեկին, բայց վերջնարդյունքում ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։

– Հարցն այստեղ այն է, որ հակամարտության կողմերի միջև կանգնած է Ռուսաստանը, որը հետաքրքրված չէ հակամարտության կարգավորմամբ, ավելին, ըստ որոշ կարծիքների, ժամանակ առ ժամանակ միտումնավոր իր այս կամ այն նպատակին հասնելու համար սրում է իրավիճակը հակամարտության գոտում, սպառազինություն է վաճառում հակամարտող կողմերին։

– Այո, Ռուսաստանին ստատուս-քվոն ձեռնտու է։ Ռուսաստանը լսելով չէ, որ գիտի, թե հակամարտությունների լարումը որքան վտանգավոր է։ Այստեղ կարծում եմ, որ երկու հանգամանք կա։ Առաջինը` քաղաքական հռետորաբանության, քաղաքական հռչակագրերի մակարդակում Ռուսաստանը ձգտում է հակամարտության կարգավորման, կա հայտարարությունների, փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ, որը դա կարող է հաստատել։

Այսինքն` ցանկացած քայլ, որը միտված կլինի հակամարտության կարգավորմանը, եթե նույնիսկ ինչ-որ պրակտիկ իմաստով Ռուսաստանին ձեռնտու չլինի, Ռուսաստանը դժվար կարողանա դեմ գնալ կարգավորմանը, եթե լինեն էական ձեռքբերումներ երկկողմ մակարդակում։ Երկու կողմերի քայլերը կոմպրոմիս գտնելու ճանապարհին Ռուսաստանի մերժմանը չեն կարող արժանանալ։

Երկրորդ` Ռուսաստանը, փաստորեն, այսօր չի կարող խաղալ հակասությունների վրա, քանի որ ուկրաինական ճգնաժամը պահանջում է հսկայական կենտրոնացում, ջանքեր, ավելի շատ ջանքեր, քան պլանավորվել էր, և այդ ծախսերի քանակը գնալով մեծանում է, ռազմական ծախսերն են ավելանում այն դեպքում, երբ ՌԴ տնտեսությունը գլորվում է դեպի խոր ճգնաժամ։

– Այսինքն` ԼՂ հակամարտության գոտում կամ այս տարածաշրջանում անվտանգության խնդիրները կարող են լուծվել միայն տարածաշրջանի՞ ներսում, այլընտրանքներ չկա՞ն։

– Կարծում եմ, որ այլընտրանքներ կան միշտ։ Կարծում եմ, որ այլընտրանքներ կան նաև Ուկրաինայում։ Կարող է Հայաստանն ակնկալել ավելի ակտիվ քայլեր այն երկրներից, որոնք Մինսկի գործընթացի մասնակիցներն են, որոնք հարևաններ են, ինչպես Թուրքիան և Իրանը։ Կարծում եմ, որ հնարավորությունները, որոնք առկա են, հիմնականում երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև են։ Պետք է փնտրել ինչ-ինչ տարբերակներ։

– Ռուս փորձագետները պնդում են, որ Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանի «ձեռքերն ազատ կարձակվեն», և Ադրբեջանը նոր լարվածություն կսկսի հակամարտության գոտում` հատկապես, երբ երկրում առկա խնդիրները խորանում են, և անհրաժեշտ է այլ օջախներ տաք պահել։ Չե՞ք կարծում, որ այս փուլում երկու երկրների միջև Ձեր առաջարկած աշխատանքների արդյունավետությունը խիստ կասկածելի է։

– Այո, ես հասկանում եմ, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը գնալով ավելի լարված է դառնում, նավթից ստացվող եկամուտները կրճատվում են, ինչն էլ ավելի է սրում երկրում տիրող իրավիճակը, և Ադրբեջանն իրեն սկսում է զգալ շատ անհամարձակ, անվստահ, և այս իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ավելի կտրուկ գործողությունների, քայլերի, ավելի լայնածավալ բախում հրահրելու հավանականությունն էապես մեծանում է, բայց Հայաստանի համար կա հնարավորություն, առաջ քաշել նախաձեռնություններ, որոնք բարի կամքի ցուցադրում կլինեն։

Ես, իհարկե, ղեկավարներին քաղաքական խորհուրդներ պատրաստ չեմ տալ։ Պարզապես կարծում եմ, որ կոմպրոմիսներ պետք է փնտրել տարբեր մակարդակներում, քանի որ առանց քաղաքացիական հասարակության աջակցության, առանց մեծաթիվ ոչ կառավարական կազմակերպությունների աջակցության` քաղաքական առաջնորդները, քիչ հավանական է, որ կարողանան նախաձեռնել ինչ-ինչ քայլեր։ Ես կարծում եմ, որ կոմպրոմիսին պատրաստվածությունը պետք է ղեկավարներին հասնի «ներքևից»։

– Օրերս Ռիգայում կայացավ «Արևելյան գործընկերության» չորրորդ գագաթաժողովը, որով Հայաստանն ու Եվրոպական միությունը հիմք դրեցին հարաբերությունների նոր օրակարգի վրա պատրաստվելու աշխատանքներին` նոր իրողությունների պայմաններում։ Խոսքը ՀՀ ԵՏՄ անդամակցության մասին է։ Հաշվի առնելով ՌԴ ներկայիս նվաճողական քաղաքականությունը` հնարավո՞ր է լինելու համադրել եվրոպական և եվրասիական օրակարգերը։

– Հայաստանի եվրոպական և եվրասիական օրակարգերը լիովին համադրելի են։ Հայաստանը հետաքրքիր օրինակ է Եվրոպական միության երկրների համար, քանի որ Բրյուսելում և ԵՄ տարբեր մայրաքաղաքներում շատ մեծ է ցանկությունն իրական օրինակների վրա ցույց տալու, որ խոսքը «կարթն» այս կամ այն կողմ քաշելու, պայքարի և այս տարածաշրջանում ավելի ամուր դիրքեր ունենալու մասին չէ։

Ուկրաինական ճգնաժամի ֆոնին ԵՄ-ն ջանում է ցույց տալ, և դա երևաց Ռիգայում անցկացված գագաթաժողովի ժամանակ, որ հնարավոր է համատեղում, որ հնարավոր է մասնակցություն և՛ ՌԴ տնտեսական նախաձեռնություններին, և՛ ԵՄ քաղաքական նախաձեռնություններին։ Հայաստանը շատ լավ թեկնածու է, որի միջոցով ԵՄ-ն իր այդ կամքը ցույց է տալիս, մնացածը կախված է այս հարցի մյուս երկու կողմերից` Հայաստանից և Ռուսաստանից։

Ես կարծում եմ, որ հարաբերությունների այս մոդելին Ռուսաստանը դեմ չի լինի, և այս համագործակցության ճանապարհին նոր խոչընդոտներ չեն լինելու։

Տեսանյութեր

Լրահոս