Բրազիլիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը՝ որպես բրազիլացի ժողովրդի պահանջ՝ հանուն ժողովրդավարության և համամարդկային արժեքների
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունը ժողովրդավար հանրապետություն է, որն ունի դաշնային կառավարման ձև, և որի սահմանադրական հիմքերից են մարդու արժանապատվությունը, քաղաքական բազմակարծությունը, ինչը միջազգային հարաբերություններում իր հերթին՝ հարգում է ինքնավար պետությունների և ազգերի ինքնորոշման իրավունքները, ինչպես նաև հիմք է հանդիսանում ճանաչված պետությունների ազգային անկախության սկզբունքները հարգելու, մարդու իրավունքների գերակայություն սահմանելու, խաղաղություն քարոզելու, ռասիզմի վերացման, ինչպես նաև՝ մարդկության զարգացման նպատակով համագործակցությունը խրախուսելու համար։ Նշված սկզբունքներն արտահայտված են Բրազիլիայի` 1988թ. հոկտեմբերի 5-ին ընդունված Սահմանադրության մեջ, մասնավորապես՝ 1-ին և 4-րդ կետերում։
Նույն Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ Բրազիլիայի համար միջազգային պայմանագրերը նույնպես կարող են դիտվել՝ որպես իր կողմից հարգվող մարդու հիմնարար իրավունքներն ու սկզբունքները պաշտպանելու մեխանիզմ։
Բրազիլիական պետականության` վերը նշված իրավական հիմունքները հաշվի առնելով, ինչպես նաև հիմք ընդունելով դրանց գերակայությունը կառավարության ցանկացած նորմատիվ ակտի, հրամանի կամ որոշումների հանդեպ, մենք արդարացված չենք համարում այն, որ Բրազիլիայի կառավարությունը հայ ժողորդի մեծագույն ողբերգությունը` 1915-1923թթ. Օսմանյան Կայսրության կողմից իրականացված կոտորածները, դեռևս ցեղասպանություն չի որակել։
Մենք բացահայտորեն հայտարարում ենք և համոզված ենք, որ Բրազիլիայի կառավարության կողմից Ցեղասպանությունը ճանաչելու բոլոր հիմքերը կան, և դրանք բավականաչափ ամուր են՝ այն ճանաչելու համար։ Սա արդեն իրավական հարց չէ, այլ քաղաքական կամքի հարց է։
Քանի որ Բրազիլիան, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Արգենտինայի, Մեքսիկայի և այլ երկրների նման, ընդունել է դաշնային կառավարման մոդելը, ընդհանուր դաշնային կառավարության կենտրոնի դիրքորոշումը կախված է երկրի քաղաքական և տարածքային առանձին կենտրոնների կարծիքից, որոնցից են Դաշնության նահանգները, Դաշնային տարածքային կառավարման շրջանները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները։
Բրազիլիայի Դաշնության ամեն նահանգ ունի ֆինանսական, ադմինիստրատիվ, քաղաքական և տնտեսական ինքնավարություն` իրենց սեփական առանձին սահմանադրություններով (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների և Դաշնային Շրջանի), որոնք չպետք է որևէ կերպ հակասեն և պետք է հարգեն Դաշնային Սահմանադրության սկզբունքները։
Մինչ օրս Բրազիլիայի երեք նահանգներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. առաջինը ցեղասպանությունը ճանաչել է Սան Պաոլոյի նահանգը` 2003թ., Սեարայի նահանգը ճանաչել է 2006-ին, և Պարանա նահանգը ճանաչել է 2013թ. սեպտեմբերին։ Մի շարք քաղաքային իշխանություններ նույնպես հետևել են այս օրինակին և ճանաչել են Օսմանյան Կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Վերջերս` 2015թ. ապրիլին, Սան Պաոլոյի նահանգը որոշում ընդունեց, որով ապրիլի 24-ը նահանգում պաշտոնապես ճանաչվում է՝ որպես «Օսմանյան Կայսրության կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի և ցեղասպանության ճանաչման օր»։
Այսպիսով, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Բրազիլիայի Դաշնության նահանգների մի մասն իրենց հաստատակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանության, պատմական փաստերը ճանաչելու և հիշելու ուղղությամբ, և դրանք, մեր խորին համոզմամբ, կարևոր քայլեր են Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման համար, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և ժողովրդավարություն հաստատելու համար։
Առանց պատմական փաստերը ճանաչելու և հիշողությունը հարգելու՝ ոչ մի երկրում, որը կառավարվել է ցեղասպանություն իրականացրած տոտալիտար կամ դիկտատորական ռեժիմի կողմից, չի կարող խաղաղություն հաստատվել։
Չնայած վերը նշվածին, Բրազիլիայի դաշնային իշխանությունները (միությունը), դեռևս պատշաճ կերպով պաշտոնապես չեն ճանաչել Երիտթուրքերի կառավարության կողմից Օսմանյան Կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որը քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունն էր և նախադեպ հանդիսացավ քսաներորդ և քսանմեկերորդ դարերում այլ ցեղասպանությունների համար։
Մեր կարծիքով՝ նման դիրքորոշումը կասկածի տակ է դնում Բրազիլիայի` Հարավային Ամերիկայում՝ որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական կենտրոն հանդես գալու հնարավորությունը (առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ուրուգվայն է (1965թ.)։
Ակնհայտ է, որ Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ձգձգվում է մասնավորապես նաև Թուրքիայի կառավարության հետ առևտրային, ռազմական, մշակութային և դիվանագիտական ոլորտներում ունեցած կարևոր հարաբերությունների պատճառով։
Իրականում, մի շարք երկրների կողմից ցեղասպանությունների ճանաչման և դիկտատորական ռեժիմների կողմից իրականացված դաժանությունները դատապարտելու հաստատակամության պակասը բացատրվում է առաջին հերթին՝ այնպիսի հանգամանքներով, ինչպիսին է նման ռեժիմները ներկայացնող երկրների հետ երկկողմ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների պահպանումը։ Նման ռազմավարությունը ժխտողական քաղաքականության մի մասն է, և սովորաբար նման ռազմավարությունները մշակվում են ցեղասպանություններ իրականացրած և ժխտողական քաղաքականություն վարող ռեժիմների կողմից։
Վերը նշվածը հաշվի առնելով, ինչպես նաև ունենալով ԱՄՆ-ի օրինակը, որը, չնայած Ցեղասպանության ժամանակահատվածում Օսմանյան Կայսրությունում իր դեսպան Մորգենթաուի կողմից ցուցաբերած պատմական վերաբերմունքին, այսօր խուսափում է «ցեղասպանություն» բառն օգտագործելուց։
Ժամանակակից Թուրքիան, որն այսօր Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի անդամ է, ջանքեր չի խնայում Էրդողանի կառավարության` ԱՄՆ-ի հետ ունեցած կապերի և հարակից շահերի մասին հիշեցնելու համար։ Նման ցցուն օրինակ կարող է լինել Ինջիռլիքում ԱՄՆ-ի կողմից տեղակայված ավիաբազան, որն իր երկրի տարածքից դուրս օդային պաշտպանության ոլորտում աշխարհում ամենամեծ ռազմաբազաներից է։
Բրազիլիան նույնպես այս տրամաբանությունից դուրս չի մնացել։
Օրինակ, չնայած, որ Թուրքիան այսօր Բրազիլիայի ամենամեծ առևտրային գործընկերը չէ, երկու երկրների միջև առևտուրն ամեն տարի աճ է արձանագրում։ Հաշվի առնելով Բրազիլիայի տնտեսության փխրուն վիճակը, հասկանում ենք, թե ինչու է Բրազիլիան խուսափում այդ առևտրային հարաբերությունները ռիսկի տակ դնելուց։
Ըստ Բրազիլիայի Զարգացման, արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարության, Բրազիլիայի և Թուրքիայի միջև առևտուրնը 2004 և 2013թթ. միջև ընկած ժամանակահատվածում աճել է 530 միլիոն ԱՄՆ դոլարից՝ մինչև 2.102 միլիարդ ԱՄՆ դոլար (http://www.brasilturquia.com.br/comercio-bilateral-brasil-turquia-302.html)։
Ժխտողական քաղաքականության հիմնական պատճառաբանություններից մեկն էլ հարցը շաղկապելն է տնտեսական, դիվանագիտական և ռազմական շահերի հետ։ Թուրքիայի դեպքում նույնպես սա հզոր գործիք է հանդիսանում Ցեղասպանության ճանաչումից խուսափելն արդարացնելու համար, չնայած նրան, որ սրանով հայ ժողովրդի հանդեպ մեծ անարդարություն է ցուցաբերվում, որի համար թուրք ժողովուրդը դեռ երկար ժամանակ պետք է Ցեղասպանության համար իր հոգու վրա բարոյական և պատմական բեռ կրի։
Բրազիլիան և իր դաշնային իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը և պետք է դրանով ցույց տան, որ հարգում են իրենց ժողովրդի կամքը, ինպես նաև՝ երկրում բազմակարծություն և ժողովրդավարություն հաստատելու իրենց պատրաստակամությունը։
Վերջերս` մայիսի 6-7-ը, Սան Պաոլոյի Մաքքենզի համալսարանում մեր կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության իրավական, պատմական և կրոնական ասպեկտներին, Բրազիլիայում ՀՀ դեսպան պարոն Աշոտ Գալոյանի ներկայությամբ իրավաբանական բաժնի մեր ուսանողներից մեկը վեր կացավ տեղից և հայտարարեց. «Մենք՝ բրազիլացիներս, պահանջում ենք հայ ժողովրդին կոտորած մարդասպանի բարոյական պատասխանատվության ճանաչումը և պահանջում ենք, որ Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված հայերի կոտորածը Ցեղասպանություն որակվի։ Մենք՝ բրազիլացիներս, ներողություն ենք խնդրում մեր կառավարության բացթողնման համար»։
Այն, ինչ ասաց իրավաբանական բաժնի ուսանողը, բրազիլացիների մեծ մասի իրական կարծիքն է` մի ազգի, որն ուզում է իրական ժողովրդավարություն կառուցել իր երկրում։
Հարկ է նշել, որ ի զարմանս շատերի և շատ անսպասելի կերպով՝ Գերմանիայի կառավարությունը պատմական որոշում կայացրեց և հայտարարեց, որ, բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից, նրանք նաև ընդունում են իրենց մասնակցությունն այդ պատմական մեծ ողբերգության մեջ՝ որպես այդ ժամանակվա Օսմանյան Կայսրության դաշնակից։
Բրազիլիան պետք է հետևի այս օրինակին և նման մոտեցում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև Բրազիլիայի դիկտատորական ռեժիմի ժամանակաշրջանի վերաբերյալ (1964-1985թթ.), որպես անցումային արդարադատություն սահմանելու ճանապարհ։
Բրազիլիայի Դաշնության Պարանա, Սեարա և Սան Պաոլո նահանգների` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը շատ ողջունելի է և, անշուշտ, իր ներդրումը կունենա Բրազիլիայի կայացման գործում՝ որպես ապագա գերտերություն (ներկայումս Բրազիլիան աշխարհում վեցերորդ ամենամեծ տնտեսությունն ունի, ինչպես նաև՝ հինգերորդ ամենամեծ տարածքը. 9,372,614 քկմ) և աշխարհի արժանապատիվ ժողովրդավարություններից մեկը։
Այս քայլով նշված նահանգները նաև նպաստեցին Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հետ ավելի ամուր կապեր հաստատելուն, որը շատ կարևոր է բրազիլացի քրիստոնյաների և ժողովրդավարության արժեքները դավանող հասարակության համար։
Մենք համոզված ենք, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունը՝ որպես Բրազիլիայի հասարակության ուղիղ ներկայացուցիչ և կառավարումն իրականացնող պատասխանատու մարմին, պետք է անվերապահորեն հետևի վերը նշված` արդարադատություն հաստատելու նախադեպերին, և պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը։
Նման քայլով և Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունը կվերահաստատի իր սեփական սահմանադրության և Միջազգային Ազգերի Կազմակերպության կողմից հաստատված սկզբունքների հանդեպ հավատարմությունը։
Հեղինակ` պրոֆեսոր Ֆլավիո դե Լեաո Բաստոս Պերեյրա, իրավաբան, Բրազիլիայի Մաքքենզի համալսարանի սահմանադրական իրավունքի դասախոս, Ցեղասպանություն ուսումնասիրության միջազգային ցանցի անդամ (InoGS), Սան Պաոլոյի ֆեդերալ համասարանի` մեր ժամանակների պատերազմների, կոտորածների և ցեղասպանությունների հետազոտական խմբի անդամ, Բրազիլիայի Գետուլիո Վարգաս հիմնադրամի պորֆեսոր-խորհրդատու, Միջամերիկյան Իրավաբանների Ասոցիացիայի անդամ (IABA): Էլ-փոստ. [email protected]
Թարգմանությունը` Կամո Մայիլյանի