Դավիթ Թուջարյան. «Ես Քրիստոսի եկեղեցու անդամ եմ. վաղուց եմ ընդունել Աստծուն, սակայն նոր եմ սկսել ապրել այդ արժեքներով»
Երգիչ Սասունցի Դավիթը՝ Դավիթ Թուջարյանը, վերջին շրջանում շատ է խոսում հոգևոր կյանքի մասին։ Խոսակցություններ կան, որ նա աղանդավորական կազմակերպության է հարում։ BlogNews.am-ը նրա հետ զրուցեց կրոնական որևէ կազմակերպության հարելու, երգարվեստում դադար առնելու, ընտանիքի մասին։ Միակ թեման, որի մասին երգիչը կտրականապես հրաժարվեց խոսել, իր և երգչուհի Լիլիթ Կարապետյանի որդու՝ Կարենի հետ հարաբերություններն էին։
– Նախնական զրույցում նշեցիք, որ նոր երգ եք ձայնագրում, ի՞նչ երգի մասին է խոսքը։
– Հոգևոր երգ եմ ձայնագրում։
– Սովորաբար հոգևոր երգերը լինում են կրոնական կազմակերպությունների պատվերով։ Ինչ-որ կառույց կանգնա՞ծ է Ձեր թիկունքում։
– Ոչ։ Իմ թիկունքում տերն է կանգնած։ Երգը բոլոր նրանց համար է, ում դա հոգեհարազատ կլինի։
– Վերջին շրջանում շատ եք խոսում հոգևոր կյանքի մասին։ Կրոնական որևէ կազմակերպության անդամակցո՞ւմ եք։
– Ես վաղուց եմ ընդունել Աստծուն, սակայն նոր եմ սկսել ապրել այդ արժեքերով։ Ես որևէ կազմակերպության անդամ չեմ, ես Քրիստոսի եկեղեցու անդամ եմ։
– Վերջին շրջանում պասիվացել եք որպես երգիչ, ի՞նչն է պատճառը։
– Ես բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ այսօր։ Հիմա շեշտը դրել եմ գումար աշխատելու վրա։
– Որպես երգիչ՝ Ձեզ բավարարված զգո՞ւմ եք կորպորատիվ միջոցառումների մասնակցելով, որովհետև յուրաքանչյուր երգչի համար շատ կարևոր է երգել բեմում, ներկայանալ լայն հասարակությանը։
– Ես ընդհանրապես ինձ բավարարված չեմ զգում։ Կնախընտրեի ընդհանրապես դուրս գալ այս ոլորտից։
– Առհասարակ երգարվեստի՞ց, թե՞ կոպորատիվ միջոցառումների ոլորտից։
– Երգարվեստից։ Կուզեի ուղղակի հոգևոր երգեր կատարել։ Հիմա ես սա շարունակում եմ, որպեսզի անցում կատարեմ այլ ոլորտ։
-Ի վերջո, Ձեզ մոտ ժանրայի՞ն փոփոխություն կլինի, թե ասպարեզի՞։
-Ասպարեզի։ Սակայն հիմա դեռ չգիտեմ՝ ինչ կլինի։
– Դուք է՞լ եք բիզնես սկսել, ինչպես Ձեր գործընկերներից շատերը։
– Ես սկսել էի, հետո փակեցի։ Դեռ չգիտեմ՝ ինչ կլինի։
– Կորպորատիվ միջոցառումներին սովորաբար ցանկանում են տեսնել այն երգիչներին, ովքեր հաճախ են լինում էկրաններին, պոպուլյար են։ Ձեր պահանջարկը, հոնորարերը նվազե՞լ են պասիվանալուց հետո։
– Ես գրեթե ամեն օր աշխատում եմ։ Էկրանին լինելու հետ կապված դիտարկմանը համաձայն եմ, սակայն շատերը ցանկանում են հասարակ երգիչների լսել և ուրախանալ։ Իմ հոնորարները չեն նվազել, հրավերները՝ ևս։
– Դուք նշում եք, որ շատ եք փոխվել Աստծո շնորհիվ, ի՞նչ դեր է այդ հարցում ունեցել Ձեր կինը։
– Կինս այդ հարցում դեր չի խաղացել։ Ես սկսեցի ճանաչել Աստծուն։ Ավելին, կինս իմ ազդեցությամբ է սկսել խորությամբ ճանաչել Տիրոջը։
– Դավիթ, ինչպիսի՞ն եք ընտանեկան կյանքում, հիմա ավելի տնակյա՞ց եք դարձել։
– Հա, միանշանակ։ Ես իմ տունը շատ եմ սիրում։ Ընկերներիս էլ եմ շատ սիրում, բայց քանի որ նրանց մեջ շատ են աշխարհիկ մարդիկ, մեր հետաքրքրությունները հիմա փոխվել են։
-Ինչպե՞ս եք կազմակերպում ձեր ընտանեկան ժամանցը, որտե՞ղ եք անցկացնում այն։
– Քանի որ աղջիկս՝ Գայանեն, դեռ 7 ամսական է, հիմնականում տանն ենք լինում։ Կնոջս՝ Սվետային, օգնող չկա, և ազատ ժամանակ ինքս եմ փորձում օգնել նրան։
-Երեխայի խնամքով է՞լ եք զբաղվում։
– Իհարկե։ Ամեն ինչ էլ անում եմ, տակաշոր էլ եմ փոխում։ Եթե իմ կարիքը լինում է, Սվետան ինչ-որ հարցում դժվարանում է, օգնում եմ իրեն։
-Դուստր ունենալուց հետո ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում։
-Շատ բան, բայց չեմ կարող կոնկրետ նշել։
-Աղջիկ ունենալը Ձեզ ավելի հոգատար դարձրե՞լ է։
-Կարծում եմ՝ թե՛ տղայի, թե՛ աղջկա դեպքում հոգատարությունը նույնն է, սակայն աղջիկը մի քիչ ավելի թույլ էակ է և ավելի շատ ունի ուշադրության կարիք։
-Ո՞ւմ է ավելի նման Գայանեն։
– Ես Սվետային եմ նմանեցնում, սակայն ասում են, որ ինձ էլ է շատ նման։
– Ակտի՞վ երեխա է։
– Եթե համեմատում եմ այլ երեխաների հետ, ովքեր գիշերները չեն քնում, հասկանում եմ, որ մեր հալը դեռ լավ է, սակայն նա ակտիվ է, և ամբողջ օրն իր հետևից ենք վազում։)
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի