Իրականությունը բավականին հեռու է գլամուրային, կլիպային պատկերից. Լևոն Զուրաբյանը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին
«Մեզ ներկայացվեց շատ տպավորիչ կլիպ, որը այնպես է ներկայացնում նախագիծը, թե որևէ խնդիր գոյություն չունի: Բայց իրականությունը բավականին հեռու է գլամուրային, կլիպային պատկերից»,- այսօր այսօր ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հիշեցնելով Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները:
Նա մեջբերեց ՎՊ զեկույցից՝ «շինարարության այն ձևը, որ ընտրվել է, խայտառակություն է», նշեց, որ ՎՊ-ն արձանագրել է, որ խճաքարերի մեծությունը չի պահպանվում, ջրահեռացման փոխարեն ջրագոյացում է կատարվում, աշխատանքներն այնպես են արվում, որ գինը 83%-ով բարձրանում է, բավականին մեծ տոկոսներ է նախատեսված չնախատեսված ծախսերի համար՝ 20%-ից ավելի:
«Ի՞նչ եք արել, որ թալանի դեմն առնվի, եթե, իհարկե, դա հնարավոր է, և եթե դա չի իրականացվում ամենաբարձր կենտրոններից: Վերահսկողության մասով ի՞նչ է արվում»,- հարցադրում արեց Լ.Զուրաբյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարեց, թե նշված բոլոր թերություններն այն ժամանակ արձանագրված են եղել վերահսկողների՝ ծրագրի կառավարիչ ինժեների կողմից, և թերի աշխատանքների համար ոչ մի լումա չի վճարվել, իսկ թերություններն ուղղված են: Ըստ նրա՝ կան թերություններ, որ վերացված չեն՝ ճանապարհաշինության ստանդարտներով խճանյութի խոնավության աստիճանը պետք է լինի որոշակի տոկոսի, բայց բետոնը ինքը խոնավ է և փռման ժամանակ խիճն էլ է խոնավանում: Ա.Առաքելյանի խոսքով՝ չնախատեսված ծախսերի ինչ-որ այլ տոկոս հնարավոր չէ ներառել, աշխատանքների ավարտից հետո կխոսեն, թե ինչ խնայողություններ են եղել և հնարավոր է նաև, որ այդ տնտեսումն առաջանա չնախատեսված ծախսերից: 83% ավելի գումարների մասով փոխնախարարը նշեց, որ նախատեսված է թափանցիկ մեխանիզմ, ձևական բնույթ չի կրում և չի կարող, որ նման բան լինի, որ այդքան մեծ տարբերություն լինի, քանի որ կես տարի միայն նախագծերն են քննարկել ու դրանք շատ հիմնավորված են:
«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, ինչո՞ւ այստեղ չէ»,- հետաքրքրվեց Լ.Զուրաբյանը՝ առաջարկելով կրկին լսումներ հրավիրել չարաշահումների հետ կապված և դրանց հրավիրել նաև Իշխան Զաքարյանին: