Օբաման ընդունել է, որ անհնար է մեկուսացնել Ռուսաստանը. Պուշկով
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է, որ անհնար է մեկուսացնել Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի` միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
Նրա խոսքերով` Հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններից հետո ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանին առավելագույն ձևով մեկուսակցնելու քաղաքականությունը չի տվել ակնկալվող արդյունքները.
«Եթե Օբաման այսօր` մայիսի 9-ից հետո, վերստին պնդի, թե մեկուսացրել է Ռուսաստանը, ապա կծիծաղեն նրա վրա: Անհնար է խոսել մեկուսացման մասին, երբ երեք օրվա ընթացքում Մոսկվա այցելեցին Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Ղազախստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Վիետնամի, Գերմանիայի, Չեխիայի, Կիպրոսի, Սլովակիայից և շատ այլ երկրների առաջնորդները»:
Պուշկովը նաև հիշեցրել է մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Սոչի այցելելու մասին, ուր նա հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Պուշկովը կարծում է, որ այդ ամենը սակայն չի նշանակում, թե ԱՄՆ-ն անհապաղ կհրաժարվի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությունից, որ շուտով չեղյալ կհայտարարի սահմանած պատժամիջոցները: