Հյուսիս-Հարավի շնորհիվ Երևանից Բաթում ճանապարհը կկրճատվի 280 կմ-ով
Այսօր ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց աշխատանքների տեխնիկական կողմը: Ըստ նրա՝ ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտվել 2020թ-ին և կկրճատվի 60 կմ-ով: Նախնական գնահատականներով՝ նախագիծն ընդհանուր արժե 1.5 մլրդ դոլար, 12 մլն եվրո դրամաշնորհ է հատկացվել, որը մեղմել է վարկային տոկոսադրույքների բեռը:
Ա.Առաքելյանը նշեց, որ տրանշ 1-ում՝ Արտաշատ-Աշտարակ հատվածում ավարտվել են աշխատանքները, այժմ իրականացվում են բետոնի փորձարարական աշխատանքներ, նաև արգելափակոցների, լուսափակոցների տեղադրման աշխատանքներ: Տրանշ 2-ի դեպքում, ըստ նրա, հողօտարման խնդիրների հետ կապված 12 դեպք դատարանում է: Ա.Առաքելյանը հույս հայտնեց, որ շուտով այդ խնդիրը կավարտվի, և այդ հողատարածքները ևս կհանձնվեն կառուցապատողին: Ա.Առաքելյանի խոսքով՝ տրանշ 3-ի համար միջազգային մրցույթ է հայտարարվել, և որպես վերահսկողական կազմակերպություն ընտրվել է իտալական ընկերություն:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տանում Իրանի հետ, որ միանա նախագծին ու տարածաշրջանային նշանակություն ստանա ճանապարհը, և Ջուլֆայում արդեն կառուցվել է առաջին կարգի ճանապարհ: Ըստ նրա՝ նաև վրացի գործընկերները շատ լավ գիտակցում են ճանապարհի նշանակությունը, որ Պարսից ծոցը կապելու է սևծովյան նավահանգիստների հետ՝ բեռների տեղափոխումը կրճատելով 1-1.5 ամսով: Նա նշեց, որ Երևանից Բաթում ճանապարհը կկրճատվի 280 կմ-ով, որը և՛ արագություն, և՛ հարմարավետություն է: Նա վստահեցրեց, որ շինարարության ժամանակ օգտագործվում են հայաստանյան արտադրության ցեմենտ ու այլ շինանյութեր, և նախապատվությունը տրվում է հայկական ծագման շինանյութերին. «Կունենանք շատ լուրջ ստանդարտներին համապատասխանող լաբորատորիա, որը ավելի բարձր մակարդակով գնահատական կտա կատարված աշխատանքներին»:
Պատգամավոր Կարինե Աճեմյանի դիտարկմանը, որ արդեն գրեթե պատրաստ ճանապարհը երթևեկության համար անհարմար է, անհարթ է և ինչ-որ ձայն է լսվում՝ անկախ նրանից, թե ինչ արագությամբ են երթևեկում, Ա.Առաքելյանը պատասխանեց, որ ջրահեռացման համար բետոնի կարերի ռետինապատում է իրականացվում, երբ վերջնական ավարտվի ճանապարհի կահավորումը, անհարթությունը չի զգացվի ու ավելի հարմարավետ կլինի: