Վրաստանում ԵՏՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը կարող է լինել ավելի մեծ. Բուրջանաձեն` NDI-ի հարցման մասին
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն չի վստահում ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կատարած հետազոտությանը:
Բուրջանաձեն պնդել է, որ Վրաստանում կարող է էլ ավելի շատ լինել ԵՏՄ-ին անդամակցելու կողմնակիցների թիվը: NDI-ի անցկացրած հարցման համաձայն` ԵՏՄ-ին Վրաստանի անդամակցությունն ընդունելի է համարել հարցվածների 31 տոկոսը, իսկ անընդունելի` 41 տոկոսը:
Բուրջանաձեն հայտարարել է. «Ես լավ գիտեմ, որ գործնականում այդպիսի հետազոտությունների և ոչ մի թիվ չի համապատասխանում իրականությանը և հստակ գիտեմ, թե դա ինչ թիվ է և ինչու համար է նկարված:
Ամերիկյան կազմակերպությունների պատվերով անցկացված վերջին բոլոր հետազոտությունները չեն արտացոլում երկրում տիրող իրականությունը և հանդիսանում են նրա ցուցիչ, թե ԱՄՆ-ն ինչ պատկեր է ցանկանում տեսնել Վրաստանում:
ԱՄՆ-ն անկասկած չի ցանկանում, որ Վրաստանում 31 տոկոսը լինեն ԵՏՄ-ի կողմնակիցներ, սակայն ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ թիվը կարող է լինել ավելի մեծ, եթե հետազոտությունն անցկացվի ավելի անկողմնակալ ձևով»: