
«Պատվիրված քրեական գործ է, քրեական հետապնդում է իրականացվում` նպատակ ունենալով Գոհար Ենոքյանից հափշտակություն կատարել». փաստաբան

168.am-ի լրագրողը քիչ առաջ ձերբակալվածների պահման վայրում զրուցել է Գոհար Ենոքյանի շահերի պաշտպան Գեղամ Հակոբյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ քրեական գործը, որի շրջանակներում այսօր ձերբակալվել է Գոհար Ենոքյանը, հարուցվել է դեռևս 2014թ. հունիսին` ոստիկանությունում Գլխավոր դատախազությունից ուղարկված գրության հիման վրա:
«Քրեական գործը հարուցվել էր բոլորովին այլ մոտիվներով. տիկին Ենոքյանի անունը շրջանառվում էր սկզբից` զրպարտչության շրջանակներում, 10-11 ամիս տևած նախաքննության ընթացքում անգամ նրան որպես վկա չեն հրավիրել հարցաքննության, և միանգամից այսպիսի կարգավիճակ տալով` ձերբակալել են»:
Գեղամ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ Գոհար Ենոքյանին ձերբակալելու համար միանշանակ հիմք չկար. «Հորինված, պատվիրված քրեական գործի շրջանակներում իրականացվող ապօրինի գործողություններ են` Հատուկ քննչական ծառայության կողմից: Իբր թե սպանության նախապատրաստություն է տեղի ունեցել, որն իրականության մեջ գոյություն չունի ու չի էլ կարող ունենալ, նման փաստ չկա: Սա, նորից եմ կրկնում, պատվիրված քրեական գործ է, քրեական հետապնդում է իրականացվում` նպատակ ունենալով Գոհար Ենոքյանից հափշտակություն կատարել»:
Փաստաբանը նշեց, որ վիճարկելու են Գոհար Ենոքյանին ձերբակալելու որոշումը:
Տեղեկացնենք նաև, Գոհար Ենոքյանը ձերբակալվել է այսօր ժամը 17:40-ին:
Կատարվածի մասին նաև կարդացեք այստեղ`