Ամենաշատ մահացությունները եղել են 1993 և 1994 թվականներին
Ինչպես տեղեկացրել էինք` Օքսֆորդի համալսարանի դոկտոր Միհրան Վարդանյանն իրականացնում է մի նախագիծ (hush.am), որը տարբեր երկրներում ապրող մարդկանց հնարավորություն է տալիս ոչ միայն օնլայն գտնել հարազատների գերեզմանները և հետևել նրանց վիճակին, այլև, ինչպես 168.am-ի հետ հարցազրույցում ասել էր Միհրան Վարդանյանը, նախագիծը մեծ ներդրում է, որը հնարավորություն է տալիս կատարել ազգագրական, մշակութային, պատմական և այլ ուսումնասիրություններ: Արդեն պատրաստ են առաջին ուսումնասիրության արդյունքները, որը նախագծում ընդգրկված մասնագետները կատարել են Հայաստանի բոլոր գերեզմանների թվայնացված բազայի հիման վրա:
Ամենաշատ տարածված հայկական անվանումները
Անուն (տղամարդու) | Անուն (կանացի) | Ազգանուն | Հայրանուն | |
1 | Հովհաննես | Ռոզա | Սարգսյան | Հակոբի |
2 | Հակոբ | Սիրանուշ | Հարությունյան | Հարությունի |
3 | Սարգիս | Անահիտ | Գրիգորյան | Կարապետի |
4 | Գրիգոր | Մարիամ | Հովհաննիսյան | Խաչատուրի |
5 | Հարություն | Սեդա | Հակոբյան | Սարգսի |
6 | Գևորգ | Աստղիկ | Խաչատրյան | Գևորգի |
7 | Աշոտ | Հասմիկ | Վարդանյան | Մկրտիչի |
8 | Սուրեն | Հայկանուշ | Պետրոսյան | Պետրոսի |
9 | Լևոն | Գոհար | Կարապետյան | Ավետիսի |
10 | Գուրգեն | Սաթենիկ | Գևորգյան | Արշակի |
Ըստ հայկական գերեզմանատների թվային տվյալների ուսումնասիրության, ընդհանուր մահացելիության աճ է գրանցվել 1993 և 1994 թվականներին (առանձին սեռերի համար՝ տղամարդկանց շրջանում՝ 1993 և 1994 թվականներին, իսկ կանանց մոտ՝ 2009 և 2006 թականներին): Ամենահաճախ հանդիպող ծննդյան տարեթվերն են՝ 1928, 1927, 1926:
Ուսումնասիրության համար hush.am-ի մասնագետները տվյալները դիտարկել են Հայաստանի տարածքում պահպանված ամենահին գերեզմանաքարի տվյալներից սկսած. Հայաստանի տարածքի ամենահին գերեզմանը Նորադուզի գերեզմանատանը Հովակիմյանց Տեր Կարապետ Ավետիսի պահպանված գերեզմանն է (1780-1870): Իսկ ընդհանրապես, ինչպես նշեց Միհրան Վարդանյանը, Հայաստանի տարածքից դուրս հնագույն գերեզման է համարվում նաև Թբիլիսիի հայկական պանթեոնում Մկրտում Հովնաթանյանի գերեզմանը (1765-1845):
Ուսումնասիրությունները և Հայաստանից դուրս գտնվող հայկական գերեմանատների թվայնացումը շարունակվում են, և, ինչպես նշեց նախագծի հեղինակը, նախագիծը հնարավորություն կտա առաջիկայում այլ ուսումնասիրություններ ներկայացնել նաև տարբեր երկրներում պահպանված հայկական գերեզմանատների թվային տվյալների հիման վրա: