Ինչու ԱԱԾ-ն չի գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանի վարորդի և ազգականների հեռախոսահամարները
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը:
Փաստաբանը դատարանում վիճարկում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև 2013թ. հււնիսի 1-ին մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները:
Հայկ Ալումյանն ասաց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, որով քննիչը խնդրել է թույլատրել լսել և ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի վարորդի և երկու հարազատների հեռախոսահամարների զանգերը: Որոշումը կայացվել է 2013թ. հունիսի 14-ին, որոշմամբ հեռախոսահամարները թույլատրվել է լսել և ձայնագրել 30 օրով՝ սկսած որոշումն ի կատար ածելու օրվանից՝ նույնը օրը 17:50-ին:
Հայկ Ալումյանի խոսքով՝ այժմ քրեական գործում չկա այս որոշման կատարումը: «Այդ խոսակցությունները, անկասկած, լսվել են, որովհետև դատարանի որոշումը կա, քննիչն էլ ներկայացրել է կատարման, որոշումն էլ բոլորի համար պարտադիր է: Այդ խոսակցությունները, անկասկած, ձայնագրվել են, որովհետև դատարանի որոշման մեջ այդ մասին էլ նշում կա, որ պիտի ձայնագրեն: Սակայն դրանք քրեական գործի նյութերից հետո վերացվել են»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ այս մարդիկ կարող էին հեռախոսային խոսակցությունների ընթացքում դեպքի հետ կապված հարցեր քննարկել, դրա պատճառով էլ նրանք հետաքրքրություն են ներկայացրել քննիչի համար:
«Մեր կողմը պնդում է, որ այս խոսակցությունները լսելուց ու ձայնագրելուց հետո դրա մեջ այնպիսի բովանդակությամբ տեղեկություններ են ի հայտ եկել, որոնք հետագայում կխոչընդոտեին այս քրեական գործը կոծկելուն, դրա համար այդ ձայնագրությունները հանվել են քրեական գործի նյութերից: Սա, մեր գնահատմամբ, քրեական գործում առկա հերթական կեղծիքն է, որով այս քրեական գործը շատ հարուստ է»,- ասաց Հայկ Ալումյանը:
Դատախազ Կարեն Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով՝ Հայկ Ալումյանը կրկին ենթադրությունների դաշտ է մտել, երբ ասում է, որ գաղտնալսումները կատարվել են, սակայն բացակայում են գործից: Նրա խոսքով՝ քրեական գործում կա նման որոշում, սակայն Ազգային անվտանգության ծառայությունը տեխնիկական պատճառներով չի կատարել որոշման պահանջները, դրա վերաբերյալ քննիչի կողմից կազմված տեղեկություն կա: Միևնույն ժամանակ, դատախազը տեղեկացրեց, որ Արտակ Բուդաղյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործով Հայկ Ալումյանի միջնորդությամբ դատարանը հարցում է կատարել ԱԱԾ:
Հայկ Ալումյանն էլ ասաց, որ քրեական գործում առկա է քննիչի կողմից կազմված տեղեկանքը. 2013թ. հուլիսի 30-ին քննիչը տեղեկանք է կազմել, համաձայն որի՝ ներկայացել է ԱԱԾ, որտեղ իրեն տեղեկացրել են, որ տեխնիկական պատճառներով հեռախոսային խոսակցություններ չեն լսվել և չեն ձայնագրառվել: Նրա խոսքով՝ տեղեկանքը ստորագրել է քննիչը, իսկ ԱԱԾ-ի կողմից ստորագրություն չկա: «Սա կեղծիք է, հարգելի դատարան, ես սա հայտարարում եմ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ տեղեկանքը դատավարական փաստաթուղթ չէ:
Դատախազն էլ ասաց, որ հանցագործությունները սկսվել և ավարտվել են 2013թ. հունիսի 1-ին: «Երևակայությունս թույլ չի տալիս ենթադրել՝ եթե հանցագործությունը սկսվել և ավարտվել է հունիսի 1-ին, այս ի՞նչ պետք է խոսացած լինեին, որը լույս էր սփռելու այդ հանցագործության վրա, երբ կան այդ հանցագործության տեսաձայնագրությունները, ձայնագրառումները, ականատես վկաների ցուցմունքները»,- ասաց նա:
Այս գործով նախորդ դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ քրեական գործից նյութեր են բացակայում: Նա նշել էր, որ դատարանի որոշման հիման վրա քննիչը պահանջել և «Orange Armenia» ընկերությունից ստացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերաբերյալ տվյալները, զննել այդ փաստաթղթերը: Ըստ զննության արձանագրության՝ հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերաբերյալ տվյալները շարադրված են եղել 26 թերթի վրա, որոնք կցվել են զննության արձանագրությանը: Սակայն, փաստաբանի խոսքով՝ այժմ գործին կցված է ընդամենը 16 թերթ: Այսօրվա դատական նիստին դատախազը դատարանին կրիչով ներկայացրեց վերծանումների էլեկտրոնային տարբերակը:
Նրա խոսքով՝ 430 զանգ առկա է էլեկտրոնային կրիչի մեջ, նույն հաջորդականությամբ արտացոլված է վերծանումների մեջ: «Ոչ մի տող, ոչ մի բառ կամ որևէ տող չի պակասում: Որևէ հեռախոսազանգ դուրս չի մնացել»,- ասաց նա:
Նրա տեղեկացմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել քննիչին: Հայկ Ալումյանն էլ ասաց, որ իր համար դեռևս չփարատված հարց է՝ կրիչն ի սկզբանե 16 թե՞րթ է եղել, թե՞ հետո է համապատասխանեցվել. այդ հարցի պատասխանը պետք է տա քննիչը:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 15-ին: