Ում է զանգահարած եղել Սուրիկ Խաչատրյանը հայտնի կրակոցների ժամանակահատվածում և դեպքից հետո

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը շարունակեց ներկայացնել իր բողոքները: Փաստաբանը դատարան բողոքարկել է Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, ինչպես նաև 2013թ. հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:

Տիգրան Խաչատրյանը պաշտպանվե՞լ է

Հայկ Ալումյանն ասաց, որ քննիչի և դատախազի կողմից հիմք է ընդունվել այն վարկածը, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների վրա կրակելիս Տիգրան Խաչատրյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Նրա խոսքով՝ քննիչն իր վարկածը հիմնականում կառուցել է դեպքի մասնակցների կողմից (բացի Արտակ Բուդաղյանից) 2013թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տրված ցուցմունքների վրա. քննիչի որոշման մեջ հիշատակվում են նաև մի շարք փորձաքննությունների եզրակացություններ, սակայն դրանք չեն առնչվում այն խնդրին, թե ով է ումից պաշտպանվել դեպքի ժամանակ:

Հայկ Ալումյանի խոսքով՝ դեպքի մասնակիցների և ականատեսների ցուցմունքների հավաստիությունը գնահատելիս՝ քննիչը հաշվի չի առել մի շարք հանգամանքներ. բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Տիգրան Խաչատրյանը պաշտպանվել է և այլ անձանց պաշտպանել է Արտակ և Ավետիք Բուդաղյանների հարձակումից, կամ Խաչատրյանների ընտանիքի անդամներ են, կամ նրանց մերձավոր ազգականներ, կամ տնային աշխատողներ: «Այսպիսով, նրանք կարող են ունենալ լուրջ շարժառիթ Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու համար: Դրա հետ մեկտեղ՝ այս անձինք իրենց սկզբնական ցուցմունքներում էականորեն հակասում էին միմյանց, սակայն 2013թ. օգոստոս ամսից սկսած նրանք բոլորը կրկին հարցաքննվել են և տվել միմյանց նմանվող ցուցմունքներ: Սա կարող է վկայել այն մասին, որ նշված անձանց ցուցմունքները փոխահամաձայնեցված և համապատասխանեցված են եղել հենց այդ փուլում ստացված փորձաքննությունների եզրակացությունների հետ»:

Կարդացեք նաև

Փաստաբանն ասաց, որ իրականում գործի մի շարք ապացույցներով հերքվում է քննիչի վարկածը. «Քննիչի վարկածը կայանում է նրանում, որ Արտակ Բուդաղյանի գործողություններն իրական վտանգ էին առաջացնում Խաչատրյանների համար, ովքեր չգիտեին և չէին կարող իմանալ, որ նրա հրացանը լիցքավորված չէ: Սակայն, անգամ, եթե հիմք ընդունենք այս տեսակետը, ապա Տիգրան Խաչատրյանի կողմից կատարված առաջին կրակոցի ժամանակ Արտակ Բուդաղյանն արդեն իսկ հեռացված էր դեպքի վայրից Ավետիք Բուդաղյանի և Լորետա Բարսեղյանի կողմից և այլևս որևէ վտանգ չէր ներկայացնում այդ պահին, քանի որ նրա ենթադրյալ հարձակումն արդեն ավարտված էր: Դա կարելի է տեսնել դեպքի տեսագրությունից: Ավելի կարևորը նա է, որ Տիգրան Խաչատրյանը ժամը 23:07:27 վայրկյանից 23:07:31 վայրկյան կրակել է 3 անգամ, որոնցից 2-ը՝ Ավետիքի վրա, մինչդեռ ընդհուպ մինչև այդ պահն Ավետիքը ոչ միայն որևէ վտանգ չի ներկայացրել Խաչատրյանների համար, այլև հակառակը՝ Լորետա Բարսեղյանի հետ միասին հանգստացրել ու դեպքի վայրից հեռացրել է եղբորը՝ Արտակ Բուդաղյանին»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ բացի դա՝ համակարգչատեխնիկական և տեսաձայնագրառման համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ արձանագրված են հետևյալ խոսակցությունները.

Կանացի ձայն. «Ցավդ տանեմ Տիգրան, Տիգրան (ճիչ), Տիգրան, ինչի համար տվիր սպանիր, մի կրակի, էլի, … մի կրակի,…»,

Տղամարդու ձայն 2. «Տուն մտի հլը»

Կանացի ձայն 4. «Տիգրան, բոյդ թաղեմ»

Կանացի ձայն 3. «Մի կրակի էլի, աման»

Կանացի ձայն 5. «Բա ասում եմ՝ մի կրակեք, անասուն»:

«Այս կանանց մեջ է Տիգրան Խաչատրյանի մայրը, հորաքույրը, մորաքույրը և նրանց տան աշխատողը: Եթե Տիգրանը պաշտպանվելիս լիներ կյանքի համար վտանգավոր, իրական սպառնալիքից, ապա ինչո՞ւ պիտի այս կանայք նրան աղաչեին՝ չկրակել, իսկ կրակելուց հետո՝ նախատեին և վիրավորանքներ հասցնեին: Նույն Տիգրան Խաչատրյանը ժամը 23:08:10 վայրկյանին կրակում է Ավետիքին մեջքից և տապալում նրան, երբ վերջինս արդեն ծանր վիրավոր վիճակով, հազիվ քայլելով հեռանում էր դեպքի վայրից: Այս կրակոցը որևէ պարագայում չի կարող դիտվել՝ որպես անհրաժեշտ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ քննիչը փորձաքննություն չի նշանակել՝ պարզելու համար, թե այս կանանց ձայներն ում են պատկանում, չի կատարել նաև քննչական փորձարարություն՝ պարզելու համար Տիգրան Խաչատրյանի ցուցմունքի համապատասխանությունը դեպքի իրական հանգամանքներին. «Մինչդեռ նման գործողությունը կարող էր բացահայտել նրա ցուցմունքների անարժանահավատությունը: Քննիչը չի հարցաքննել Տիգրան Խաչատրյանին այն հանգամանքի շուրջ, թե ինչու է նա արձակել վերջին կրակոցը, երբ Ավետիք Բուդաղյանն ակնհայտորեն որևէ մեկի համար վտանգ չէր ներկայացնում»:

Զարզանդ Նիկողոսյանը պաշտպանվե՞լ է

Հայկ Ալումյանն ասաց, որ քննիչի և դատախազի կողմից հիմք է ընդունվել այն վարկածը, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների վրա կրակելիս Զարզանդ Նիկողոսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Նրա խոսքով՝ ինչպես՝ Տիգրան Խաչատրյանի, այնպես էլ՝ այս դեպքում քննիչն իր վարկածը հիմնականում կառուցել է Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների, մերձավորների ցուցմունքների վրա: Ըստ փաստաբանի՝ դեպքի մասնակիցների և ականատեսների ցուցմունքների հավաստիությունը գնահատելիս՝ քննիչը հաշվի չի առել, որ Զարզանդ Նիկողոսյանին արդարացնող ցուցմունքները տվել են այն անձինք, ովքեր Խաչատրյանների ընտանիքի անդամներ են, կամ նրանց մերձավոր ազգականներ, կամ տնային աշխատողներ: Բացի դա, ըստ փաստաբանի, այս անձինք իրենց սկզբնական ցուցմունքներում էականորեն հակասում էին միմյանց, սակայն 2013թ. օգոստոս ամսից սկսած՝ նրանք բոլորը կրկին հարցաքննվել են և տվել միմյանց նմանվող ցուցմունքներ. «Սա կարող է վկայել միայն այն մասին, որ նշված անձանց ցուցմունքները փոխահամաձայնեցված և համապատասխանեցված են եղել հենց այդ փուլում ստացված փորձագետների եզրակացություններին. ընդ որում, դա չէր կարող արվել՝ առանց քննիչի անմիջական օժանդակության»:

«Քննիչը հաշվի չի առել այն փաստը, որ Զարզանդ Նիկողոսյանը կրակել է Ավետիք Բուդաղյանի վրա նաև այն ժամանակ, երբ վերջինս արդեն ծանր վիրավոր վիճակում, հազիվ քայլելով հեռանում էր դեպքի վայրից: Այս կրակոցը որևէ պարագայում չի կարող դիտվել՝ որպես անհրաժեշտ»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ քննիչը չի կատարել նաև քննչական փորձարարություն՝ պարզելու համար Զարզանդ Նիկողոսյանի ցուցմունքի համապատասխանությունը դեպքի իրական հանգամանքներին. «Մինչդեռ նման գործողությունը կարող էր բացահայտել Զարզանդ Նիկողոսյանի ցուցմունքների անարժանահավատությունը: Քննիչը չի հարցաքննել Զարզանդ Նիկողոսյանին այն հանգամանքի շուրջ, թե ինչու է նա արձակել վերջին կրակոցը, երբ Ավետիք Բուդաղյանն արդեն ակնհայտորեն որևէ մեկի համար վտանգ չէր ներկայացնում»:

Գործից նյութեր են բացակայում

Դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանն ասաց, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված է, որ զննության ընթացքում կատարվել են տեսա և լուսանկարահանումներ, սակայն լուսանկարներն ու տեսագրությունները քրեական գործում բացակայում են: «Այսպիսով, ներկայումս քրեական գործի միջից հանված են դեպքի վայրի առաջին զննության ընթացքում կատարված լուսանկարահանման և տեսագրության կրիչները, այսինքն՝ առերևույթ առկա է քրեական գործի նյութերը կեղծելու փաստ: Միևնույն ժամանակ, գործում առկա են դեպքի վայրի երկրորդ զննության ժամանակ՝ 2013թ. հունիսի 2-ին՝ ժամը 8:45-9:25-ը կատարված լուսանկարները: Ընդ որում, այդ լուսանկարներում առկա են մի շարք այնպիսի առարկաներ, որոնք արդեն իսկ առգրավված են եղել առաջին զննության ընթացքում: Ստացվում է, որ երկրորդ զննության ընթացքում փաթեթներից հանվել և դեպքի վայրում տեղադրվել են մինչև այդ առգրավված և փաթեթավորված առարկաներ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանն ասաց, որ քննիչը պահանջել և քրեական գործին է կցել դեպքի մասնակիցների հեռախոսահամարների վերծանումները, սակայն դրանց մի մասը գործին չի կցվել: Ըստ նրա՝ դատարանի որոշման հիման վրա քննիչը պահանջել և «Orange Armenia» ընկերությունից ստացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերաբերյալ տվյալները, զննել այդ փաստաթղթերը: Ըստ զննության արձանագրության՝ հեռախոսահամարի մուտքային և ելքային զանգերի վերաբերյալ տվյալները շարադրված են եղել 26 թերթի վրա, որոնք կցվել են զննության արձանագրությանը: Սակայն, փաստաբանի խոսքով՝ այժմ գործին կցված է ընդամենը 16 թերթ:

«Ընդ որում, հատկանշական է, բացակայում են հենց հատկապես այն էջերը, որոնցից պետք է երևար, թե ում է զանգած եղել Սուրիկ Խաչատրյանը դեպքի ժամանակահատվածում և դեպքից հետո: Այդ էջերի բովանդակությունը, մասնավորապես, կարող էլ լույս սփռել այն հարցի վրա, թե արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել դեպքի ժամանակահատվածում, (իսկ մենք պնդում ենք, որ՝ ոչ, քնած չի եղել), ինչպես նաև այն հարցի վրա, թե ինչ հեռախոսազանգեր է նա կատարել և ում»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ հնարավոր չէ մտածել, որ դրանք բացակայում են քննիչի անուշադրության հետևանքով, քանի որ դրանք այն էջերն են, որոնք միայն նշանակություն ունեն գործի համար:

«Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ այստեղ առկա են պաշտոնական կեղծիքի հատկանիշներ: Ավելի հստակ այս հարցին կարելի կլինի պատասխանել, երբ Դատախազությունը քրեական գործ կհարուցի այս փաստի առթիվ, և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քննություն կկատարի: Սակայն ներկա պահին դատարանի կողմից իրականացվող քննության շրջանակներում պարզապես անրաժեշտ է հրավիրել դատարան այս գործողությունն իրականացրած քննիչին»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ մեկ այլ արձանագրության համաձայն՝ քննիչը զննել է «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերությունից ստացված վերծանումները, արձանագրության համաձայն՝ զննվել է 24 թերթ, որոնք, ըստ զննության արձանագրության, կցվել են գործին: Հայկ Ալումյանի խոսքով՝ գործի նյութերից երևում է, որ 24 թերթից, որոնց մեջ են նաև Սուրիկ խաչատրյանին պատկանող հեռախոսահամարների վերծանումները, գործին են կցվել 22-ը:

Հայկ Ալումյանն ասաց, որ քննիչի կողմից առգրավվել են Սուրիկ Խաչատրյանի անվամբ հաշվառված հրազենների անձնական գործերը, ընդհանուր առմամբ առգրավված է եղել 5 գործ, սակայն գործում այժմ բացակայում են այդ փաստաղթերը կամ դրանց պատճենները: «Այստեղ տեղին կլիներ հիշատակել հանրապետության նախագահի՝ 2015թ. փետրվարի 12-ի ելույթի հատվածը, որտեղ ասված է. «Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»:

Այս գործը ոչ այլ ինչ է, քան հանցագործությունների պրոֆեսիոնալ քողարկման մեխանիզմների գործադրման մի վառ օրինակ»:

Հայկ Ալումյանն ասաց, որ պետության պարտավորություններից մեկն այն է, որ տուժողը կողմը պետք է կարողանա արդյունավետ մասնակցել նման գործերի քննությանը. «Տուժող կողմն այս գործի քննության ընթացքում արդյունավետ մասնակցություն չի ունեցել, չէր էլ կարող ունենալ, որովհետև այս գործը՝ կապված Ավետիք Բուդաղյանի սպանության հետ, սկսվել է նախաքննությամբ, ավարտվել նախաքննությամբ: Նախաքննության ժամանակ տուժող կողմը չի կարող ունենալ արդյունավետ մասնակցության հնարավորություն: Արդյունավետ մասնակցությունը կլիներ նա, երբ Ավետիք Բուդաղյանի սպանության վերաբերյալ քննությունը լիներ հրապարակային»:

Փաստաբանը միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել քննիչին, Սուրիկ Խաչատրյանին, Լորետա Բարսեղյանին, Տիգրան և Տրդատ Խաչատրյաններին, Զարզանդ Նիկողոսյանին, Մարիետա Շալունցին, Արագած Ղևոնդյանին, Արտակ Բուդաղյանին, Կարինե Խաչատրյանին: Դատախազն ու քննիչն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը նման ընթացակարգ չի սահմանում: Նույն հիմնավորմամբ դատարանը մերժեց միջնորդությունը:

Դատախազ Կարեն Հարությունյանը ներկայացնելով իր առարկությունները՝ նշեց, որ Հայկ Ալումյանը յուրովի է մեկնաբանում և նշում, որ հարցաքննված անձինք մերձավոր ազգականներ են, կապակցված են, սակայն պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ այդ անձինք հարցաքննվել են, քանի որ գտնվել են դեպքի վայրում: Նրա խոսքով՝ գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Ավետիք Բուդաղյանի մոտ հրազեն է եղել, երբ նա առաջին անգամ եկել է Խաչատրյանների տան բակ, իսկ մյուս կողմի մոտ զենք չի եղել, որոշ ժամանակ անց Ավետիք Բուդաղյանը եկել է դեպքի վայր, հետո եկել է նաև Արտակ Բուդաղյանը, և «մինչև Արտակ Բուդաղյանի կողմից զենքի ցուցադրումը և զենքով մեքենայից դուրս գալը՝ որևէ մեկի մոտ զենք չի եղել, և որևէ մեկը զենք չի գործադրել». «Ձայնագրառումներից ակնհայտ երևում է, հարգելի դատարան, որ երբ Արտակ Բուդաղյանը, զենքը ձեռքին և սպառնալիքներ հնչեցնելով՝ մեքենայից դուրս է եկել, միայն այդ ժամանակ է Տիգրան Խաչատրյանը վազել դեպի տուն և զենքը վերցրել, հետ եկել դեպքի վայր»: Դատախազի խոսքով՝ Հայկ Ալումյանը յուրովի է մեկնաբանում, մեկնաբանությունները տեղին չեն, քրեական գործով ձեռք բերված և որոշման մեջ շարադրված ապացույցներն ավելի հիմնավոր են:

Դատախազն ասաց, որ առաջին օրերին գործը քննվել է Գորիսի քննչական բաժնում, դեպքի վայր գնացել և զննություն է կատարել այնտեղի քննիչը, և երբ գործը հանձնվել է զինվորական քննչական մարմին, տեսաերիզ չի եղել: Նրա խոսքով՝ էլեկտրոնային տարբերակով ստացվել են հեռախոսահամարների վերծանումները, և այն մասը, որոնք քննիչի գնահատմամբ՝ համադրելի են ապացույցների հետ, ամրագրվում են և կցվում գործի նյութերին, Հայկ Ալումյանը զրկված չի եղել էլեկտրոնային տարբերակները հետազոտելու հնարավորությունից. «Վերծանումներով ամբողջ ծավալով, այն, ինչ քննիչը ստացել է, քրեական գործին կցված են, պարոն Ալումյանն էլ շատ լավ հնարավորություն ունի, պարոն Ալումյանին տրամադրվել են ամբողջ նյութերը: Դե, որ այդպես է, թող պարոն Ալումյանը ներկայացնի, ասի՝ տեսեք, իմ օրինակի վրա այս-այս զանգերը կան, դուք հանել եք, քննիչը հանել է, նման բան չկա»:

Նա պնդեց, որ Հայկ Ալումյանի բողոքը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 30-ին:

Տեսանյութեր

Լրահոս