«Երբ ԲՀԿ-ն հայտնվեց նոկդաունային իրավիճակում, Ժ. Սէֆիլյանը փորձ կատարեց այդ ընդդիմադիր դաշտի մեծ զանգվածները դեպի իրենց գրավել»
Հարցազրույց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ
– Ինչպես հայտնի է, «Հիմնադիր խորհրդարանը» փոխել է իր մարտավարությունը և շուրջօրյա հանրահավաքները հետաձգում է` պատճառաբանությամբ, թե իրենց ակնկալած մոբիլիզացիան տեղի չունեցավ։ Նրանք խոստանում են հասնել իրենց նպատակին` իշխանափոխությանը, սակայն` մայիսի 10-ից հետո։ Ինչպե՞ս եք գնահատում ՀԽ գործունեությունը` այս փուլում, և արդյոք իշխանափոխության իրական հնարավորություններ տեսնո՞ւմ եք։
– Կրկնում եմ` ես իշխանափոխության ոչ մի հնարավորություն այս պահին չեմ տեսնում, և դա ոչ միայն պայմանավորված է ՀԽ-ի գործունեությամբ, այլև ընդհանրապես որևիցե քաղաքական ուժի, որը Հայաստանում ընդդիմություն է իրեն ներկայացնում և հայտարարում է, որ ինքը շատ արագ կարող է հասնել իշխանափոխության։ Ինչ վերաբերում է ՀԽ-ի ռազմավարությանը, որն իրենք փոխել են, ապա պետք է նշեմ, որ դա շատ սպասելի էր, որովհետև ՀԽ հիմնական անդամները հիմա գտնվում են անազատության մեջ, և, բացի դրանից, իրենք էլ շատ լավ հասկացել են, որ իրենց չի հաջողվել հավաքել այն զանգվածը, որի միջոցով կարող էին իշխանափոխություն իրականացնել։ Ես չեմ հավատում, որ այս պահին որևիցե քաղաքական ուժի կամ հասարակական կազմակերպության կհաջողվի հասնել իշխանափոխության։
– Ինչո՞ւ եք այդպես մտածում` իշխանություննե՞րն են այդքան անխոցելի, թե՞ իրական ընդդիմություն չկա։
– Ընդհակառակը` իշխանությունները շատ խոցելի են, և ես նորից եմ նշում, որ ՀՀ-ն երևի այն եզակի երկրներից է աշխարհում, որտեղ իշխանությունը չունի սոցիալական բազա։ Ժողովրդի մեծ մասը գտնվում է ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում, բայց երկիրը չունի համապատասխան հզորությամբ ընդդիմություն, որը կարող էր պարտադրել իշխանություններին ավելի զգոն լինել։ Ինչ վերաբերում է Հայատանում գործող ընդդիմադիր դաշտին, ապա պետք է ասեմ, որ ԲՀԿ-ի` ընդդիմության դաշտից դուրս գալուց հետո` ես համապատասխան քաղաքական ուժ չեմ տեսնում, որ կարող է որևիցե կերպ ազդել ընդդիմադիր զանգվածներին մոբիլիզացնելու պահով։
Ընդդիմություն լինելու համար շատ կարևոր է ոչ միայն ընդդիմադիր գաղափարախոսություն ունենալ, այլև պետք է բավական մեծ ֆինանսական հնարավորություններ ունենալ, որը մեր գործող ընդդիմությունը չունի։ Իհարկե, մենք ունենք խարիզմատիկ ընդդիմադիր լիդերներ, ինչպիսիք են, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը կամ նույն Ժիրայր Սէֆիլյանը, բայց միևնույն ժամանակ` պետք է նաև նշենք, որ նրանց ֆինանսական հնարավորությունները շատ սուղ են։
– Ըստ Ձեզ` ինչո՞ւ հասարակությունը չի հավաքվում ՀԽ-ի շուրջ, չէ՞ որ իշխանափոխության պահանջ, կարծես թե, հասարակության մեջ էլ կա։
– ՀԽ-ի ռազմավարությունը շատ սխալ էր, որովհետև իրենք շատ վատ ժամանակ ընտրեցին ակտիվանալու համար։ Երբ ԲՀԿ-ն հայտնվեց նոկդաունային իրավիճակում, Ժիրայր Սէֆիլյանը փորձ կատարեց այդ ընդդիմադիր դաշտի բավական մեծ զանգվածները դեպի իրենց գրավել, որը նրա մոտ չստացվեց մի քանի պատճառներով։ Նախ, որովհետև ժողովուրդը, որն ընդդիմադիր տեսակետներ ուներ, հայտնվեց ապատիկ վիճակում, իրենք հիմա շատ դեպքերում չեն հավատում բացարձակ ոչ ոքի։ Ժողովուրդը չի հավատում թե՛ հին ընդդիմությանը, թե նորաթուխ ընդդիմությանը։
– Կարելի՞ է ասել, որ իշխանությունները` ի դեմս ՀԽ-ի, տեսան իրական ընդդիմություն և կասեցրին նրանց դեռ չսկսված շարժումը։
– Կասեցման միակ պատճառն այն էր, որ իշխանություններին, առանց որևիցե խնդիրներ առաջացնելու, հաջողվի կազմակերպել ապրիլի 24-ի բոլոր միջոցառումները, որովհետև իշխանությունների համար բացարձակ ձեռնտու չէր, որ ՀԽ-ն ապրիլի 24-ին պատրաստվում էր կազմակերպել շուրջօրյա հանրահավաքներ, երթեր, և այլն, այն դեպքում, երբ ՀՀ-ում գտնվում էին բարձրաստիճան հյուրեր արտասահմանից։ Ինչ վերաբերում է ՀԽ-ի իրական ընդդիմություն լինելուն, նրանք, իրոք, երևի իրական ընդդիմություն են։
– Ի՞նչ կարելի է ակնկալել, երբ ազատ արձակվեն ՀԽ-ի լիդերները։ Ըստ Ձեզ` շարժումը նոր թա՞փ կստանա, թե՞ այն արդեն ամբողջությամբ կասեցված եք համարում։
– Ես մեծ հույսեր չեմ տածում ՀԽ-ի ակտիվության պահով, որովհետև դուք շատ լավ տեսաք, որ նրանց հանրահավաքները` թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում, շատ փոքր զանգվածներ էին հավաքում։
– Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել Սիսի պատմական Կաթողիկոսարանը վերադարձնելու պահանջով։ ԵՊՀ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով` դա միանշանակ ընդունել չի կարելի, հաշվի առնելով այն, որ Արամ կաթողիկոսի նախորդ հայտարարությունից հետո, որը վերաբերում էր հենց նույն խնդրին, Հալեպում պայթեց Քառասուն մանկանց վանքը։ Ըստ նրա` մենք նման քայլերով առանց այդ էլ վտանգավոր համայնքները նոր հարվածների տակ դնելու իրավունք չունենք։ Ձեր կարծիքով` կա՞ նման վտանգ, թե՞ ոչ։
– Եթե մենք խոսում ենք վտանգներից, որը կա Հայ Առաքելական եկեղեցու պահով թե՛ Թուրքիայում, թե՛ Թուրքիայի հարևան պետություններում, ապա պետք է նշեմ, որ այդ վտանգը միշտ էլ եղել է։ Թուրքիայում բնակվող հայերը կամ արտագնա աշխատանքով այնտեղ մեկնած ՀՀ քաղաքացիները թուրքական իշխանությունների կողմից միշտ էլ օգտագործվել են` որպես «պատանդ»։ Թուրքիայի նախկին վարչապետ և ներկայիս նախագահ Ռ. Թ. Էրդողանը միշտ էլ սպառնացել է հայերին վտարել Թուրքիայի տարածքից բազում պատճառներով։ Սա մեզ համար նորություն չէ։ Եթե մենք պետք է վախենանք թուրքական իշխանություններից այն պատճառով, որ նրանք կարող են հաշվեհարդար տեսնել մեր ունեցվածքի կամ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, ապա մենք ընդհանրապես պետք է ակտիվություն չցուցաբերենք։
– Այսինքն` դուք դրակա՞ն եք գնահատում Արամ Առաջինի այդ քայլը։
– Ես շատ դրական եմ գնահատում Կիլիկիո մեր կաթողիկոսի` Արամ Առաջինի որոշումը, որովհետև դա ևս մեկ անգամ կապացուցի թուրքական ստահոդ տեղեկություններն այն մասին, որ իրենց արխիվները բաց են։ Այս դատական գործընթացը կպարտադրի թուրքական իշխանություններին` ապագաղտնազերծել Թուրքիայի կադաստրի պետական տեսչության այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են հայերի ունեցվածքին Օսմանյան կայսրության տարածքում։
– Ձեր կարծիքով` հնարավո՞ր է` սահմանադրական բարեփոխումների շուրջ նոր ընդվզման ալիք բարձրանա։
– Ես հիմա չեմ կարող հստակ ասել, որովհետև իշխանությունները դեռ չեն սկսել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց քարոզարշավը, բայց ես մտածում եմ, որ ընդդիմությունը կտրականապես դեմ կլինի այս սահմանադրական բարեփոխումներին։ Ընդդիմադիր դաշտի ամենակարկառուն ներկայացուցիչներից, ովքեր դեմ էին սահմանադրական բարեփոխումներին, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն էր, հիմա այդ ԲՀԿ-ն չկա, նաև չի լսվում այլ ընդդիմադիր ուժերի ձայնը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։ Հիմա, երբ իշխանությունները սկսեն սահմանադրական բարեփոխումների PR-ը, այդ ժամանակ կիմանանք, թե իրականում ինչ են մտածում ընդդիմադիր դաշտը ներկայացնող քաղաքական ուժերը, և արդյո՞ք նրանց կհաջողվի իրենց կողմը գրավել այն զանգվածին, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին։