
Մեդվեդևը հեռագիր է հղել Հովիկ Աբրահամյանին՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը.
«Այս օրերին մենք հարգում ենք պատմության ամենադրամատիկ իրադարձութուններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սգում ենք 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում զանգվածային բռնությունների հետևանքով զոհվածների համար:
Մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցանքը չունի և չի կարող ունենալ արդարացում: Յուրաքանչյուրի պարտքն է այդ սարսափելի աղետների մասին ճշմարտությունը խնամքով պահպանելն ու ամեն բան անելը, որպեսզի անցյալի սարսափները չկրկնվեն երբևէ և որևէ տեղ»:
Մեդվեդևն իր ու Ռուսաստանի կառավարության անունից իր հայ գործընկերոջն ու Հայաստանի բոլոր քաղաքացիներին հղել է կարեկցանքի խոսքեր. «Մենք կիսում ենք ձեր վիշտն ու ցավը: Լուսավոր հիշատակ զոհվածներին: Թող ապագա սերունդները մշտապես ապրեն խաղաղության ու համաձայնության մեջ»: