
«Պետք է ապահովենք քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ ու 18 տարին լրացածին բանակ տանենք»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ քննարկվող «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը հակասահմանադրական է:
Օրինագծով, հիշեցնենք, առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների համար 1 տարով երկարաձգել ժամկետը, որ վերադառնան հայրենիք ու, վճարելով սահմանված գումարը, խուսափեն քրեական հետապնդումից:
Նա հիշեցրեց, որ 1997թ. մինչև 2003թ. պաշտպանության նախարարները հայտարարություն էին անում ու դասալիքներին հրավիրում էին ծառայության՝ ազատելով քրեական հետապնդումից: Ըստ նրա՝ նույնիսկ զինդատախազը ոտնահարում էր քաղաքացիական դատախազների իրավունքը, որ զինդատախազություն ներկայանալու դեպքում դասալիքին ոստիկանությանը չներկայացնեն՝ այդպիսով ոմանք զրկվում էին սպասելիքներից:
Ջհանգիրյանի կարծիքով՝ օրինագիծը հակասահմանդրական է, որովհետև բոլոր քաղաքացիները անկախ իրենց դիրքից հավասար են օրենքի առաջ:
Գ.Ջհանգիրյանը նշեց, որ 10 տարի առաջ 15 հազար հետախուզվող կար, որից 4000-ն այն կոնտինգետն էր, որ դուրս էին եկել երկրից ծնողների հետ, իսկ 2014-ին հետախուզման մեջ է 9987 հոգի, այսինքն՝ 10 տարում այդ թիվը 400-500-ով է պակասել:
Պատգամավորը շեշտեց, որ այս օրենքը չի գործում, առավել ևս զորակոչի խնդիր ունենք. «Այն ժամանակվա համեմատ կեսն է զորակոչվում: Սա օրինական սողանցք է: Ինչի՞ գան Հայաստան: Գան, որ բռնեն տանեն բանա՞կ»: Ջհանգիրյանը նաև նշեց, որ խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է, ոչ թե սփյուռքահայերի ու Սփյուռքի նախարարը չպետք է ներկայացնի այս օրինագիծը:
«Ոչ ժամկետ հանելը, ոչ փողն ավելացնելը խնդիր չի լուծում: Պետք է ապահովենք քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ ու 18 տարին լրացածին բանակ տանենք: Սա զորակոչից խուսափելու մասին է, սա օրենք է, թե ինչպես օրինական ճանապարհով խուսափեն ծառայությունից: Այս օրենքը հակապետական, հակաբանակային օրենք է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հետախուզումը ԱՊՀ-ում էլ չի գործում: