Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի ուղերձը
Այսօր ՄԻՊ-ի դիմաց հացադուլ անող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը 168.am-ին փոխանցեց իր հայտարարությունը՝ ուղղված իր հայրենակիցներին: Մեզ հետ զրույցում նա նաև տեղեկացրեց, որ այս ուղերձին հաջորդելու է ՀՀ նախագահին ուղղված իր հայտարարություն, իսկ հետո նաև՝ ազատամարտիկներին:
Հայատարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ազատ միտքը, ազատ խոսքը, ազատ գործելակերպը ժամանակակից, առաջադեմ մարդկությանը պատկանելիության հիմնական հատկանիշներն են: Ցեղասպանությունը վերապրած, նացիզմին, Երկրորդ աշխարհամարտին դիմակայած հայ ժողովուրդը վերակերտեց անկախ պետականությունը նաև այն հույսով և հավատով, որ այլևս հայը երբեք անազատ չի լինի:
Ավաղ, այսօր մեր երկրում ընթանում են գործընթացներ, որոնք կասկածի տակ են դնում հայոց պետականության ապագան: Հայ մարդուն իր իսկ երկրում ուժով ստիպում են հրաժարվել սեփական սկզբունքներից, գաղափարներից, պարտադրում են ընդունել ապրելաոճ, որը հարիր չէ արժանապատվություն ու ազգային հպարտություն ունեցող ժողովրդին:
Ավելին, գոյացել է քաղբանտարկյալների ինստիտուտ՝ արդի ժողովրդավարական աշխարհին անհամատեղելի երևույթ: Շուրջ 18 մեր հայրենակիցները գտնվում են անազատության մեջ միայն այն բանի պատճառով, որ իրենց պատկերացումները Հայաստանի ներկայի և ապագայի վերաբերյալ վտանգում են իշխող վարչախմբի գոյությունը:
Կասկածից վեր է, որ մենք բոլորս սիրում ու պաշտում են մեր հայրենիքը: Սակայն հայրենասիրությունը, որը զրկված է մարդասիրությունից, որի հիմքում դրված չէ սերը և հարգանքը մարդու նկատմամբ, անկախ վերջինիս հայացքներից, ուշ թե շուտ վերածվում է երիտթուրքերի և նացիստների աշխարհայացքների: Թույլ չտաք նման բան:
Կոչ եմ անում հայրենի հանրությանը միահամուռ բարձրացնել իր ձայնը ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների և սկսել նրանց ազատելու գործընթացը»: