«Բոկո Հարամ» խմբավորումը փոխել է իր անունը
Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ «Բոկո Հարամ» խմբավորումը փոխել է իր անվանումը, այժմ նա կոչվում է «Իսլամական պետության արևմտաաֆրիկյան նահանգ» (Islamic State’s West Africa Province, ISWAP):
Զինյալներն այդ անվանափոխությունը նշանավորել են Կարամգա կղզու վրա հարձակում գործելով, ուր գտնվում է Նիգերի զինված ուժերի բազան: Հարձակումն իրականացվել է շաբաթ, իսլամականները մոտորանավակներով հասել են կղզի և մարտի մեջ են մտել կայազորի հետ:
Զինվորականները ծանր կորուստներ են կրել: «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեկաուն «Իսլամական պետությանը» հավատարմության երդում է տվել դեռևս մարտի սկզբին, սակայն ISWAP անունը զինյալների թերթիկներում հայտնվել է միայն ներկայումս:
Չի բացառվում, որ ԻՊ-ի հետ կապերի ամրապնդումը կհանգեցնի Աֆրիկայում իսլամականների գործունեության ակտիվացմանը: «Բոկո Հարամ» խմբավորումը (թարգմանաբար նշանակում է «Արևմտյան կրթությունը մեղք է») ստեղծվել է 2002 թվականին: Այն հիմնականում գործում է Նիգերիայի ու հարևան երկրների տարածքներում: