
Այսօր Կիևում տեղի է ունենալու Ուկրաինա-ԵՄ հերթական գագաթաժողովը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Կիևում տեղի կունենա Ուկրաինա-ԵՄ հերթական գագաթաժողովը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: Գագաթաժողովը մեկնարկելու է տեղական ժամանակով ժամը 12:10-ին:
Գագաթաժողովի լիագումար նիստը կմեկնարկի դրանից 2.5 ժամ անց և կհեռարձակվի Ուկրաինայի Ազգային հեռուստատեսության ուղիղ եթերով: Գագաթաժողովի ավարտից հետո կազմակերպվելու է համատեղ մամուլի ասուլիս, որին մասնակցելու են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչն ավելի վաղ հայտարարել էր, որ գագաթաժողովի ուշադրության կենտրոնում է գտնվելու Ուկրաինայում բարեփոխումներ անցկացնելու հարցը, ինչը մասնավորապես առնչվելու է սահմանադրական, ապակենտրոնացման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի, էներգետիկ սեկտորի վերակառուցման և բիզնեսի միջավայրի բարելավման բարեփոխումներին:
Բացի այդ, գագաթաժողովի ժամանակ քննարկվելու է Դոնբասում ԵՄ-ի առաքելության ուղղությունների հարցը: Գագաթաժողովը պետք է դառնա Ուկրաինայի հետ ԵՄ-ի համերաշխության հստակ ազդանշան: