
Ղազախստանում անցկացվում են նախագահական ընտրություններ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանում այսօր անցկացվում են վաղաժամ նախագահական ընտրություններ:
Ղազախստանի ԿԸՀ-ի քարտուղար Բահիտ Մելդեշովը հայտարարել է, որ քվեարկությունն իրականացվում է խաղաղ, թափանցիկ, բաց պայմաններում և առանց խախտումների:
Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևն արդեն իսկ քվեարկել է Աստանայում: Երբ նա հայտնվել է ընտրատեղամասում, հնչել են ծափահարություններ: Ղազախստանում նախագահական ընտրություններն անցկացվում են հինգերորդ անգամ:
Նախագահի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու: Հիմնական հավակնորդը Նուրսուլթան Նազարբաևն է, մյուս թեկնածուներն են Կոմունիստական ժողովրդական կուսակցության Կենտկոմի քարտուղար Թուրգուն Սիզդիկովն ու Արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելգազի Կուսաինովը:
Ղազախստանում վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին որոշում կայացվեց հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների դիմումներից հետո` հաշվի առնելով աշխարհում տիրող տնտեսական բարդ իրավիճակը, և որպեսզի նախագահական ընտրությունները չհամընկնեն 2016 թվականին Ղազախստանում պլանավորված խորհրդարանական ընտրությունների հետ:
Ղազախստանում վերջին անգամ նախագահական ընտրություններն անցկացվել էին 2011 թվականի ապրիլի 3-ին, ընդ որում` դարձյալ վաղաժամ: Նազարբաևն այդ ընտրությունների արդյունքներով հավաքել էր քվեների 95.55 տոկոսը: