Թուրք գիտնականի մտորումները երկրի «պահարանի կմախքների» և անգերեզման մնացած հայերի մասին
openDemocarcy հիմնադրամի կայքը հրապարակել է հատված Ստամբուլի Սաբանջի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Այշե Կադիօղլուի դասախոսությունից, որում հեղինակը մտորում է «թուրքական պահարանում թաքցրած կմախքների» մասին և պատասխանում է «Ինչու՞ մարդիկ պետք է հիշեն Հայոց ցեղասպանությունը» հարցին: Հոդվածը՝ որոշ կրճատումներով, ներկայացնում ենք ստորև.
«2012-ի սկզբին էր, երբ 38 մարդկանց կմախքներ են հայտնաբերվել Դիարբեքիրի շրջանի Իչքալե կոչվող տեղամասում վերականգնողական աշխատանքների ժամանակ: Այն տարածքը, որտեղ հայտնաբերվել էին մնացորդները, Ւչքալեում Սարայքափի բանտի բակն էր, որը կառուցվել էր 1880-ականներին Սուլթան Աբդուլհամիթ 2-րդ-ի օրոք: Բանտը հայտնի է նրանով, որ 1915-ի գարնանն այնտեղ են աքսորել, ապա սպանել Դիարբեքրիրի հայ համայնքի ներկայացուցիչներին:
Կմախքների հայտնաբերումից հետո թուրքական ԶԼՄ-ներում աճյունների ինքնության վերաբերյալ բուռն քննարկումներ էին ընթանում: Մինչ ոմանք պնդում էին, որ դրանք ձերբակալված, ապա սպանված հայերի ոսկորներն էին, մյուսները գրեթե համոզված էին, որ մնացորդները պատկանում են քուրդ զոհերին: Դիարբեքիրի պատմության մեջ անգերեզման զոհերի ցանկն այնքան մեծ է, որ փրկված քուրդ ընտանիքներից շատերը հույս ունեին, որ դա իրենց հարազատներին պատկանող աճյուններն են, որոնք հավուր պատշաճի կթաղվեն:
2012-ին հրապարակված գիտնական Այհան Աքթարի հոդվածում հեղինակը գրել է, որ մարդկային աճյուններն, ամենայն հավանականությամբ, պատկանում են հայերին:
Աքթարի դիտարկումը հիմնված էր Դիարբեքիրում Բրիտանիայի հյուպատոսարանի թարգմանիչ Թովմա Մուգերդիչյանի 1919 թվականին գրված արձանագրության վրա: «Դիարբեքիրի կոտորածը և քրդերի հանդեպ իրականացրած վայրագությունները» վերնագրով արձանագրությունը հիմված է Դիարբեքիրից 2 փրկվածների վկայություններով:
Դրանց համաձայն 1915-ի ապրիլի կեսերին օսմանյան զորքը հավաքել է հայերին և տեղավորել Իչքալեի բանտում: Մի քանի օրից հայ քաղաքական գործիչներին նույնպես այդ բանտ ուղարկեցին: Շուտով բոլոր կրթված հայերը, բժիշկները, իրավաբանները, գործարարները, դատավորները և հոգևորականները համալրեցին նրանց շարքերը: Հետազոտությունները պարզել են, որ գտած մարդկային մնացորդները առնվազն 100 տարեկան են:
Ես մեծացել եմ Թուրքիայում և ոչինչ չգիտեի Հայոց ցեղասպանության մասին նախքան Չիկագո տեղափոխվելս: Հայրս Արաբկիրից է՝ Մալաթիայի շրջանից: Նա ծնվել էր 1929-ին, հորս մանկական հիշողությունները կապված են և ընտանիքին ծանոթ հայ կանանց հետ:
Հիշում եմ՝ պատմության դասագրքերս լի էին ազգային գործիչների հերոսական պատմություններով: Ակնկալվում էր՝ պետք է անչափ հպարտություն զգայինք նրանց համար: Չափահաս տարիքում արդեն ես գիտակցեցի, որ շատ մարդիկ Թուրքիայում իսկապես հպարտությամբ են լցված նրանց հանդեպ, և այդ ամենը ազգային կրթական համակարգի շնորհիվ: Կարծում եմ՝ հպարտության նման զգացումը՝ զուգորդած ցածր ինքնագնահատականով, Թուրքիայի մշակութային հիմնախնդիրներից է: Մի կողմից՝ հպարտության բարձր զգացում նախահայրերի համար, մյուս կողմից՝ ցածր ինքնագնահաական: Ինձ միշտ հետաքրքրել էր այս պարադքոսի ծագումը:
Այսօր մենք գիտենք, որ ոչ մի երկրի պատմություն չի կարող քողարկված լինել: Այն վաղ թե ուշ ջրի երես դուրս կգա, ինչպես Դիարբեքիրում 100 տարի առաջ թաղված և վերջերս հայտնաբերված կմախքները:
Շատ գիտնականներ գտնում են, որ պետք է բացատրեն՝ ինչու է կարևոր հիշել անցյալն ու քննադատորեն մոտենալ պատմությանը: Այս հարցերն ունեն մի քանի պատասխաններ. նախ, հիշել պետք է նրա համար, որպեսզի չկրկնել անցյալի սխալները: Հետո հիշել պետք է նաև ապագան պատկերացնելու համար»: