Բաժիններ՝

Դու ցեղասպան չես, եղբա՛յր իմ, բայց մի՞թե չկա պատասխանատվություն. «Նոր Զարթոնքի» կոչը՝ թուրքերի ներկայիս սերնդին

Թուրքական Demokrat Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հայերի «Նոր Զարթոնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Թուրքերին հասցեագրված այդ հայտարարությունը ստացել է «Կոչ Թուրքիայի հայերից. տե՛ս եղբայր իմ» անվանումը:

Հայտարարությունը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև. «Տե՛ս եղբայր իմ, Հայոց ցեղասպանությունից անցել է 100 տարի: Մի ժողովուրդ, քո տատերի ու պապերի հետ համատեղ ապրած մի ժողովուրդ, ծրագրված ձևով ոչնչացվել է պետության կողմից: Սրանից 100 տարի առաջ փողոցում հանդիպող ամեն 5 անձանցից մեկը հայ էր, մինչդեռ այսօր այդքան հեշտ չէ փողոցում հայի հանդիպելը:

Ի՞նչ եղան նրանք: Հարցրո՛ւ եղբայր իմ: Կա՛նգ առ եղբա՛յր իմ, մի՛ բարկացիր, լսի՛ր: Պետությունը մեզ դավաճան հայտարարեց, նզովեց մեզ, հրեշի կերպար հաղորդեց մեզ: Պետությունը մեզ տարանջատեց միմյանցից և ատելություն սերմանեց:

Տե՛ս եղբայր իմ, լսի՛ր եղբայր իմ: Պետությունը չի առերեսվում հանցանքի հետ, ասում է, թե 100 տարի առաջ ելել ենք միմյանց դեմ և չի առերեսվում հանցանքի հետ: Չառերեսվելով հանցանքի հետ ու չդատապարտելով այն՝ կանգնում ես դա արածների կողքին:

Եղբա՛յր իմ, ցանկանո՞ւմ ես ապրել այսպիսի երկրում: Դու ցանկանո՞ւմ ես ապրել մի երկրում, ուր անարդարությունը պարգևատրվում է: Որտե՞ղ են Հրանտի, Սևակ Բալըքչըի, Մարիցա Քյուչուքի ոճրագործները: Դրսում են, բոլորը դրսում են:

Ինչո՞ւ եղբայր իմ: Ինչո՞ւ են նրանք, ձեռքերը թափահարելով, շրջում ազատորեն: 1915 թվականին հայերի սպանությունը չպատժվեց, ինչն էլ հանգեցրեց նրան, որ իրավիճակը կրկնվեց և ցայժմ շարունակվում է: Չառերեսվելով՝ մենք սպանվում ենք եղբայր իմ: Մենք այլևս չենք ցանկանում սպանվել:

Դու ցեղասպան չես եղբայր իմ: 1915 թվականին դու ծնված չէիր և չես մշակել այդ սպանությունները: Մենք ասում ենք, որ քեզ դիտարկում ենք որպես եղբայր:

Բայց մի՞թե ընդհանրապես չկա որևէ պատասխանատվություն: Որպես այս հողի մարդիկ՝ մի՞թե պատասխանատվություն չենք կրում ժխտման քաղաքականությանն աջակցելու համար, որպեսզի կառուցենք արդար ապագա»:

Հայտարարության մեջ հիշատակված են նաև Թուրքիայի Հանրապետության ժամանակ տեղի ունեցած հայերի, հույների, քրդերի, հրեաների ջարդերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս