Թուրքիայի բնակչության ավելի քան 9 տոկոսը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը. հարցախույզ
Թուրքական Milliyet թերթի լրագրող Մելիհ Աշըքը ներկայացրել է Հայց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում անցկացված հարցախույզի արդյունքները: Հարցախույզն անցկացվել է նախորդ տարեվերջին, դրան մասնակցել է 1508 մարդ:
Հարցախույզն իրականացրել է Տնտեսական ու արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնը (Ekonomi ve Dış Politika Araştırmalar Merkezi, EDAM): Հարցախույզի արդյունքները վկայել են, որ հարցվածների 9.1 տոկոսը կողմ է նրան, որ Թուրքիան 1915 թվականի դեպքերը ճանաչի որպես ցեղասպանություն:
9.1 տոկոսը կողմ է 1915 թվականին զոհվածների համար միայն ներողություն խնդրելուն: 12 տոկոսը կողմ է արտահայտվել 1915 թվականին մարդկանց զոհվելու համար միայն ցավակցություն հայտնելուն, բայց ոչ ներողություն խնդրելուն:
23.5 տոկոսը կողմ է նրան, որպեսզի 1915 թվականին զոհվածների հետ կապված՝ ցավակցություն հայտնվի ոչ թե միայն հայերի, այլ՝ տվյալ ժամանակաշրջանում օսմանյան բոլոր քաղաքացիների համար:
21.3 տոկոսը կարծում է, որ ոչ մի քայլ էլ պետք չէ ձեռնարկել: Հարցին դժվարացել է պատասխանել, չի կողմնորոշվել հարցվածների 25 տոկոսը: Ընդհանուր առմամբ՝ մոտ 80 տոկոսը դեմ է արտահայտվել «ցեղասպանություն և ներողություն» բառերի կիրառմանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Թուրքիայի բնակչության թիվն ավելացել է 1.028.040 մարդով՝ հասնելով 77.695.904 մարդու: