Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու զանգերը ղողանջել են 100 անգամ
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Քումքափըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում այսօր մատուցվել է Սուրբ պատարագ: Պատարագը մատուցել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, պատարագին մասնակցել է նաև Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը:
Պատարագի ժամանակ ընթերցվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, պատարագի ավարտից հետո օդ են բաց թողնվել աղավնիներ և եկեղեցու զանգերը ղողանջել են 100 անգամ:
Աթեշյանը պատարագի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ հավատում է, որ առաջիկայում հայ և թուրք ժողովուրդներին սպասվում են սիրո և եղբայրության արշալույսներով օրեր:
Աթեշյանն ընդգծել է, որ պատարագի ժամանակ հարգանքի տուրք է մատուցվում ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերին, այլև՝ Դարդանելի ճակատամարտում օսմանյան բանակի զոհված զինծառայողներին.
«Ողջ սրտով աղոթում ենք, որ ավարտվեն այս ավերիչ պատերազմները և վերջ տրվեն մարդու իրավունքներին սպառնացող այս հակամարտություններին»: