Թուրքիայում վերստին հարցաքննում են ապրիլի 24-ին սպանված հայազգի զինծառայողի գործով վկաներին

Թուրքական Demokrat Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերից բացի, հարգում են նաև 2011 թվականի ապրիլի 24-ին Բաթմանի նահանգի Քոզլուքի շրջանի զորամասում սպանված հայազգի զինծառայող Սևակ Բալըքչըի հիշատակը:

Այժմ որոշվել է վերստին հարցաքննել նրա սպանության գործով վկաներին: Սևակի ընտանիքի փաստաբանները պահանջում են, որ Սևակին «անզգուշաբար» սպանած ազգայնական Քըվանչ Աղաօղլուին դատապարտվի միտումնավոր սպանություն կատարելու համար:

Ավելի վաղ Սևակի ընտանեկան փաստաբան Ջեմ Հալավուրտը հայտարարել էր, որ սպանությանն ականատես Հալիլ Էքշին նախ հայտարարել է, որ Աղաօղլուն միտումնավոր է սպանել Սևակին, սակայն ավելի ուշ Աղաօղլուի ընտանիքի ճնշման տակ հարկադրված է եղել հրաժարվել իր խոսքերից:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլի 24-ին՝ զորացրվելուց 23 օր առաջ, Սևակ Բալըքչըի վրա «անզգուշաբար» կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, ինչից հետո «չկանխամտածված սպանություն» իրականացնելու համար նրան դատապարտել էին 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման:

Սևակ Բալըքչըի նշանած Մելանի Քումրույանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր. «Սևակի սպանությունից մոտ 6 ամիս առաջ՝ հոկտեմբեր և նոյեմբերի ամիսներին, Սևակը զանգահարել է ինձ և հայտնել, որ իր ծառայակիցները շարունակ ճնշումներ են գործադրում վրա: Նրա ծառայակիցներից մեկը նրան ասել է, որ եթե վաղը Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, ապա առաջինը Սևակին է սպանելու:

Դա վախեցրել էր Սևակին ու ինձ: Նրա մուսուլման զինծառայակիցները Սևակին շարունակ հիշեցրել են, որ նա հայ է, ինչի համար նա որակվել է թշնամի: Բոլոր ծառայակիցների համար Սևակը թշնամի էր»: Դրանից առաջ էլ Մելանի Քումրույանը հայտարարել էր, որ սպանությունից մեկ ամիս առաջ զորամասում Սևակին սպառնացել էին այրել:

Ի դեպ, Սևակի սպանությունից հետո Թուրքիայում ի հայտ եկան նոր պաստառներ ու կարգախոսներ. 1.500.000+1+1 (1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն հայերը, 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը և 2011-ի ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված Սևակ Բալըքչըն):

Տեսանյութեր

Լրահոս