Դավութօղլուն դժգոհել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների դիրքորոշումից՝ Երևան այցելելու համար

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի ստեղծման 95-ամյակին (23.04.1920) նվիրված միջոցառման ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսուա Օլանդի այցերը Հայաստան՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

Դավութօղլուն նկատել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ են և որ նրանց նախագահաների այցը Հայաստան «վկայում»է նրանց «կողմնակալության» մասին, ինչը և «ստվեր է նետում» նրա վրա:

Դավութօղլուն հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջնորդական առաքելություն է իրականացնում Ղարաբաղյան հակամարտության հարցում, ինչի համար էլ իրենք նրանից ակնկալում են «օբյեկտիվ վերաբերմունք»:

Դավութօղլուն հայտարարել է, որ (Հայոց ցեղասպանության հարցում) Ռուսաստանի դիրքորոշումը քննարկել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ և կարվեն անհրաժեշտ քայլեր: Դավութօղլուն հնարավոր չի համարել, որ Գերմանիայի խորհրդարանը կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Դավութօղլուն վերստին հայտարարել է, որ աշխարհում մի շարք շրջանակներ, լոբբիստական կազմակերպություններ ծավալել են «հակաթուրքական կամպանիա», ինչը «կրում է սադրիչ բնույթ»:

Դավութօղլուն պարծեցել է, որ Գալիպոլիի միջոցառումներին մասնակցելու են ավելի մեծ թվով օտարազգի առաջնորդներ, քան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պարագայում է:

Տեսանյութեր

Լրահոս