Բաժիններ՝

«Զոհաբերված Հայաստան». գիրք Ցեղասպանության մասին՝ ականատես մահմեդական արաբի աչքերով

Փոքր-ինչ անհավատալի է հնչում. մահմեդական արաբ բեդվինը, ականատես լինելով հայերի ջարդերին Արևմտյան Հայաստանում, Բոմբեյում գրի է առել իր վկայությունները, այնուհետև 1917 թվականին Ավստրիայում հին հոլանդերենով տպագրել «Զոհաբերված Հայաստան» վերնագիրը կրող գիրքը։ Թեև այդ գիրքը դեռևս նոր է հայտնաբերվել արխիվներից, արդեն վերատպվել է, և շուտով տեղի է ունենալու դրա շնորհանդեսը։ 168.am-ի զրուցակիցն է Բելգիայում գործող «Նուարդ» հայկական մշակութային միության ղեկավար Շահնուր Մինասյանը, ում ընտանիքն էլ «փոշոտ գզրոցներից» գտել է այս մասունքը և այժմ զբաղվում է դրա վերատպությամբ։
– Մանրամասներ կհաղորդե՞ք Ձեր գտածոյից։ Ինչի՞ մասին է պատմում գիրքը։

– «Զոհաբերված Հայաստան» գիրքը շատ յուրահատուկ ոճով է գրված։ Թիվ մեկ հետաքրքիր փաստը հեղինակի մահմեդական լինելն է, ինչն էլ նա բազմիցս նշում է գրքում։ Գրքում նա գրում է Պոնտոսի հայերի, ասորիների ջարդերի մասին, քննադատում եվրոպական հյուպատոսների լռությունը, խոսում հայկական ջարդերում քրդերի դերակատարության մասին, պատմում իր հանդիպումներից Պոլսում, Դիարբեքիրում այնպիսի հայ մտավորականների հետ, ինչպիսիք, օրինակ, Զոհրապն է։ Յուրօրինակ և հետաքրքիր գիրք է, և զարմանալի է, որ մինչ այն գտնելը ոչ մի տեղեկություն չկար նման աշխատության վերաբերյալ։

Այդ գիրքը շատ պատահական գտել է եղբայրս, ով աշխատում է մեր քաղաքապետարանի արխիվում։ Մեր ընտանիքի ոգևորությանը չափ չկար, երբ նման բան հայտնաբերվեց, և մենք մեծագույն ջանքերով հատուկ թույլտվություն ստացանք, որպեսզի կարողանանք 1917 թվականին լույս տեսած այդ գիրքը վերատպել։ Գրքի մասին հայտնի է, որ դրա բնագիրը եղել է արաբերենով, սակայն, չգիտես ինչու, հեղինակը որոշել է հենց Ավստրիայում հրապարակել իր վկայությունները, ու այդտեղ այն թարգմանվել է հոլանդերեն։ Մենք գիրքը հոլանդերենով էլ վերատպել ենք, նպատակ ունենք այն թարգմանել անգլերեն և հայերեն այս հունիս-հուլիս ամիսներին։ Գիրքը տարածելու ենք բելգիական պետական կառույցներում և մի օրինակ ցանկանում ենք նվիրել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։

Ի դեպ, արխիվները քրքրելիս կարելի է բազմաթիվ այլ հետաքրքիր աշխատություններ գտնել։ Օրինակ՝ մի գիրք կա՝ «Սուլթանի դինամիտ» վերնագրով։ Այն պատմում է, թե ինչպես մի բելգիացի ազդվելով Հայոց եղեռնից՝ գնում և մահափորձ է անում թուրք սուլթանի դեմ։ Գիրքը վավերագրական է՝ հիմնված իրական փաստերի վրա։ Նշեմ նաև այն, որ այդ բելգիացու մասին պատմում էին, որ եղել է անարխիստ, բայց և պացիֆիստ, ի տարբերություն մեր ֆիդայիների՝ նա ո՛չ «արյան վրեժ» է ունեցել, ինչպես ընդունված է ասել, ո՛չ էլ Հայկական հարցի լուծումը տեսել է զենքի մեջ։ Սակայն փաստ է, որ ուրիշ ազգի համար վեր է կացել և մահափորձ կատարել պետության առաջին դեմքի դեմ։

– Խոսենք Բելգիայի հայ համայնքի մասին, և, մասնավորապես, «Նուարդ» մշակութային կազմակերպությունից։ Ի՞նչ գործունեություն է ծավալում «Նուարդը»։

– Նախ՝ ասեմ, որ ինձ համար խոցելի է «համայնք» տերմինը։ Փաստացի դա բազմաշերտ մարդիկ են, որոնց մի մասը կարող է որոշակի հասարակական գործունեություն ծավալել։ «Նուարդ» միությունը գործում է 2001 թվականից, 2011 թվականին «Նուարդը» հիմքն ու հիմնադիրը դարձավ Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության, որի նախագահ ընտրվեց հայրս՝ Գևորգ Մինասյանը, ով նաև հայալեզու «Լրագիր» ամսագրի խմբագիրն է, իսկ համադաշնության համակարգող նշանակվեցի ես։

«Նուարդը» զբաղվում է մշակութային, հասարակական, վերջերս՝ ստիպված՝ քաղաքական գործունեությամբ, քանի որ լոբբինգ ենք կատարում Ֆլանդրիայի պառլամենտում մի շարք հարցերի շուրջ։ «Նուարդի» միջոցառումները շարունակական են՝ մենք ունենք կիրակնօրյա դպրոց, պարի խմբակ, հասել ենք նրան, որ Ֆլանդրիայի պառլամենտում Ջուղայի խաչքարերի ոչնչացման դեմ հայտարարություն է ընդւնվել, կարողացել ենք Ֆլանդրիայի ամենամեծ կաթոլիկ եկեղեցու պարիսպներից ներս խաչքար տեղադրել։ Պետք է ասեմ, որ այդ խաչքարը տեղադրելուց հետո ակնհայտ դարձավ, որ թուրքական «ամենազոր» համարվող դիվանագիտությունը մի մեծ փուչիկ է, որը կարող ենք հեշտությամբ պայթեցնել։ Խաչքարը տեղադրելուց առաջ թուրքերը մի մեծ արշավ էին կազմակերպել դրա դեմ, մեզ հետ համեմատած՝ նրանք և՛ քանակով էին շատ, և՛ ունեին իրենց դեսպանատան աջակցությունը։ Սակայն խաչքարը տեղադրվեց։ Թեև հետո թուրքերը փորձեցին վառել այն՝ ներքևից կոթողը մի փոքր սևացել է։

– Այս ապրիլյան օրերին ի՞նչ է անելու «Նուարդը»։

– Մենք կարողացել ենք այնպես անել, որ ապրիլի 27-ին Ֆլանդրիայի պառլամենտի շենքում նախադեպը չունեցող ցուցահանդես տեղի ունենա՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին։ Նպատակն այն է, որ պառլամենտ մտնող բոլոր պատգամավորները ծանոթանան նախորդ դարասկզբի զարհուրելի դեպքերի հետ։ Մեծ դժվարությամբ ենք կազմակերպել ցուցահանդեսը, բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել տարբեր պատգամավորների հետ։ Կարելի է ասել, որ մեր բախտը բերեց, քանի որ այսօր Ֆլանդրիայի իշխող կուսակցությունն ունի անկախանալու միտումներ, ցանկանում է անջատվել Բելգիայից, այդ առումով նրանք հայերի պատմությունն իրենց բավականին հոգեհարազատ են ընկալում։

– Պարո՛ն Մինասյան, հայրենասիրություն ասելով՝ Դուք ի՞նչ եք հասկանում։

– Եթե ինչ-որ բան արվում է արհեստական, արդեն «սիրություն» արմատը չպետք է ներառի իր մեջ։ Հայաստանում սփյուռքահայերի հետաքրքիր կերպար է ձևավորվել՝ եկան, նկարեցին Մասիսը, Եղեռնից խոսեցին, գնացին։ Դա իրականությանը հիմնականում չի համապատասխանում, և նման մարդկանց մասին հայրենասեր ասելը, իհարկե, սխալ է։ Ինձ համար ճիշտը պրակտիկ օգնությունն ու արարքներն են, ոչ թե թեորետիկ խոսելը։ Վանո Սիրադեղյանն ասում էր, որ մենք ավելի շատ ենք հոգում մեր պատմական հայրենիքի համար, քան թե իրականի, քանի որ պատմական հայրենիքը խնամքի կարիք չունի։

– Բելգիայում հայերի ուծացման վտանգը մե՞ծ է։

– Այո՛, ինչպես ամեն երկրում, որտեղ հայեր կան։ Երևի թե ամենամեծ ուծացումը հայերին սպառնում է Ռուսաստանում, քանի որ այնտեղ հայերը միանգամից են ինտեգրվում։ Բայց ուզում եմ մի հետաքրքիր փաստ նշել՝ տարիներ առաջ ականատես եմ եղել հայ և ֆրանսիացի երիտասարդների գիտաժողովին։ Այդ կազմակերպության հիմքը դրել է դեռևս Միսաք Մանուշյանը։ Այդ գիտաժողովում կային հայ երիտասարդներ, ում ծնողներն արդեն հայերեն չէին խոսում, չգիտեին, բայց իրենք գնացել և հայերեն են սովորել։ Այնպես որ, ինչքան էլ ձուլումը լինի, այդքան էլ վերածնունդը կա։
Ձուլումը միայն Սփյուռքին չէ, որ սպառնում է։ Հայաստանում էլ կարող են հայերը ձուլվել։ Լեզվամտածողությունը, «հայամտածողությունը» շատ կարևոր են հայ մնալու համար, իսկ Հայաստանում ես շատերի մեջ դա չեմ տեսնում…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս