«Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ». Ցուցահանդես ԵԽ ԽՎ-ում

Ապրիլի 22-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախասրահում տեղի ունեցավ «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում. 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որում ցուցադրված լուսանկարների հավաքածուն ներկայացնում է անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի հայերին անդրադարձների մասին.

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին ԵԽ ԽՎ նախագահ տիկին Անն Բրասերը, նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիյե Ռեյնոլդսը, ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Վ. Սավիցկին, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ղեկավարներ` Ռ.Ռուքեն /Ֆրանսիա/, Մ. Նիկոլետտին /Իտալիա/, Ռ. Վոլտերը /Բրիտանիա/, Մ. Մաթեու Պին /Անդորրա/, ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շեննախը, այլ հանձնաժողովների, քաղաքական խմբերի ղեկավարներ, բազմաթիվ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ` Հունաստանից, Իսպանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Սերբիայից, Նորվեգիայից և այլն, ԵԽ ԽՎ աշխատակազմի , քարտուղարության, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանի, Ստրասբուրգում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի ներկաներին բացման խոսքով ողջունեցին ԵԽ Խ Վ նախագահ Անն Բրասերը և ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որից հետո մասնակիցներն ուշադրությամբ դիտեցին ցուցահանդեսի նյութերը, որոնք տրամադրվել էին Ցեղասպանության թանգարանի կողմից: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԱԺ պատվիրակության և ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսում հարյուր տարվա հեռավորությունից ևս մեկ անգամ հնչեցվեց և ներկայացվեց դարասկզբի ողբերգական իրադարձությունների մասին ճշմարտությունը, որն ինչքան էլ ոմանք ձգտում են բնութագրել այլ բառերով` չօգտագործելով ցեղասպանություն բառը, այնուամենայնիվ, բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ և այլն ունեն քաջություն, ինչպես ասում են, իրերն իրենց անունով անվանելու: Դա է արված նաև ԵԽ ԽՎ շուրջ 190 անդամների կողմից ստորագրված հայտարարության մեջ, որի տեքստը մեր պատվիրակությունն այսօր արդեն պաշտոնապես հանձնեց ԵԽ ԽՎ գրասենյակ, և կանոնակարգի պահանջներին համաձայն մշակվելուց հետո` այն կտեղադրվի ԵԽ ԽՎ կայքում:

Ցուցահանդեսի բացման իր ելույթում ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը իր երախտիքի խոսքն ուղղեց բոլոր այն գործընկերներին, ու պետություններին, ովքեր Հայաստանի կողքին են և իրենց ներկայությամբ հաստատում են, որ ոչ միայն ջատագովն են ԵԽ հռչակած սկզբունքների ու նպատակների, այլև այդ սկզբունքների ու նպատակների իրականացման:

Հերմինե Նաղդալյանի խոսքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև`

«Հարգարժան տիկին նախագահ,
մեծարգո Վեհաժողովի անդամներ,

Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել տիկին Բրասերին, Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են նման ցուցահանդեսի կազմակերպմանը:

Այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ ԵԽԽՎ կամարների տակ, բացելու «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում» ցուցահանդեսը, բայց ես ուզում եմ հավատալ ու հավատացնել, որ անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի հայերին անդրադարձների մասին պատմող այս լուսանկարները սովորական ու հերթական ցուցադրություն չեն դառնալու: Այս լուսանկարներն իրականում ունեն ողբերգական ու պայթուցիկ պատմություն, նրանք 100 տարվա հեռավորությունից ներկայացնում են իմ ժողովրդի ողբերգության պատմությունը՝ երբեմն բացահայտ, երբեմն՝ ենթատեքստով, ողբերգություն, որ առայսօր աշխարհը բաժանում է երկու մասի: Մենք երախտապարտ ենք այն միջազգային կազմակերպություններին ու այն երկրներին, որոնց խորհրդարանները 1894-1923 թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի ջարդերն ու բռնագաղթը համարձակություն են ունեցել անվանել իրենց իսկական անունով՝ գենոցիդ, և դատապարտել ու դատապարտում են ոչ միայն անցյալ դարում կատարված ցեղասպանությունը, այլև մեր դարում՝ ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը, որի հիմքում նույն ցեղասպանությունն է: Մարդու իրավունքները գերագույն արժեք հռչակած մեր ասսամբլեայի անդամներս՝ իրավունք չունենք անտեսել մարդկանց հանրության՝ ազգի ու ժողովրդի բնական իրավունքը՝ կյանքի իրավունքը, որի բռնի խախտումն է ցեղասպանությունը՝ ֆիզիկական ոչնչացումից բացի նաև հայրենազրկումը, ունեզրկումը և ինքնության դեմ ոտնձգությունը:

Ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության կողքին, որովհետև ձեր ներկայությունը հաստատում է, որ դուք ոչ միայն ջատագովն եք ԵԽ հռչակած սկզբունքների ու նպատակների, այլև այդ սկզբունքների ու նպատակների իրականացման: Դուք ոչ միայն խոսքով, դուք գործով եք պաշտպանում ձեր տեսակետները: Հարկավ, ես չեմ կարծում, որ 100-ամյա պատմություն ունեցող այս լուսանկարները հեղափոխական ազդեցություն են ունենալու, փոխելու են աշխարհընկալումն ու պատկերացումները նրանց, ովքեր պատմությանը վերաբերում են իբրև իրենց օրընթաց շահերի ու նպատակների հիմնավորման ու հաստատման գործիքի, ովքեր շահարկում ու փոփոխում են պատմությունը՝ հարմարեցնելով իրենց խնդիրներին: Բայց ես հավատում եմ, որ աչքեր ունեցողները և տեսնել ցանկացողները այս լուսանկարներում կտեսնեն իրական պատմությունը և կհասկանան նաև այն, ինչ չկա այս լուսանկարներում:

Մենք շնորհակալ ենք բոլոր այն պետություններին, որ մեր ողբերգության ամենադաժան օրերին մարդասիրական հիմնադրամների, անհատ բարերարների ու պետական պաշտոնյաների մակարդակով մահից, սովից ու թրքացումից փրկել են հայ որբերին՝ հայրենիք դառնալով նրանց համար: Մենք շնորհակալ ենք սակավաթիվ, բայց պատմության էջերում իրենց անունները թողած ու չթողած թուրքերին ու քրդերին, որ վտանգելով իրենց կյանքը՝ հակառակ են գնացել իշխանության և կառավարության հրահանգներին ու փրկել են հայերին՝ օգնության ձեռք մեկնելով նրանց:

image-4066c63639038be0c9c31d179816ca15683410fe8cc8b499695966e5647406ce-V

Ցեղասպանության պատմությունը դաժան տարեգրություն է, որի էջերը կարդալու ուժ ու քաղաքական կամք պիտի ունենանք բոլորս: Երբ ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, գրում և հրատարակում է «1915.Հայոց ցեղասպանություն» անունով գիրք, հույսեր է ներշնչում, որ այս ցուցահանդեսը նաև Թուրքիայում կարող է կայանալ, ու դա արդեն քայլ է դեպի սեփական պատմության իմացություն, որը նախևառաջ պետք է Թուրքիայի քաղաքացիներին:

Մի քանի օր առաջ Հռոմի Պապը խոսեց հայակական ջարդերի մասին` որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, և կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել այն: Սա կարևոր ազդանշան էր:

Մեր Վեհաժողովի ավելի քան 190 անդամներ նույնպես ոգեկոչեցին ցեղասպանությունը` միանալով ցեղասպանության 100-րդ տարելիցի գրավոր հայտարարությանը: Մենք երախտապարտ ենք:

Այս ամենը ցույց է տալիս, որ անկախ նրանից՝ որքան ժամանակ կանցնի, մենք հիշելու ենք և պահանջելու:

Մարդկության դեմ կատարված ոճրագործությունը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ»:

ԱԺ

Տեսանյութեր

Լրահոս