Իրանական ռազմանավերը հասել են Ադենի ծովածոց

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի 4-րդ նավատորմիկի կազմում գտնվող «Ալբորս» էսկադրոնային ականակիրն ու «Բուշեհր» ուղղաթիռակիրը երեկ մուտք են գործել Ադենի ծովածոց: Նրանք ճանապարհ էին ընկել ապրիլի 8-ին:

Նրանք փոխարինել են այնտեղ գտնվող Իրանի ռազմածովային ուժերի 33-րդ նավատորմիկին, որի ծովային արշավը տևել է 77 օր: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ միջազգային ջրերում, այդ թվում՝ նաև Ադենի ծովածոցում իրանական ռազմանավերի ներկայությունն իրականացվում է առևտրանավերի ու նավթային լցանավերի անվտանգությունն ապահովելու և ծովահենության դեմ պայքար մղելու նպատակով:

Պատասխանելով ռազմանավերը Եմենի ափերի մոտ տեղակայելու հնարավորության մասին հարցին՝ Սայարին հայտարարել է, որ չկա նման անհրաժեշտություն. «Մենք չունենք այդպիսի պլաններ: Մենք հուսով ենք, որ Ադենի ծովածոցում անվտանգությունը կապահովվի միջազգային ուժերի օգնությամբ»:

Գործակալության հաղորդմամբ՝ 34-րդ նավատորմիկն Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում գտնվելու է մոտ 3 ամիս: Իրանական նավատորմն այդ տարածաշրջանում պարեկություն է իրականացնում 2008 թվականի նոյեմբերից:

Տեսանյութեր

Լրահոս