Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստան է ժամանել Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ 2-րդի ծոռնորդի, լյութերական հովիվ, արքայազն Ֆիլիպ Կիրիլ Պրուսացին, ով արդեն իսկ հասցրել է լինել Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն զոհված հայերի հիշատակին:
«Այդ ահավոր եղեռնը՝ հայ ազգի նկատմամբ, ինձ որպես գերմանացի վերաբերում է այնքանով, որ ես մեղքի զգացում ունեմ: Որպես այն ժամանակվա կայսեր՝ Վիլհելմ 2-րդի ծոռնորդի՝ ես ինձ մեղավոր եմ համարում այն սխալի համար, որ նա թույլ է տվել:
Նա իր ազդեցությամբ կարող էր գոնե կրաճատել այդ եղեռնը, բայց նա չարեց դա, ինչն ինձ շատ ամաչեցնում է, ցավեցնում և, իհարկե, բարկացնում է:
Ես եղածը չեմ կարող փոխել, բայց իմ պարտավորությունն է, ամենաքիչը, ընդունել դա»,- CrossNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է արքայազն Ֆիլիպը: