Ապրիլի 24-ին տեղի է ունենալու Գերմանիայի խորհրդարանի նիստը՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Դրա ժամանակ պատգամավորները քվեարկելու են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի շուրջ, որին դրանից առաջ աջակցություն է հայտնել Գերմանիայի կառավարությունը:
Դավութօղլուն Մերկելին խնդրել է չօգտագործել «ցեղասպանություն» բառը
Թուրքական Gerçek Gündem կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը:
Այս մասին հայտնել է Die Welt թերթը, որի հաղորդմամբ՝ Դավութօղլուն Մերկելին խնդրել է չօգտագործել «ցեղասպանություն» բառը: Միևնույն ժամանակ թերթը չի հայտնել, թե ինչպիսին է եղել Մերկելի պատասխանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելն աջակցում է Գերմանիայի խորհրդարանի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառմանը:
Դավութօղլուի ու Մերկելի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ՝ կեսօրից հետո: Դավութօղլուն Մերկելին հայտարարել է, որ «ցեղասպանություն» բառի օգտագործումը «չի լինի ճիշտ», քանի որ «ցեղասպանություն» եզրույթը՝ որպես այդպիսին, ի հայտ է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: