Հյուրերի քանակը որոշիչ չէ. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Թուրքիայի իշխանությունների մտահղացումը՝ «ի հեճուկս հայերի» ապրիլի 24-ին անցկացնել սեփական միջոցառումը, չէի ասի, որ շատ փայլուն գաղափար էր: Ցանկացած քայլ, որի նպատակն է ինչ-որ բանից ուշադրություն շեղելը, ինչ-որ բանի հակադրվելը, ուզես չուզես՝ սեւեռում է մարդկանց ուշադրությունը հենց այն իրադարձության վրա, որը դու ցանկանում էիր ստվերել:
Եթե դու հանցագործություն ես կատարել, ապա ավելի լավ է, իհարկե, որ մեղքդ խոստովանես: Բայց եթե պատրաստ չես խոստովանել, ապա գերադասելի է` լռես: Իսկ ամենավատ տարբերակն է հանցագործության օրը ցուցադրական «քեֆեր» կազմակերպելը:
Դա նույնպես հանցագործությունը խոստովանելու անուղղակի ձեւ է: Թուրքիայի միակ օգուտը կլինի այն, որ մենք՝ հայերս, բարդույթավորվենք այն կապակցությամբ, թե ովքեր են գնալու «հանցագործի քեֆին», իսկ ովքեր են գալու Երեւան: Հաշվի առնելով մեր ազգային բնավորության որոշ գծերը՝ շատ հավանական է, որ մենք քեն պահենք Գալիպոլի պատվիրակություն ուղարկած երկրների հանդեպ եւ սկսենք նրանց ամոթանք տալ: Իրականում ինձ, օրինակ, առանձնապես չհուզեց, որ Գալիպոլիում Ջիբութին, Հարավային Սուդանը կամ Չադը ներկայացված կլինեն առաջին դեմքերով:
Չնայած դրանք բավականին տաք երկրներ են, բայց այդ երկրների ներկայությունից կամ բացակայությունից մեզ ոչ սառն է, ոչ՝ տաք: Ես, իհարկե, կողմ եմ ժողովուրդների բարեկամությանը, բայց հայ-չադական բարեկամությունը երեւի մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ: Այլ է, իհարկե, եվրոպական երկրների պարագան:
Օրինակ՝ այն հանգամանքը, որ Թուրքիա են մեկնելու նախկին Հարավսլավիայի գրեթե բոլոր երկրների ղեկավարները, իսկ Սերբիայի նախագահը գալու է Երեւան, խոսում է այն մասին, որ աշխարհաքաղաքական առումով որոշ բաներ առանձնապես չեն փոխվել: Հիշենք, մասնավորապես, որ Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր թատերաբեմերից մեկը հենց Բալկաններն էին, իսկ առիթը դարձավ Սարաեւոյում հնչած կրակոցը»:
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում: