«Խնդրում եմ՝ նայեք ճշտի աչքերին». լարված իրավիճակ «բանդայի» գործով նիստում
Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց «բանդայի» գործով ամբաստանյալների բողոքների քննությունը: Դատարանում ամբաստանյալ Դավիթ Գալստանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը խնդրեց ամբողջության բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, և կայացնել արդրացման դատական ակտ:
Փաստաբանն ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանը վերլուծության ենթարկելով բոլոր ամբաստանյաների դատաքննական ցուցմունքները, գտել է, որ դրանք չեն հերքում ապացույցներում առկա այն տեղեկություններն ու փաստական տվյալները, որոնք հանգեցնում են ամբաստնյալների մեղավորությանը: Փաստաբանն ասաց, որ իր նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո իր պաշտպանյալը հայտնել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ձեռք են բերվել խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի արդյունքում, իր ընտանիքի անդամներին ոստիկանություն տանելու և այդ կերպ իր վրա ներազդելու միջոցով՝ ստիպելով, որ հայտնի, թե իբր մասնակցել է բանդայի կազմում կատարվող հանցագործություններին և որ հայտնի ամբաստանյալների անուններ՝ որպես իր հետ ավազակային հարձակումների մասնակիցներ.
«Եթե այս գործով կա, այսպես ասած, բանդայի անդամներին միավորող մի որևէ հանգամանք, ապա վստահաբար կարող եմ ասել, որ դա բոլոր ամբաստանյալների նկատմամբ նախաքննության հենց սկզբում, հենց առաջին իսկ օրվանից, ձերբակալման առաջին իսկ օրվանից նրանց նկտամամբ իրականացված խոշտանգումների, բռնարարքների կատարման փաստն է»: Ըստ փաստաբանի՝ այս ամենի մասին իր պաշտպանյալը հայտնել է իր դիմումներում, հանցագործության մասին հաղորդումներում, սակայն կարելի է ասել՝ դատարանը դրանց գնահատականի չի արժանացրել:
Փաստաբանն ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանն անտեսել է և ճիշտ գնահատականի չի արժանացրել այն հանգամանքը, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի, ողջ քրեական գործի հիմքում որպես անկյունաքար դրված են նրա՝ որպես կասկածյալ և մեղադրյալ տված խոստսվանական ցուցմունքները, որոնք, ըստ նրա, ձեռք են բերվել Դավիթ Գալստյանի նկատմամբ իրականացված բռնարարքների արդյունքում: «Փաստորեն, ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ կայացնելիս հիմնվել է բացառապես սույն գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների վրա, քանի որ որպես կասկածյալ տված ցուցմունքում իմ պաշտպանյալ Դավիթ Գալստայանի կողմից նշված որևէ հանգամանք որևէ ապացույցով չհիմնավորվեց դատաքննության ընթացքում»,- ասաց փաստաբանը՝ կրկին նշելով, որ դրանք ձեռք են բերվել ծեծի և խոշտանգումների, հոգեբանական ճնշումների արդյունքում, վարույթն իրականացնող մարմնի անմիջական ուղղորդմամբ և թելադրանքով:
Ըստ փաստաբանի՝ դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ դատարանում իր պաշտպանյալը չի ցանկացել ներկա գտնվել իր մասնակցությամբ քննչական գործողություններից մեկի ուսումնասիրմանը և կրկին հոգեբանորեն վերապրել այդ պահերը: Փաստաբանն ասաց, որ ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում, դատարանում իր պաշտպանյալը հայտնել է, որ 2011թ. սեպտեմբերի 23-26-ը ապօրինաբար պահվել է ոստիկանությունում, որտեղ դիմակավորված անձանց կողմից մահակների և էլեկտրաշոկերի գործադրմամբ ենթարկվել է անմարդակային վերաբերմունքի:
Փաստաբանն ասաց նաև, որ իր պաշտպանյակը հայտնել է ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության շենք բերման ենթարկվելուց հետո ոստիկանության աշխատակիցների կողմից իր գրպանը մարիխուանա տեսակի թմրանյութ գցելու, ապա անձնական խուզարկության ժամանակ այն իբր իր մոտից հայտնաբերելու մասին, «որից հետո իրեն տարել են նույն վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանի մոտ, որտեղ էլ իր նկատմամբ իրակացվել են նկարագրված խոշտանգումները, իսկ իրեն որպես բանդա հանցախմբի մասնակից են ընտրել՝ հաշվի առնելով իր բոյն ու կազմվածքը»:
Փաստաբանի խոսքով՝ ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել լիարժեք պաշտպանություն իրականացնել, քանի որ դատարանն անհիմն մերժել է իրենց մի շարք միջնորդությունները: Նա անդրադարձավ նաև մի շարք ապացույցների՝ նշելով, որ դրանք ձեռք են բերվել սահմանված նորմերի էական և կոպիտ խախտմամբ: Փաստաբանի խոսքով՝ ընդհանուր իրավասության դատարանի վճիռն անհիմն է ու անօրինական, կայացվել է դատավարական և նյութական նորմերի խախտման արդյունքում, չի կարող համարվել օրինական և արդարացի:
Մեղադրող Սասուն Խաչատրյանն ասաց, որ ամբաստանյալների պաշտպանների բողոքներն անհիմն են, դրանք ենթակա են մերժման: Նրա խոսքով՝ իր համար նորություն չէր պաշտպանների ասածը, պաշտպանական կողմը չի փոխել իր մարտավարությունը՝ սևացնել, անթույլատրելի այն բոլոր ապացույցները, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում: Նրա խոսքով՝ նրանք պահանջում են անթույլատրելի ճանաչել ապացույցներ, որոնք «օբյեկտիվ լինելով չենք կարող անտեսել». «Որոնք են դրանք. Ասենք դատագենետիկական փորձաքննությունների եզրակացությունները, որոնց օբյեկտիվությունը, որոնց հստակությունը կազմում է 99.99 տոկոս, կամ մատնադրոշմային փորձաքննությունների եզրակացությունները, որոնց հավաստիությունը կամում է 100 տոկոս»: Մեղադրողի խոսքով՝ ստացվում է, որ ըստ պաշտպանների, բոլոր քննիչները, փորձագետները, ովքեր աշխատել են այս գործում, հանցագործ են:
Մեղադրողի խոսքով՝ աբաստանյալների հայտարարությունները, որ նրանց նկատմամբ խորթ մեթոդներ են կիրառվել, ստուգվել են անկախ քննչական մարմնի՝ ՀՔԾ-ի կողմից, որոշումներ են կայացվել, որոնցով հերքվել են այդ հայտարարությունները: Անդրադառնալով այն հայտարարությանը, որ որպես կասկածյալ Դավիթ Գալստանյանը ցուցմունք տվել է բռնի ուժի ազդեցության ներքո, մեղադրող ասաց, որ կցանկանար լսել Դավիթ Գալստյանի բացատրությունը. «Եթե նա տվել է այդ ցուցմունքները բռնի ուժի ազդեցության ներքո, ինչպես կբացատրի, որ որպես մեղադրյալ արդեն իսկ հարցաքննվելիս, երբ ցուցմունք է տվել պաշտպանի ներկայությամբ, հայտնել է, որ ամբողջությամբ պնդում է իր նախկին ցուցմունքները, բացառությամբ այն հանգամանքի, որ Արտուշ Հակոբյանը իրենց պարագլուխը չի եղել և որ ավազակային հարձակումներց մեկի ժամանակ Սամվել Դավթյանը ներկա չի եղել:
Այսինքն՝ ինչն էր խանգարում, որպեսզի այդ բռնի ուժի ազդեցությամբ վերցված ցուցմունքը կրկին վերցվեր և ինչն էր խանգարում Դավիթ Գալստյանին նշել ընդհանրապես իր անմեղության մասին, ինչը չի արվել»: Մեղադրողն ասաց, որ հեռու է այն մտքից, թե նախաքննության ընթացքում ընդհանրապես խախտումներ թույլ չեն տրվել: «Եղել են խախտումներ, ինչ խոսք, բայց օրենքը ոչ բոլոր խախտումների դեպքում է թույլ տալիս մեզ ձեռք բերված ապացույցը դիտել որպես անարժանահավատ կամ անթույլատրելի»,- ասաց մեղադրողը՝ նշելով, որ այն ապացույցները, որոնք դրվել են մեղադրանքի և ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի հիմքում, ձեռք չեն բերվել օրենքի էական խախտումներով:
Երբ դատախազը սկսեց խոսել գործով մահացած ամբաստանյալ Արման Դալլաքյանի մասնակցությամբ տեղի ունեցած օպերատիվ հետախուզական միջոցառումներց մեկի մասին, դահլիճում ներկաներից մի քանիսը սկսեցին աղմկել: Նրանցից մեկն ասաց, որ նրան ծեծելով սպանել են: «Խնդրում եմ՝ նայեք ճշտի աչքերին»,- ասաց նա:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 27-ին: