Թուրքերը հայերի հետ շփվելու համար ընդհանրապես չունեն երրորդ կողմի կարիքը. Դավութօղլու

T24-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել:

Նա հիշեցրել է, որ այդ դիրքորոշման մասին հայտարարվել է այս տարի Հրանտ Դինքի մահվան հերթական տարելիցի կապակցությամբ հրապարակած իր ուղերձում, ինչը մեկ քայլ առաջ էր՝ համեմատած նախորդ տարի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի հղած «ցավակցական ուղերձի հետ»:

Դավութօղլուն նաև հիշեցրել է, որ 2013 թվականի դեկտեմբերին մեկնել է Երևան և ընդունել, որ 1915 թվականին իրականացվել է «սպանդ». «Այն ժամանակ դա քննարկումների տեղիք տվեց աշխարհում»:

Դավութօղլուն չի բացառել, որ այս տարվա ապրիլի 24-ի կապակցությամբ թուրքական կողմը կհղի նոր ուղերձ: Դավութօղլուն, սակայն, մանրամասնել է, որ դա պայմանավորված չի լինի Հռոմի պապի հայտարարությամբ ու Եվրոպական խորհրդարանի ընդունած որոշմամբ.

«Թուրքերը հայերի հետ շփվելու համար ոչ մի կերպ չունեն երրորդ կողմի կարիքը: Իրականում այդօրինակ հայտարարությունները թունավորում են միջավայրը և կանխում առաջընթացի գրանցումը: Մենք կասենք այնպիսի բաներ, որոնց հավատում ենք, սակայն ճնշմամբ ոչնչի չեն հասնի»:

Տեսանյութեր

Լրահոս