Բաժիններ՝

Հացադուլ սկսում է միայն Խաչիկ Ավետիսյանը

50 ազատամարտիկների փոխարեն այսօվանից հացադուլ է անելու միայն Խաչիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ՝ ի պաշտպանություն ՀԽ կալանավորված անդամների կազմակերպված հանրահավաքի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարել էր, որ իրենք 50 ազատամարտիկներով այսօրվանից Ազատության հրապարակում հացադուլ են սկսելու՝ պահանջելով ազատ արձակել ՀԽ անդամներին:

Սակայն այսօր Խ. Ավետիսյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ ինքը միայնակ է սկսում հացադուլ, բայց Մարդու իրավունքների գրասենյակի մոտ: Նա պարզաբանեց, որ իրենք չեն ուզում Ցեղասպանության տարելիցի նախօրերին, երբ երկրում շատ հյուրեր կան տարբեր երկրներից, ինչ-որ անհանգստություններ լինեն:

Նրա խոսքով՝ իրենք չգիտեին, որ հյուրերը ժամանալու են ապրիլի 21-ից, դրա համար այն ժամանակ պատրաստվում էին նման ակցիա իրականացնել, բայց երբ տեղեկացան, որոշեցին, որ միայն ինքը կսկսի, իսկ ապրիլի 25-ից հետո իր ընկերները կմիանան իրեն:

Խ. Ավետիսյանը հույս հայտնեց, որ մինչև մայիսի 9-ը իրենց պահաջը կիրականանա և բոլոր «քաղբանտարկյալները» ազատ կարձակվեն:

Նշենք, որ Խ. Ավետիսյանն այսօր մինչև ուշ երեկո հացադուլ է անելու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ, իսկ դրանից հետո գնալու է տուն՝ հացադուլը շարունակելու է տանը: Իսկ ապրիլի 25-ից նա իր ընկերների հետ շարունակելու է հացադուլը ՄԻՊ-ի դիմաց:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս