Ապրիլի 24-ին Հայաստան կժամանեն 4 երկրների նախագահներ
Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ժամանող ավելի քան 60 երկրների և միջազգային պատվիրակությունների բարձրաստիճան պատվիրակություններից 4-ը ներկայացված կլինեն պետության նախագահի մակարդակով:
Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ կայցելեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահները:
Ըստ նրա՝ մյուս պատվիրակները ժամանելու են՝ որպես իրենց երկրի նախագահի ներկայացուցիչներ: Վ.Սարգսյանի խոսքով՝ Կանադայի վարչապետն այդ օրերին լինելու է հայ համայնքի հետ, Գերմանիայի նախագահն ապրիլի 23-ին կմասնակցի Բեռլինում կայանալիք միջոցառմանը, Սուրբ Աթոռը կներկայացնի կարդինալներից մեկը, Չեխիայի նախագահը նշել է, որ կցանկանար ներկա լինել, բայց Վատիկանում հանդիպման է: ԵՏՄ անդամներից Ղազախստանում այդ օրը նախագահական ընտրություններ են, Բելառուսը ներկայացված է պետական մակարդակով, սակայն Վ.Սարգսյանը դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ ով կլինի Հայաստանում:
Ապրիլի 23-24-ին ՀՀ նախագահի նստավայրում, ըստ նրա, լինելու են երկկողմ հանդիպումներ, Ծիծեռնակաբերդի միջոցառումներից հետո պետական ճաշ կկազմակերպվի, այնուհետև աշխատանքային հանդիպումներ կլինեն:
Ըստ նրա՝ Թուրքիայից կան հայտեր, այս օրերին ՀՀ-ում է թուրք լրագրողների մեծ խումբ՝ Հրանտ Դինքի ծրագրով կազմակերպված, կան բազմաթիվ հարցազրույցների հայտեր.
«Շատ բարձր կգնահատեինք, որ լինելով այստեղ, կարողանային թուրքական հասարակությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրել միջոցառումների և օրվա խորհրդի մասին»:
Վ.Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Ծիծեռնակաբերդում տեղադրվածը ժամանակավոր տաղավար է, որևէ խոսք չի կարող լինել այնտեղ մշտական կառույցի մասին: Նա շեշտեց, որ այն միջազգային և տեղական հեռուստատեսությունների համար է նախատեսված, հագեցած է բոլոր գերժամանակակից սարքավորումներով: