Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Մինսկում

Ապրիլի 16-ին Մինսկի Բարեկամության տանը Բելառուսում ՀՀ դեսպանությունը հայ համայնքի աջակցությամբ կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել բելառուսահայ նկարիչներ և քանդակագործներ Գրիգոր Դանիելյանը, Լևոն Դարբինյանը, Արմեն Սարդարովը, Սպարտակ Հարությունյանը և Հռիփսիմե Գևորգյանը:

Ցուցահանդեսին ներկա էին Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը՝ խոսելով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից հայ ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին: Դեսպանը նշեց, որ հոգևոր արժեքներով, հավատքով ու ապրելու տենչով ապրող ու ստեղծագործող ազգը սպանելն անհնար է: Նա իր շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր կիսում են հայ ժողովրդի վիշտը:

Ելույթով հանդես եկավ նաև Բելառուս-Հայաստան բարեկամության ընկերակցության նախագահ Նաում Գալպերովիչը:

Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Արևմտյան Հայաստանի գեղատեսիլ վայրերին, հայկական ճարտարապետության կոթողներին, կրթօջախներին, մշակութային ժառանգությանը և Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նկարներ:

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս