Ի՞նչ սպասել Ռիգայի գագաթաժողովից

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ` ՀՀ Ազգային ժողովում երեկ լսումներ անցկացվեցին՝ ըստ էության, փաստելու, որ Եվրամիությունը չի հրաժարվել Հայաստանից, իսկ սեպտեմբերի 3-ից հետո կորսված վստահությունը ԵՄ վիլնյուսյան գագաթաժողովից հետո վերականգնվել է: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարեց, թե Արևելյան քաղաքականությունը եղել է, կա և կմնա ԵՄ-ի առաջնահերթությունների թվում: Նա շեշտեց, որ ԵՄ արժեքները վեր են ամեն ինչից, և պետք է հասնել նրան, որ բարեփոխումներն իրականում տեղի ունենան:

Հրիսթեայի խոսքով` 90 մլն եվրո է հատկացվել այս տարվա համար` որպես աջակցություն մասնավոր հատվածի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը. «Սա նոր ինովացիոն ծրագիր էր, և ընդհանրապես ԵՄ-ն առաջին անգամ է, որ ԵՄ-ից դուրս նման բան է իրականացնում գործընկեր երկրներին աջակցելու համար: Դրանք կարևոր առաջընթաց կապահովեն` վիզաների ազատականացման, GSP+-ը ապագայում շարունակելու համար, խթանելու ԵՄ առաջնահերթությունների վրա հիմնված բարեփոխումները ՀՀ-ում»:

Տ.Հրիսթեան կարևորեց քաղաքացիական հասարակության դերը, որին ԵՄ աջակցությունն ավելացել է:

«ԵՄ-ն փորձում է տարբերակված աշխատել բոլոր 6 երկրների հետ` փորձելով խուսափել բոլոր բաժանարար գծերից: Ռիգայի գագաթաժողովում կարող են քննարկվել ընդհանուր հետաքրքրության նախագծեր: Զարգացումները տարածաշրջանում Վիլնյուսի գագաթաժողովից հետո իսկապես մարտահրավերներ են, սակայն ԱլԳ ներդրումը՝ իբրև քաղաքականություն, կա և մնալու է ԵՄ առաջնահերթություն»,- վստահեցրեց Տ.Հրիսթեան:

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ՀՀ-ին հարկավոր է ոչ թե ձևական փաստաթուղթ, այլ ճկուն և գործուն համաձայնագիր. «Ես չեմ կարծում, որ Ռիգայում համապարփակ փաստաթուղթ կլինի, բայց հիմնական կոդերը կփաստարկվեն, և մոտավորապես կարելի է պատկերացնել այն օրակարգը, որը ՀՀ-ԵՄ ապագա հիմնարար փաստաթղթում կլինի`քաղաքական երկխոսություն, վիզաների ազատականացում, առևտրատնտեսական հարաբերություններ»:

«Արևելյան գործընկերությունը բարդ ժամանակներ է ապրում, և հեշտ չէ լուծումներ գտնելը: Տարբեր պետությունների պարագայում տարբեր իրավիճակներ են ստեղծվել, և պատահական չէ տարբերակված մոտեցումը»,- հայտարարեց ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` հավելելով, որ որպես ԵՏՄ անդամ է ՀՀ-ն շարունակում համագործակցությունը ԵՄ-ի հետ:

Պատգամավոր Թևան Պողոսյանի դիտարկմամբ` սեպտեմբերի 3-ից հետո ավելի քան մեկ տարի լռություն էր, երկու կողմն էլ սպասում էր իրադարձությունների, որ փորձեին սայլը տեղից շարժել: Ըստ նրա, պետք է ազնիվ գտնվել և ասել, որ ԱլԳ երկրներից միայն նրանք են հանգիստ միացել ԵՄ Ասոցացման համաձայնագրին, որոնք արդեն կորցրել էին տարածքներ, օրինակ՝ Վրաստանը, Ուկրաինայում իրադրությունը հայտնի է, իսկ թե Հայաստանն էլ ինչ կարող էր կորցնել, դժվար չէ կռահել: Թ.Պողոսյանը տարակուսեց, թե ինչո՞ւ ձգձգվեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մտքերի փոխանակման գործընթացը, երբ իր հերթին` ԵՄ-ն էլ վստահեցնում էր, որ ճկուն քաղաքականություն կվարի. «Ուկրաինայի պարագայում կարողացան ճկուն լինել` քաղաքականն առանձին ստորագրեցին, տնտեսականը` առանձին, բայց ՀՀ-ի պարագայում` ոչ»:

Թ.Պողոսյանը նաև «կշտամբեց» եվրոպացի գործընկերներին, որ «Եվրոպական հարևանության քաղաքական առաջընթացը» զեկույցի անգլերեն տարբերակում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատվածում, «ցեղասպանություն» բառը բացակայում է, իսկ հայերեն տարբերակում այն առկա է. «Զեկույցը ե՞րբ եք խմբագրելու և անգլերեն տարբերակում նշեք` Ցե-ղա-սպա-նու-թյուն»,- հարցրեց Պողոսյանը:
Տ. Հրիսթեան ներողություն խնդրեց թարգմանության մեջ սխալի համար, սակայն հայտարարեց, թե պաշտոնական տարբերակն անգլերենն է. «Դա դավադրության տեսության հարց չէ: ԵՄ-ն մեկ պետություն չէ, պետությունների միություն է: Ես բոլորիդ առաջարկում եմ ուշադիր կարդալ եզրակացությունների բաժինը Եվրախորհրդարանի բանաձևի ընդունման ժամանակ, և դուք հստակ պատկերը կտեսնեք: Այլ բան է, որ Եվրոպական հանձնաժողովը կարող է մեկ տերմինոլոգիայով ասել, որը խստորեն կապված է բացառիկ կոմպետենտության հետ: ԵԽ-ն կարող է խոսել իր իրավասությունների շրջանակում: Սա եվրոպական արժեքներից հետ կանգնել չէ: Սա հենց պարտավորությունների կատարում է: Բայց մենք չենք ցանկանում նվազեցնել այդ ողբերգական զգացողությունները ՀՀ-ում»,- ասաց նա:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս