«Արևելյան գործընկերությունը բարդ ժամանակներ է ապրում»
«Արևելյան գործընկերությունը բարդ ժամանակներ է ապրում և հեշտ չէ լուծումներ գտնելը: Տարբեր պետությունների պարագայում տարբեր իրավիճակներ են ստեղծվել և պատահական չէ տարբերակված մոտեցումը: ԵՄ հետ հարաբերություններում մենք հիմնվում են ընդհանուր արժեհամակարգի վրա և այս գործընթացը լինելու է շարունակական»,- այսօր ԱԺ-ում «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Ըստ նրա՝ թևակոխում ենք նոր փուլ, տարբեր հարթակներում տեղի են ունենում քննարկումներ՝ պարզելու, թե որ ուղղություններով կարող է շարունակվել համագործակցությունը՝ չհակադրվելով ԵՏՄ-ին: Այսինքն, որպես ԵՏՄ անդամ, ըստ Զաքարյանի, ՀՀ-ն շարունակում է համագործակցությունը ԵՄ հետ: Նա նշեց, որ ակտիվ երկխոսություն է ընթանում քաղաքականության, մշակույթի, մարդու իրավունքների, սոցիալական և այլ ուղղություններով, սակայն պետք է վերանայել գործակցությունը. «Լիահույս եմ, որ Ռիգայի գագաթնաժողովը ԱԼԳ երկրներին հնարավորություն կտա նորովի անդրադառնալ մեր բացթողումներին և ձեռքբերումներին, որ արձանագրվել են Վիլնյուսի գագաթնաժողովից հետո»: