Գերմանիայի կանցլերն ու նախագահը չեն մասնակցի Գալիպոլիի միջոցառումներին. Zaman

Թուրքական Zaman (գյուլենական) թերթի փոխանցմամբ՝ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հարցում բացասական պատասխան է ստացվել Գերմանիայից: Չնայած Թուրքիայի արած հրավերին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նախագահ Յոահիմ Գաուկը չեն մասնակցի այդ միջոցառումներին:

Թերթի պնդմամբ՝ Գերմանիայի նախագահը նախապատվությունը տվել է հայերին և Բեռլինում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք հիշատակի միջոցառումներին ու պատարագին:

Գաուկը նաև ելույթ կունենա դրանցում և հարգանքի տուրք կմատուցի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում զոհ գնացած քրիստոնյա մյուս փոքրամասնություններին նույնպես:

Թերթն ընդգծում է, որ իր ելույթում Գաուկը 1915 թվականի դեպքերը որակելու է որպես ցեղասպանություն՝ դառնալով դա արած Գերմանիայի առաջին նախագահը: Ինչ վերաբերում է կանցլեր Անգելա Մերկելին, ապա նա թուրքական հրավերը չի ընդունի հագեցած աշխատանքային գրաֆիկի պատճառով:

Մյուս կողմից 2015 թվականի ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանում կանցկացվի «100 տարի» նիստը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվելիք միջոցառումներին Գերմանիան ներկայացված կլինի Եվրամիության հարցերով նախարար Միխայել Ռոտով:

Տեսանյութեր

Լրահոս