
Անցած տարի խաղաղության ձեռք պարզեցի Հայաստանին, սակայն դժբախտաբար այն մնաց օդում. Էրդողան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիա-Ղազախստան գործարար ֆորումի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին:
Էրդողանը վերստին հայտարարել է, որ այդ թեմայի շուրջ խորհրդարանների ընդունած որոշումները «նշանակություն չունեն» իրենց համար. «Թուրքիայի համար անընդունելի է Եվրոպական խորհրդարանի ընդունած որոշումը: Հայերը իրենց օգտին են ծառայեցնում այդօրինակ որոշումները՝ արտերկրում Թուրքիայի դեմ թշնամանք սերմանելու համար:
Թուրքիան պատմական յուրաքանչյուր ժամանակաշրջանում թե՛ իր սահմաններում բնակվող քաղաքացիների, թե՛ տարածաշրջանի բոլոր համայնքների համար մշտապես եղել է խաղաղության, անվտանգության ու արդարության աղբյուր:
Մեր երկրում ունենք 40.000 քաղաքացի, 40.000-ը Հայաստանից փախչելով եկել են մեր երկիր ու տեղավորվել մեզ մոտ: Ներկա դրությամբ մեզ մոտ կան հյուրի կարգավիճակով մնացած մարդիկ:
Նախորդ տարվա ապրիլի 23-ին Հայաստանին պարզեցի խաղաղության ձեռք, սակայն դժբախտաբար այն մնաց օդում: Եկեք պատմությունը թողնենք պատմաբաններին: Եկեք մեր ընդհանուր շահերի, ընդհանուր անցյալի ֆոնին կառուցենք նոր ապագա»: