«Փայլուն օպերացիան ո՞րն է, Պերմյակովին ձեր կողքով տարան». Լրագրողը՝ Հունան Պողոսյանին
«Դուք ասացիք, որ Պերմյակովի գործով փայլուն օպերցիա եք իրականացրել: Փայլուն օպերացիան ո՞րն է, Պերմյակովին ձեր կողքով տարան»,- այսօր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից հետաքրքրվեց լրագրողներից մեկը: Ի պատասխան նա ասաց, թե գրողի կարծիքն է, որ՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին տարան իրենց կողքով.
«Ոստիկանությունը բազմից ասել է, այսօր էլ ասում է՝ մեր գերնպատակն այն է, որ փախուստի դիմած ցանկացած ոք՝ կլինի Պերմյակով, թե ինչակով, էական չէ, բերել այնպիսի վիճակի, որ նրա շուրջ օղակը սեղմվի»:
Նրա խոսքով՝ երբ Ոստիկանությունը տեղեկացել է Վալերի Պերմյակովի փախուստի մասին, միջոցառումներ է ձեռնարկել՝ համագործակցելով համապատասխան պետական մարմինների հետ: «Արդյունքում ունեցել ենք այն, որ Պերմյակով կոչվածը միգուցե մինչև մեր կողմից գործողություններ կատարելը արդեն հասցրել էր ինչ-որ տեղում ծպտվել, և բարեբախտաբար, ինքը հայտնաբերվեց»,- ասաց Հունան Պողոսյանը:
Հարցին՝ ի՞նչ բացահայտումներ կան քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության գործադրման դեպքերից, մասնավորապես նաև Վիլեն Գարբիրելյանի գործից, ով կատարվածում նաև մեղադրեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ քրեական գործերով նախաքննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեում:
«Այս պահին, իհարկե, բացահայտման իմաստով առայժմ ոչինչ չունեմ ասելու, ուրախացնելու, բայց օպերատիվ հետախուզական, հետաքննչական մարմինները սերտորեն համագործակցում են Քննչական մարմնի հետ կապված: Դուք հիշատակեցիք Վիլեն Գաբրիելյանին և նշեցիք, որ ինքը մեղադրել է կամ մեղադրում է ոստիկանության պետ պարոն Գասպարյանին: Կարծում եմ՝ մենք դրան արձագանքել ենք, այսօր ոչ հարկ եմ համարում, ոչ էլ նպատակ ունեմ արձագանքելու, ուղղակի ինքն ում ասես՝ չմեղադրեց, ինչ վարկածներ ասես, թե չքննարկեցին, նույնիսկ զավեշտի, նաև, կներեք, որ այդպես եմ ասում, բայց զավեշտի հասնող վարկածներ, որոնցից մեկն էլ Ձեր նշածն է»,- ասաց Հունան Պողոսյանը: