Անկարայի նահանգում հայկական գերեզմանոցի տարածքն օգտագործվում է որպես պիկնիկի վայր
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Անկարայի Սթանոզ գյուղը 100 տարի առաջ ամբողջովին բնակեցված է եղել հայերով: Այսօր, սակայն, Անկարայից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնված պատմական գյուղից մնացել են նրա ավերակները: Այդ ավերակների մի կարևոր մասը կազմում է գյուղի գերեզմանոցը:
Չնայած նրան, որ 1990-ական թվականներին այն դարձավ պահպանման ենթակա տարածք՝ այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիներին շարունակվում է գերեզմանոցի թալանը, այն հայտնվել է գանձեր որոնողների թիրախում: Նրանք բացում են գերեզմանները և դուրս են նետում տեղում թաղված անձանց ոսկորները՝ զգալի վնաս պատճառելով գերեզմանոցին:
Գերեզմանաքարերի մեծ մասն անհետացել է: Գերեզմանոցի մի մասն էլ օգտագործվում է որպես պիկնիկի վայր: Անկարայի ճարտարապետների պալատն ապրիլի 17-ին գերեզմանցի պահպանման հարցով դիմել է մշակույթի ու զբոսաշրջության նախարարությանը:
Ընդգծվում է, որ ժամանակին հայաբնակ գյուղն ունեցել է 3142 բնակիչ՝ 668 տուն, և որ հայերը գյուղում առաջին անգամ հաստատվել են 15-րդ դարի սկզբին՝ գաղթելով Կիլիկիայից: 1605 թվականին էլ գրանցվել է հայերի ներգաղթի երկրորդ ալիքը՝ այս անգամ Իրանից: