«Այդ չարաբաստիկ նռնակից ես գաղափար անգամ չունեմ». ՀԽ անդամ

asparez.am-ը զրուցել է «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանի հետ, ով, ինչպես հայտնի է ձերբակալվել էր, ապա գրավիր դիմաց ազատ արձակվել

– Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանությունների վերաբերմունքը ձեր եւ ՀԽ մյուս անդամների նկատմամբ, սա ի՞նչ էր:

– Իմ կարծիքով, սա պատվեր էր՝ ընդիմադիր ուժերին լիկվիդացնելու համար: Դա իշխանությունների կողմից հատուկ պատվեր էր, իմ կարծիքով, դա որակվում է քաղաքական հետապնդումներ:

– Օրեր առաջ դուք ձերբակալվեցիք եւ այնուհետ ազատ արձակեցին, ձեզ ազատ են արձակել ստորագրությամբ քաղաքից չհեռանալու մասին որոշմամբ, թե՞…

-Ես ոչ անձնագիր ունեմ, ոչ բան, ինձ ազատ են արձակել գրավի դիմաց, առանց ստորագրության, առանց բանի: Իմ կալանքն ուժի մեջ է, գրավի դիմաց ազատ են արձակել երկու ամսով:

– Ձեր նկատմամբ առանձի՞ն քրեական գործ է հարուցված, թե՞ ընդհանուր մեկ գործ է՝ ուրում ընգրկված ենք նաեւ դուք:

– Բացի առանձին քրեական գործը՝ նռնակի հայտնաբերման փաստով, ընդհանուր հարուցված գործ է՝ զանգվածային անկարգություններ: Այդ չարաբաստիկ նռնակից ես գաղափար անգամ չունեմ:

– Այդ նռնակն ի վերջո ձեր, թե՞ հարեւան տան տանիքից է հայտնաբերվել:

– Դա մեր տան տանիքը չէ, այլ՝ հորեղբորս տան տանիքն է, պարզ երեւում է նաեւ տանիքների մակերեսային տարբերությունը: Դա հորեղբորս տան տանիքն է, որը մեր տանիքի հետ կապ չունի: Ընդհանրապես, հազար տարվա մեջ էդտեղ ոչ մի անգամ չեմ եղել, ընդհանրապես ես կապ չունեմ այդ տանիքի հետ:

– Ըստ ձեզ, սա հատո՞ւկ էր արված:

– Մի՞թե ակնհայտ չէ, որ միտումնավոր է, շատ անհեթեթ մեղադրանքներ են: Ես նաեւ հարցնում եմ. լավ, իրոք, հայտնաբերեցիք, գոյություն ունի, ինչպես ե՞ք կարողացել գրել, որ դա պատկանում է ինձ, ի՞նչ փաստերի, ի՞նչ խնդիրների հիման վրա: Տաս հոգի է ապրում մեր տանը, տանիքը բաց է, ու ցանկացած մեկը կարող է մտնել, ինչ-որ բան թողել  կամ փնտրել, այդ դեպքում ինչո՞ւ է հենց իմը: Պատճառաբանություններն ավելի քան անհեթեթ էին. եթե ես Ղարաբաղում կռված մարդ եմ՝ դա կարող է լինել իմը եւ ուրիշ ոչ մեկինը: Ինձ կարող են դատել նրա համար, որ ես կռվել եմ հայրենիքի համար, կարող են դատել նրա համար, որ ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ ազգը: Եւ այդպես դատում են, մարդիկ նստած են, ես էլ՝ այդ նույն մարդկանց հետ: Դատում են նրա համար, որ սիրում են իրենց հայրենիքը, նրա համար, որ պայքարում են իրենց հայրենիքի արժանապատիվ ապրելու համար: Մեր իրականության մեջ իրական հանցագործները, հակահայ մարդիկ  ապրում են շքեղության մեջ, իսկ մարդկանց դատում են հայրենասիրության, սեփական երկիրը սիրելու համար:

– Երբ խուզարկություն իրականացվեց ձեր, այսպես ասած, բնակարանի տանիքում՝ համապատասխան որոշում ցույց տրվել է՞:

– Դե, սանկցիայով եկել էին առավոտ շուտ՝ 30-40 հոգի, չեն էլ հարցրել, թե սա ումն է, նա ումն է: Ամբողջ տան մակերեսով, տարածքով խուզարկում էին, չհասցրեցի ասել, որ այդ տունը մեր տան հետ կապ չունի, ուրիշի տուն է: Ամբողջ տանիքը խուզարկեցին, ամբողջ տունը քանդեցին, խորդանոցները, մի խոսքով՝ ամեն ինչ: Նույնիսկ փաստաբանիս թույլ չտվեցին, որ ներս մտնի՝ դռները փակել էին եւ դրսից եւ ներսից, հավաքել էին բոլոր հեռախոսները: Մի խոսքով, արտաքին աշխարհի հետ կապ չունեինք, տուն մտնել դուրս, գալն արգելված էր: Մարդու իրավունքների պաշտպանին էլ չթողեցին ներս մտնել: Ընդհանրապես, դա ապօրինի գործողություն էր, ճիշտ է, սանկցիա կար, բայց մարդու իրավունքների կոպիտ խախտումներով կատարված գործողություն էր:

– Իսկ գրասենյակը խուզարկելու համար կա՞ր համապատասխան որոշում:

– Դե, ցույց տվեցին ինձ որոշումը, այնտեղ, որտեղի հետ ես կապ ունեի՝ կար դատարանի որշում՝ խուզարկելու բնակարանը, գրասենյակը:

– Իսկ ինչպիսի՞ վերաբերմունք էին դրսեւորում ձեր նկատմամբ՝ արդեն ոստիկանությունում, ճնշումներ եղե՞լ են:

– Անկեղծ ասած, վերաբերմունքը նորմալ էր: Կան բաներ, որ ես չգիտեի, ասենք, որ ինձնից արյուն վերցրեցին քննչական կոմիտեում, փաստաբանս չկար, բայց ինձ հարցաքննեցին, ինչի ապօրինի լինելու մասին ինձ հետո իմ փաստաբանն ասաց: Ոստիկանները շատ հարգալից էին վերաբերվում 72 ժամ մենախցում անցկացնելու ժամանակ: Վերաբերմունքից չեմ դժգոհում, չնայած որ՝ իմ ու բոլորի իրավունքների խախտման ակնհայտ դրսեւորումներ կային: Այնտեղ սեւով սպիտակի վրա գրված էր՝ ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի կապ պահպանել արտաքին աշխարհի հետ, իրավունք ունի ունենալ ռադիոընդունիչ, օրական թարմ թերթեր, բայց այդ ամենը, պարզվում է, կապված է քննիչի քմահաճույքից. եթե քննիչն արգելում է, ուրեմն արգելված է, քո իրավունքները երկրորդ պլան են մղվում: Քո իրավունքները կապված է քննիչի բարեհաճությունից: Չկա մարդու իրավունքների պաշտպանության խնդիր, քննիչն ուզում՝ տալիս է թերթեր, չի ուզում՝ արգելում է, քննիչն ուզում է՝ թույլ է տալիս տեսակցություններ, չի ուզում՝ արգելում է: Մեծ մասամբ, քննիչի կամքով քո իրավունքների պաշտպանության խնդիրները բացարձակապես չի լուծվում, որովհետեւ քննիչը միշտ նեգատիվ որոշումներ է կայացնում մարդու նկատմամբ: Չգիտեմ՝ ինչու են այդպես:

Զրուցեց՝ Սոնա Առաքելյանը
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս